Սոնա Վան․ Ադամի արարումը

Սոնա Վան․ Ադամի արարումը

(կամ խնդրանք Միքելանջելոյի ֆրեսկոյի մոտ)

Արարիչ-Հայր
ես Քեզ գտա
առաջին իսկ պատահած ամպի տակ
շրջեցի և ահա` Դու՛
թող սա կոչվի սկսնակի բախտ
դեմ չեմ
և
ինչպես հիմար մարդը
նույնանուն հեքիաթի մեջ
գնացի Քեզ որոնելու
մեկ ուրի՜շ տեղ

գիտեմ` չես հայտնվելու այլևս
անծիր կապույտի մեջ
հենց ի՛նձ պարզված
մատովդ այն կնամեծար
(ծանոթ է վերջաբանն ինձ հիմար մարդու)

ես հիմա քայլում եմ սարսափով
ու ամեն պահ
սպասում գայլին քաղցած
ամենակուլ

«վախիս» հետ իհա՜րկե հանդիպում եմ
սակայն` երազումս
կամ թերապիայիս ժամերին
շաբաթը մեկ
երբ տաք թեյը ձեռքիս
ծալապատիկ
ապահով հենված եմ թիկնակին
բարձերի մեջ

այլապես աղոթում եմ`
որ էլ չգաս

Հետևեք մեզ նաև Telegram-ում