Վահան Տերյան․ Մենության խավար զնդանից կրկին

Վահան Տերյան․ Մենության խավար զնդանից կրկին

1
Մենnւթյան խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր և հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին․ ․ ․

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց մի պայծառ կարոտ, –
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ և խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացին, երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք՝ թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճըչամ՝ եղբայրներ, ելե՛ք․ ․ ․

1910
«Ոսկե շղթա» ժողովածուից

Հետևեք մեզ նաև Telegram-ում