Վահագն Մուղնեցյան․ Աղոթք

Վահագն Մուղնեցյան․ Աղոթք

Տեր, գոհացրու վերջին պահին
Իմ անունը հիշողներին,
Իմ անհանգիստ Հոգու հևքին
Հանգստություն մաղթողներին.

Նրանց, ովքեր
Իմ չգործած մեղքի համար
Ինձ ներեցին,
Ինձ,- անընտել վարքիս համար,-
Հերքեցին ու հերյուրեցին,

Գոհացրու, Տեր,
Սխալներս նորոգելով հրճվողներին,
Անկումներիս տագնապները
Ճաշակելով պղծողներին,

Իմ տան դրսում
Ինձնից երես թեքողներին,
Ինձ,- աղքատիկ կյանքիս համար,-
Բաց ու թաքուն լքողներին,

Իմ տան ներսում,- իրենց մտքում,-
Ինձ ամոթանք տվողներին`
Արևիս տակ անբանիբուն
Տաքանալով սառչողներին…

Տեր, գոհացրու վերջին պահին
Մահիս կյանքով հաղթողներին
Եվ այդ վերջի գրկում անգամ
Հոգուս ձեռքից կառչողներին:

* * *

Ճախրիկ մենավոր
Երբ գլխի ընկա`
Ով եմ իսկապես,-
Որ վերջալույսն ու առավոտը ճոխ
Իմ տան ստվերում չեմ տարբերակում,
Որ հոգուս ներսում որոնում եմ ինձ
Ու չեմ հստակվում,-
Մի քիչ զարմացա,
Մի քիչ տրտմեցի,
Ցավի հետ մեկտեղ`
Թոշնեցի մի քիչ…

Լավ է` գիտեի,
Թե ով եմ այնտեղ`
Իմ հոգու դրսում,
Միայն այնտեղ եմ ինքս ինձ տեսնում,
Զանազանում ու ամենքից զատում,
Գիտեի հստակ`
Ով է հանապազ
Իմ վարքը հսկում,
Իմ բախտի ծառի բարունակները,-
Կարեկցանքի ու խանդաղատանքի
Ողջագուրումով,- շտկում ճարահատ:

Ես ինձ չեմ խաբում.
Ներսում գայթում եմ,
Ներսում` խարխափում,
Օտար մեղքեր են
Իմ գլխին բարդում…
Դատարկվում եմ ես`
Պարպվում ցմրուր,
Եվ իմ հատակն եմ
Պարզորոշ տեսնում:

* * *
Գլխի եմ ընկնում, ահա, վերջապես,-
Դրսում ու ներսում նույն մարդը չեմ ես,-
Ներսում վհատ եմ` անկիրք ալևոր,
Դրսում` սիգաթև ճախրիկ մենավոր:

Ճողփյուններ

Ահա, հայացքս այնտեղ է արդեն`
Երկինքներից դուրս այն մի երկնքում,
Որտեղ ամեն օր` հետմիջօրեին,
Տեսնում եմ նրան` մեծ Հայեցողին,-
Իմ մոտենալով` հեռանում է Նա,-
Եվ ի զորու չէ հոգին իմ գունատ
Հետևել նրա գունավառքային
Փոփոխումներին:

Հայացքիս միջով սահում եմ վեր,-
Քշվում եմ լուռ և կամ տարուբերվում,
Ապա, ճախրեճախրիկ,
մեղեդային հևքով
Սավառնում եմ փութով
բարձունքները դեպի,
Որտեղ ծաղկազարդ է ծառը
անուրջներիս,
Որի սաղարթաճոխ
հրճվանքների ճոճքում
Թաքնվում են համբույրներն իմ
պատանության`
Բողբոջները, որ այդպես էլ ցածում փակ
մնացին:

Այնպե՜ս եմ ուզում մոտենալ Նրան,
Բայց իմ ընթացքն է դժվար –
ծանրանում,
Երբ հայտնվում եմ հոգևոր մահի
Որդեգիրների ապաստարանում:

Եվ կրկնվում է,
Ինչպես ամեն օր` հետմիջօրեին.
Աղջամուղջի մութ մատներն են ձգվում,-
Իմ սև ստվերն են իրենց հետ բերում,-
Որ պարփակեն իմ հայացքի հեռուն,
Եվ լուսե հոգու իմ երակներից
Կառչելով քաշեն – տանեն դեպի ցած`
Դեպի հովիտը մղձավանջասեր
անորոշության…

Հավաքելով անկարեկից թևերը իր`
Լռությունն է ամբողջանում որպես
դադար,
Որի խորքում խտանում է ու գոհանում
Ինքն իրենով խրախուսվող
մեծ մի անկում.
Վայրէջքելու սարսուռներից
Իմ հայացքն է նվաստանում,
Որ շփոթվել – խճճվել էր
Անուրջներիս սաղարթներում:

Դեղին շրշյուն
Անտեղյակ թող մնամ իմ ցավին
իրական,
Երազի հագուստով թող նինջս վայելեմ,
Եվ կյանքի դիցուհու տեսիլը թող շրշա,
Արթնանամ` լորենու բուրմունքը
համբուրեմ:

Դեղնել են, բարակել
շավիղներն իմ կյանքի`
Կհալվեն – կփարվեն ամայքին այս
աշնան,
Երբ վերջին մի ստվեր իմ դուռը կթակի`
Ինձ ուրախ կժպտա
սուրհանդակը մահվան:

Բարեգութ գտնվիր, սուրհանդակ,
այս անգամ,
Վերջին նինջս ապրեմ
պարտեզում երկրային,
Հետո մեծ գոհությամբ դեպի քեզ
կդառնամ`
Դեպի վե՜ր – կձուլվենք
Աստղակաթ հեքիաթին:

Երեք ուղեկից
Գաղտնիքն ապրում է հենց
այսօրվա մեջ,
Երբ որ Աշխարհի ստվերից անջատ,
Պոկված շքերթից աստղահանդեսի`
Ինձ է մոտենում մի բազմագունակ
Լուսե շառավիղ:

– Գտիր քո Գույնը,- ասում է հենց Նա,
Ով պետք է ասեր:

Զանգակատունն է արթնացել ծեգին,-
Տես, սթափվել է գմբեթն ալևոր,-
Եվ ղողանջները տաճարի ներսում
Բուրվառում են… Կյանք:

– Գտիր քո Ձայնը,- ասում է հենց Նա,
Ով պետք է ասեր:

Օ՜, ի՜նչ գույներ են շիկնում
Տաճարի ձեղունների տակ,
Օ՜, ի՜նչ աղերսներ ունեն ձայները
Օրհնաբանական, որ միահավան
Ողբում են… Հավատ:

– Գտիր Մեղեդին, որը ապրում է
Գունաձայնության ներդաշնության մեջ,-
Ասում է հենց Նա, Ով պետք է ասեր:

Որչա՜փ անուշ է հնչում մեղեդին`
Սուզվում կապտաշող երանգների մեջ,
Խաղում ձայնաթև ալյակների հետ,
Մեկ ոստնելով վեր, մեկ սահելով վար`
Աչքը` երկնալուր գմբեթին պայծառ,
Շրթին` լուսածոր – առինքնող բարբառ`
Որպես դյութանքը քանդող բանալի,
Բացում է դուռը պերճ հոգիների
Խաղաղապարգև  փափուկ աշխարհի
Եվ մեղեդախոս գոհունակությամբ
Ներբողում է… Մահ:

– Գտար վերջապես,- երևութանում`
Ասում է հենց Նա, Ով պետք է ասեր:

Ասում է հենց Նա, Ով ետ է սանրել
Վարագույրները ամպե շղարշի
Եվ նայում է ինձ հոգեաշխարհի
Բաց պատուհանից,
Ով իր Ընծան է ուղղորդում դեպ ինձ
Երկնային ծովի շնորհապարգև
Կապույտ հնձանից`
Երեք ուղեկից.
Կյանք, Հավատ և Մահ:

Փախուստ

Չգիտեմ, իսկապես, ում բախտը կբերի.
Ով ընտրեց մաքառման
դժվարին այս ուղի՞ն,
Թե՞ նրա, ով գնաց`
ինքն իրեն հանձնելով
Ապահով նոր մի կյանք
գտնելու հրճվանքին:

Ընթա՞ցք է, թե՞ փախուստ,
իրենք էլ չգիտեն,
Միայն թե հեռանան –
վերանան տագնապից,-
Խտացող տագնապից`
անորոշ ու վայրի,-
Դեպի դուրս,
դեպ հեռուն հայրենի եզերքից:

Եվ հոգ չէ, թե հեռվում ինչ դռներ կթակեն,
Ինչ գնով կծախեն թանկ
պատիվը իրենց.
Հեռանալ, ինչ գնով ուզում է թող լինի,
Մոռանալ`
փակուղում մնալով անհասցե:

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում