Նկարչուհի Նունե Աղբալյանը անհատական ցուցահանդեսով ներկայացրեց իր նոր ստեղծագործությունները
Նմանատիպ
Նկարչուհի Նունե Աղբալյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի ավելի քան վաթսուն աշխատանք, որոնք ծնվել են մեկ տարվա ընթացքում: Ատլասի, մետաքսի և կտորի այլ տեսակների վրա Աղբալյանը ստեղծում է վառ գույներով հարուստ ինքնատիպ աշխատանքներ, որոնցում պատկերված են բնությունը, ծաղիկները, մարդիկ և ոգեշնչման աղբյուր դարձած այլ երևույթներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղբալյանի «Painting. Printing» խորագրով ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն ասաց, որ վաղուց է ճանաչում հրաշալի արվեստագետին: «Յուրաքանչյուր ցուցահանդեսով Նունեն նորություն է բերում: Նախկինում պլաստիկան չկար, միայն դեկորատիվ հետաքրքիր լուծումներ էին, իսկ այսօր տեսա, որ նրա գործերը նոր շունչ են ստացել: Այս ստեղծագործությունները հասուն նկարչուհու արվեստի գործեր են»,-ընդգծեց Միրզոյանը:
Նունե Աղբալյանն էլ, որն առաջինն է Հայաստան բերել բատիկի մշակույթը, մեզ հետ զրույցում պատմեց, որ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլի պետական ինստիտուտի կիրառական արվեստի բաժինը: «Ինձ ուղեգիր տվեցին, որ գամ Հայաստան և աշխատեմ որևէ արտադրությունում, որտեղ գործվածքի ձևավորմամբ են զբաղվում: Այդպես էլ արեցին: Արդյունքում գործվածքի վրա նկարչությունն ու գործվածքի ձևավորումն իմ մասնագիտությունը դարձան: Այժմ դասավանդում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում և իմ փորձն եմ փոխանցում ուսանողներին»,-ներկայացրեց նա:
Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նկարչուհին շեշտեց, որ մասնակցել է ավելի քան հարյուր ցուցահանդեսի, իսկ Նկարիչների միությունում հինգերորդ անգամ է ներկայանում: «Պետք է խոստովանեմ, որ ամեն ցուցահանդեսից առաջ մտածում եմ, թե արդյոք կհաջողի՞ այն: Դասախոսներիցս մեկը մի առիթով ասաց, որ, երբ գա մի օր, երբ կհավանեմ բոլոր գործերս, ուրեմն մահացել եմ որպես նկարիչ: Ես միշտ դժգոհ եմ իմ արածից, և ցուցահանդեսը պատրվակ է, որ կողքից տեսնեմ, թե ինչ եմ ստեղծել: Դա ինձ օգնում է կրկին աշխատել ու ավելին անել, իսկ իմ ստեղծագործությունների վառ գույները խոսում են լավատեսության մասին»,-անկեղծացավ նկարչուհին:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև պայուսակներ, շարֆեր և կանացի այլ աքսեսուարներ, որոնք զարդարված են Նունե Աղբալյանի պայծառ ու ոճային նկարներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում