Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը

Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ՝ դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց գրականության ցուցադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացվեցին միության տարբեր տարիների նախագահների`Նաիրի Զարյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Պետրոսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Ռազմիկ Դավոյանի, Հրանտ Մաթևոսյանի, Էդվարդ Միլիտոնյանի և այլոց ստեղծագործությունները:

«Այս ցուցահանդեսն Ազգային գրադարանում է, քանի որ ի վերջո գրողները ստեղծում են գրքեր, որոնք մարդիկ կարդում են նաև գրադարաններում: Արվեստասերները տեսնում են, թե ինչ են տպագրել գրողները, ինչ հետաքրքիր ստեղծագործություններ են ներկայացրել: Հետաքրքիր է հիշել, թե ովքեր են ղեկավարել Գրողների միությունը, ղեկավարության տարիներին ինչ գրականություն են ստեղծել»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանն էլ ասաց, որ չէին կարող չանդրադառնալ ժամանակին շատ կարևոր դեր կատարած կառույցի հոբելյանին: «Որոշեցինք յուրահատուկ մոտեցմամբ շնորհավորել միության 85-ամյակը` ներկայացնելով կառույցի նախագահներին և նրանց նախագահության ընթացքում ստեղծած գրականությունը: Միությունը բարդ հաստատություն է, և հետաքրքիր է, թե ինչ են գրել, ինչ թեմաներ են շոշափել գրողները, երբ ղեկավարել են այն»,-ընդգծեց տնօրենը:

Խոսելով անկախության շրջանում ստեղծված գրականության մասին` Սարիբեկյանը շեշտեց, որ այն կայացման դժվար փուլ է անցել և դեռ վերջնականապես չի հաղթահարել այդ փուլը: «Գրականությունն արժևորման կարիք ունի, և այդ ուղղությամբ իսկապես աշխատանք տարվել է. ատենախոսություններ են գրվել: Այլ բան, որ դրանք գուցե առանձին գրքերով չեն հրապարակվել: Դեռ շատ ավելի ժամանակ է հարկավոր այդ գրականությունն ավելի ճիշտ ու օբյեկտիվ գնահատելու համար», – եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում