Մշակվել է մշակույթի ոլորտի 2020-23 թթ. ռազմավարություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Panorama.am: «Մեր հիմնական բացթողումը տարիներ շարունակ եղել է այն, որ մշտապես նախարարության վրա դրել ենք նախարարության ուժերից վեր սոցիալական գործառույթներ»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց» թեմայով հարցազրույց-ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նրա խոսքով, հիմա հայտարարել են, որ աստիճանաբար գնալու են ամբողջական մասնագիտացման ճանապարհով, այսինքն մշակութային գործունեությամբ և պետական միջոցներով միջացառումներ կարող են անել և ծրագրեր իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, անձիք:
«Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը սիրողական, նաև սոցիալական աջակցությունից»,- ընդգծեց փոխնախարարը:
Ա. Խզմալյանը նշեց, որ իրենք պետք է նվազագույնս ուղղակիորեն միջամտեն ստեղծագործական պրոցեսներին, նաև հստակ ունենալ չափանշները, թե պետական միջոցներն ինչ միջոցառումների, նախագծերի կարող են ուղղվել: Նա տեղեկացրեց, որ արդեն գրեթե ավարտել են դրամաշնորհային նոր չափանիշների ձևակերպումները, այս տարվանից մրցույթը կլինի այլ ձևաչափով:
Ա. Խզմալյանը նաև հայտնեց, որ մշակել են 2020-23 թթ. ռազմավարությունը, գործողությունների պլանը, շուտով դնելու են մասնագիտական հանրության քննարկմանը: Նա ասաց, որ «Կինոյի մասին» օրենքի նախագծի շուրջ պետք է միջգերատեսչական քննարկումներ տեղի ունենան, քանի որ այն նախատեսում է որոշակի հարկային արտոնություններ, պետք է քննարկեն համապատասխան մարմինների հետ, իսկ մասնագիտական հանրության շրջանում արդեն ճշտել են, թե ինչ խնդիրներ կան: 2020 թվականից սկսելու են աշխատել «Կատարողական արվեստի մասին» օրենքի նախագծի վրա:
Հարցին՝ անցած ամբողջ 30 տարին, կարծում եք, բացթողումների շրջա՞ն է եղել, փոխնախարարը պատասխպանեց. «Կոռեկտ չէի համարի, երբեք թույլ չէի ինձ նման հայտարարություն անել, որ իմ նախորդները ոչինչ չեն արել: Այդպես չէ, իհարկե:
Անկախ նույնիսկ քաղաքական փոփոխություններից, փոխակերպումներից, վաղուց մենք խոսում ենք, որ կյանքը գնում է մի ուղղությամբ, բայց պետական, մշակութային կառույցները մնում են այն տրամաբանության մեջ, ինչ եղել են 30 տարի առաջ: Հեղափոխություն պետք է, այո, նաև մշակույթի ոլորոտում»:
Նա նշեց, որ խնդիր ունեն պետական կառույցների կառավարման մոդելի արդիականացման, այդ կառույցներն իրենց գործունեությամբ տեղեկատվական դաշտում դիրքավորման, մասնագիտական կադրերի վերապատրաստման, խաղացանկային քաղաքականության առումով:
Արա Խզմալյանի խոսքով, մշակույթի մեջ հեղափոխությունը չի կարող վերաբերալ միայն պետական գերատեսչությանը, մշակույթի մեջ հեղափոխությունը սկիզբ է առնում ստեղծագործողների մտածողության հեղափոխությունից, մշակույթի հեղափոխության առաջին պատասխանատուները բուն ստեղծագործողություններն են, ոչ թե պետական գերատեսչությունը:
«Մշակույթում հեղափոխություն ասելով հասկանում ենք նոր ֆորմաների, գեղարվեստական նոր լեզվի, հանդիսատեսի հետ հարաբերվելու նոր եղանակների բացահայտում»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, նրա խոսքով, իհարկե, գնալով ավելի են ազատականացնում ոլորտը. «Պետական վերահսկողությունը, անհարկի միջամտություններն ազատ ստեղծագործական պրոցեսներին, վարչական լծակների կիրառումը տնօրենների, ոլորտի պատասխանատուների, այլևս չկա: Մենք հայտարարում ենք, որ ստեղծագործական դաշտը պետք է լինի ազատ, ուղղակի միջամտություններ ստեղծագործողի աշխատանքին չպետք է լինի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում