Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի
Նմանատիպ
Panorama.am-ը զրուցել է Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի ու առաջիկա ծրագրերի, վարվող մշակութային քաղաքականության մասին:
Panorama.am-Հիմա ի՞նչ նախագծի վրա եք աշխատում:
Դ. Սահակյանց-Տվյալ պահին փորձում ենք մեր եղած ռեսուրսներն օգտագործելով՝ ավարտենք «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմը:
Panorama.am-Ֆիլմի վրա աշխատանքները սկսել ենք 2015 թվականից, այս տարիներին ունեցել ենք պետական ֆինանսավորում: Ինչո՞ւ մինչև հիմա չեք ավարտել մուլտֆիլմի նկարահանումները: 4 տարում ֆիլմի համար ինչքա՞ն գումար է տրամադրել մշակույթի նախարարությունը:
Դ. Սահակյանց– Ցանկացած լիամետրաժ մուլտֆիլմ ստեղծելը բավականին թանկ հաճույք է: Եթե ամբողջ աշխարհում շատ մեծ բյուջեներ են նախատեսվում նման պրոկետների համար, հաշվի առնելով Հայաստանում տիրող ֆինանսական վիճակը, բնականաբար, չէինք կարող ունենալ միանգամից այդ գումարը ու մեկ-երկու տարում ավարտել: Ստիպված եղանք ինչպես «Անահիտ» մուլտֆիլմի դեպքում, ֆիլմի ստեղծման պրոցեսը բաշխել տարիներին: «Անահիտի» փորձը հաշվի առնելով՝ հասկացանք, որ հինգ տարին մեր պայմաններում ամենաօպտիմալ տարբերակն է, որ կարող ենք հասցնել ավարտին: «Անահիտի» վրա էլ ենք աշխատել հինգ տարի, մինչ այդ՝ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը 9-10 տարում ենք ավարտել: Եթե ֆինանսները շատ են լինում, ֆիլմն ավելի արագ ենք ավարտում: Չորս տարի մշակույթի նախարարությունը ֆինանսավորման մի մասն ապահովում էր, այս տարի, մեզ ոչ հայտնի պատճառներով, չհասկացանք, թե ինչու, այս տարի ֆինանսավորում նախարարությունից չստացանք:
Գումարը բաշխված էր 5 տարվա մեջ: Ընդհանուր բյուջեն 250 միլիոն դրամ էր կազմում, տարեկան 50 միլիոն պետք է լիներ, չնայած անցած տարի 40 միլիոն էր տրվել:
Անիմացիան կինոինդուստրայում ամենաթանկ է: Աշխարհում ցանկացած 70 րոպեանոց մուլտֆիլմ, որ ստեղծում է, 4 միլիոն դոլարից է սկսվում ֆինանսավորում:
Panorama.am-Ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել ֆինանսավորումը:
Դ. Սահակյանց-Ինչ-որ կարգեր են փոխվել և այլն, և այլն: Այդ ամեն ինչը բերեց նրան, որ չորս տարի ֆինանսավորումից հետո վերջին տարին չեղավ: Այս ամիս պետք է պրեմիերան լիներ: Եթե ֆինանսավորում լիներ, բնականաբար, ֆիլմն արդեն կլիներ: Հիմա մեր միջոցներով եք փորձում ավարտին հասցնել:
Բոլոր պարտականությունները, որոնք ունեինք մշակույթի նախարարության և պետության հանդեպ, բոլորը կատարել ենք, մեր կատարած աշխատանքը, ներկայացվել է, ընդունվել է, մեր հաշվետվությունները ներկայացրել ենք, ընդունվել է: Նոյեմբերին նամակ ենք ստացել, որի համաձայն՝ մեր ողջ աշխատանքը, որ պարտավորված էինք նախարարության նկատմամբ, կատարված է:
Քանի որ չկա հստակ պատասխան, թե ինչու չի ֆինանսավորվում ֆիլմը, ես էլ ոչ մի պատճառ չունեմ, ստիպված եմ տարբեր եզրակացությունների գալ: Իսկապես չգիտեմ, միգուցե, կարգը փոխվել է կամ ավելի կարևոր պրոեկտներ ունեն, օրինակ, «Մել» ֆիլմը: Կարող է այլ նպատակներ ունեն, նպատակահարմար չեն գտնում այդ ֆիլմն աջակցել:
Ֆիլմի սյուժեն կապ չունի որևէ քաղաքական կոնտեքստի հետ, մեր ինտերպրետացիան է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օպիմպիական խաղերին մասնակցության և հաղթանակի վերաբերյալ: Ընդամենն անիմացիոն մուլտֆիլմ է: Ընդ որում, չեմ կարծում, որ սցենարի հետ էլ ծանոթ են եղել, գրվել է 2014 թվականին Վարդան Զադոայնի հետ միասին: Հինգ տարի առաջ գրված սցենարի հիման վրա է արվում մուլտֆիլմը:
Ես ազատ ստեղծագործող եմ: Այս ֆիլմը չֆինանսավորելը ցույց է տալիս, որ, ըստ երևույթին, որոշում կա այս ֆիլմին այլևս աջակցություն չտրամարդել: Սա, կարծում եմ, ինքն իրենով գրաքննության ֆորմաներից մեկն է:
Panorama.am-Ե՞րբ պատաստ կլինի մուլտֆիլմը:
Դ. Սահակյանց– Չենք կարող կանխատեսել, թե մեր ուժերով երբ կավարտենք ֆիլմը:
Ֆիլմի վրա 20 նկարիչ է աշխատում, եթե հնարավորություն չունեցանք նկարիչներին պահել, պրոցեսն ավելի կդանդաղի:
Panorama.am-Պարոն Սահակյանց, այսօր խոսվում է պետության կողմից ստեղծագործական պրոցեսներին նվազագույն միջամտության մասին, ի՞նչ կտա այդ ազատականացումը:
Դ. Սահակյանց– Եթե կա պետական գաղափարախոսություն, դրանից հետո պետական աջակցություն, պետությունը պետք է ունենա ստրատեգիա մշակույթի մեջ, ինչ-որ գիծ ընտրի ու այդ գծով շարժվի առաջ: Ցանկալի է, որ դա լինի ազգային ուղղվածությամբ:
Մեր ազգային մշակույթը պարտադիր է պահել, պետական ֆունկցիաներից մեկն էլ պետք է դա լինի: Եթե չի աջակցում նման պրոեկտներին, տալիս է ազատություն, դրանով կարող է վնասվել ազգային մշակույթը, ազգային դպրոցներ: Այդ դեպքում համարում եմ, որ պետությունը պետք է հսկի, թե ինչ է նկարահանվում պետական գումարներով:
Պետբյուջեից, մեր բոլորիս վճարած հարկերից ինչը ֆինանսավորվում է, պետք է ուղղվածություն ունենա: Եթե նախարարը հայտարարում է, որ սրանից հետո սատանիզմի հիմքի վրա համերգների արգելքներ չի լինելու, ես որպես հարկատու դեմ եմ, որ իմ գումարները տրամադրվեն, օրինակ, սատանիստական համերգներին: Սա առհասարակ մոտեցում չէ մշակույթին: Ազատությունն ինքն այլ ձև լինի: Պետությունը պետք է ունենա մշակույթի վերաբեյալ ստրատեգիա ու շատ խիստ այն պահպանի, պետք է ստեղծվեն այնպիսի աշխատանքներ, որոնք մնայուն կլինեն ողջ հայկական մշակույթի համար: Ամեն դեպքում մշակույթի նախարարությունը պետք է ունենա կոնկրետ ուղղվածություն: Եթե այնտեղ պետք է լինի ցենզուրա, ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի, որովհետև պետական գումարներով նկարել ցանկացած բան, որը որ մտքվդ անցնում է, դա արդեն ազատություն չէ, այլ անարխիա:
Panorama.am -Արդեն ծրագրե՞լ եք, թե հաջորդ մուլտֆիլմն ինչի մասին է լինելու:
Դ.Սահակյանց-Ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այս ֆիլմն ավարտելու վրա, հետո ժամանակը ցույց կտա, թե ինչի առջև կանգնած կլինենք: Պրոեկտներ շատ ունենք թղթերի վրա, ունենք գաղափարներ, սակայն այս էտապում վաղ է խոսելը: Այս ֆիլմն ավարտենք, հետո կտեսնենք:
Panorama.am -Շնորհակալություն զրույցի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում