Լոռվա բնաշխարհն իր վառ գույներով ներկայացվեց Հանրի Ներսիսյանի լուսանկարչական աշխատանքներում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումանյանի բնաշխարհն այսօր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսում Հովհաննես Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի թոռը՝ 83-ամյա մաթեմատիկոս, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը ներկայացրեց սիրելի Լոռվա բնության ամենատարբեր պատկերները՝ տարվա բոլոր եղանակներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին, բացվեց նոյեմբերի 29-ին գրողի թանգարանում:
Ներկայացված են գործեր, որոնցից շատերը վերնագրված են Թումանյանի տողերով: Ընդգրկվել են նաև «Քոբայրի վանք», «Ձմեռը Ծաթերում», «Չկալով գյուղը», «Անուշի քարափը», «Խաչքար սբ. Գրիգորի վանքում» և այլ վերտառություններով լուսանկարներ:
«Հանրի Ներսիսյանն անմիջականորեն կապված է Թումանյանի հետ, և որևէ մեկը չէր կարող այն աչքերով նայել Լոռիին, ինչպես այդ բնության յուրաքանչյուր թուփը, քարը, լեռը ճանաչող մարդը: Մենք եղել ենք Լոռիում, վայելել ենք այն, բայց շատ գեղեցիկ անկյուններ չէինք տեսնի, եթե չլիներ այս ցուցահանդեսը»,-նշեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Նա շեշտեց, որ ցուցահանդեսի հիմքում «Թռիչք» լուսանկարն է, որը չափազանց հետաքրքիր աշխատանք է: «Համադրող Տաթև Մնացականյանը, որը ոլորտի գիտակ է, պարզապես «խենթացավ», երբ տեսավ այս լուսանկարները: Նա ասաց, որ համաշխարհային հայտնի լուսանկարիչներ երանի կտային հավաքածուում նման աշխատանք ունենալու համար»,-պատմեց Եղիազարյանը:
Մեզ հետ զրույցում Հանրի Ներսիսյանն ասաց, որ մեծացել է Դսեղում, և այս ամենը մշտապես իր աչքի առաջ է եղել: «Սա իմ երրորդ ցուցահանդեսն է: Առաջինը Թումանյանի 140-ամյակին էր նվիրված, երկրորդը`145-ամյակին և հիմա`150-ամյակին: Ավելի քան վաթսուն լուսանկարում փորձել եմ փոխանցել Լոռվա բնաշխարհը, որը շատ եմ սիրում»,-ասաց հեղինակը:
Նա խոստովանեց, որ շատ է սիրում լուսանկարել, չնայած այն ուղղակի նախասիրություն է:
Անդրադառնալով Թումանյանի հոբելյանական տարվան` Ներսիսյանն ընդգծեց, որ և’ Թումանյանի, և’ Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու նպատակով աշխատանք տարվել է, բայց դա պետք է անել ոչ միայն հոբելյանների առթիվ, այլև միշտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում