«Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»

«Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»

Քաջությունը նախ և առաջ ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ուժի արտահայտություն է, որն անհրաժեշտ է մեղքի դեմ պայքարի, բարու մեջ կատարելագործվելու համար: Օգոստինոս Երանելին քաջությունը զուր չի համարել առաքինություն: Նա գրում է, որ քաջությունը սեր է՝ պատրաստ հանուն Աստծո ամեն ինչի համբերելու: Եկեղեցու հայրերը երկու տիպի քաջություն են տարբերակում՝ քաջություն պատերազմական սխրանքներում և քաջություն առօրյա ջանքերում, այսինքն՝ այլ մարդկանց հետ հարաբերություններում և ինքդ քո նկատմամբ: Մարդկային փոխհարաբերություններում քաջությունն արդարությունը վերականգնելու վճռականություն է, որը կարող է արտահայտվել ինչպես հայրենիքի հանդեպ սիրո, այնպես էլ հասարակական ծառայության մեջ: Մարդը քաջ է ինքն իր հանդեպ, եթե բարոյական ամուր հոգի ունի, ինքնատիրապետման բարձրագույն աստիճան: Իրականում նա է քաջ, ով կարողանում է ինքն իրեն հաղթահարել, այսինքն՝ հին մարդուն՝ իր կրքերով և մեղքերով, ով կարողանում է զսպել իր բարկությունը, դժբախտության մեջ չվշտանալ, երջանկության մեջ չհպարտանալ, չշփոթվել տարբեր դժվարություններից և իրադարձությունների փոփոխականությունից:

«Ամբարիշտը փախչում է առանց որևէ մեկից հալածված լինելու, բայց արդարը քաջ է առյուծի պես», – ասում է առակագիրը (Առակ. 28:1): Սրբերը զենքով և ուժով չէ, որ հաղթանակում էին, այլ իրենց առաքինություններով: Պողոս առաքյալը, դատավորների և մարգարեների օրինակը նշելով, ասում է, որ իրենք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծո խոստումներին: Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից: Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները (Եբր. 11:33-34):

Քաջության առաքինությանը հակադիր են վախը, խառնաշփոթը, որոնք շատ անգամ կարող են հավատավոր մարդու կյանքում էլ տեղ գտնել: Եկեղեցու հայրերը, որոնց փորձն անգին է Եկեղեցու համար, շատ հաճախ վախին անդրադառնալով, նշել են, որ այս «հիվանդությունը» համարվում է մարդու անկյալ բնության մի մասը և որի դեղամիջոցը քաջությունն է: «Ով վախենում է մարդկանցից, նա Աստծուց չի երկյուղում, իսկ ով երկյուղ ունի Աստծո հանդեպ, նա ոչ ոքից չի վախենում», – ասել է Ս. Բարսեղ Մեծը: Մարդկանցից շատերն այսօր ապագայի հանդեպ վախ ունենալով՝ մոռանում են, որ թե՛ իրենց անցյալը, թե՛ ներկան և թե՛ ապագան Աստծո ձեռքում է: Ըստ էության՝ մարդը, վախի մեջ ապրելով, մարտահրավեր է նետում աստվածային նախախնամության դեմ ՝ չվստահելով Նրան: Իսկ քրիստոնյայի համար հստակ է, որ առանց Աստծո կամքի իր գլխից մի մազ անգամ չի կարող ընկնել: Ս. Գրքում ասված է, որ Աստված մարդուն իր ուժերից վեր փորձության չի ենթարկում, «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղմ. 55:11): «Ով Աստծուն է ծառայում, նա միայն Աստծուց է երկյուղում, իսկ ում մեջ բացակայում է Աստծո երկյուղը, նա շատ անգամ իր ստվերից էլ է վախենում»,- ասել է Ս. Հովհաննես Սանդուղքը:

Ս. Եփրեմ Ասորին քաջության մասին ասել է. «Բարեհոգի անձը, ով վտանգների մեջ քաջություն է դրսևորում, եթե անգամ մահանա, կմահանա քաջարի, իսկ եթե կենդանի մնա, կփառավորվի: Ուստի, եթե մահն է քաջարի և կյանքը փառաբանված, ապա քաջարին որքան օգուտներ է ձեռք բերում՝ ի տարբերություն նրա, ով փոքրոգի է և թուլակամ և ով կրկնակի չարիքների է արժանանում, քանի որ և՛ նրա մահն է անարգ, և՛ նրա կյանքն անփառունակ»: Սուրբ Գրքի Հայտնության գրքում գրված է՝ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների և բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծումբով այրվող լիճն է, որ երկրորդ մահն է (Հայտ. 21:8):

Հատկապես մահվան ժամին է անհրաժեշտ հավատքի մեջ քաջ լինել ՝ հուսալով Տիրոջ ողորմությանը: Քրիստոնյան պետք է մշտապես գիտակցի, որ Աստված Նա է, Ում համար ասված է. «Նրանով է, որ ապրում ենք, շարժվում ենք և կանք» (Գործք Առաք. 17:28), իսկ առանց Աստծո կյանքը դժոխք է, որ կարող է սկսվել այս կյանքից և շարունակվել ապագայում: Ինչպե՞ս էին սրբերը կարողանում հաղթահարել մահվան հանդեպ վախն ու տագնապը: Օրինակ Ս. Բարսեղ Մեծի համար հալածանքի սպառնալիքը որևէ նշանակություն չուներ. «Նա չի կորցնում ունեցվածքը, ով ոչինչ չունի, հնամաշ հագուստն ու մի քանի գրքերն են կազմում իմ ամբողջ հարստությունը: Ինձ համար չկա աքսոր, որովհետև ես կապված չեմ ոչ մի վայրի հետ, քանի որ այն տեղը, ուր ես ապրում եմ այժմ, իմը չէ: Եվ ուր էլ, որ ինձ կուղարկեն, իմը կլինի: Իսկ չարչարա՞նքը, ի՞նչ կարող են ինձ անել: Ես այնքան թույլ եմ, որ առաջին իսկ հարվածը զգալի կլինի: Մահն ինձ համար բարերարություն է, այն ինձ արագ կտանի Աստծո մոտ, Ում համար ապրում եմ, ջանք թափում և Ում վաղուց ձգտում»: Հայտնի է նաև Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպ. 1:21):

Կա մի կարևոր տեսակետ, որին պետք է ուշադրություն դարձնել: Ոմանց թվում է, թե քաջությունը բացառում է խոնարհությունը, բայց դա քաջության մասին կեղծ պատկերացում է: Ինչպես հայտնի է. «Աստված հակառակ է ամբարտավաններին, մինչ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետրոս 5:5): Իրական քաջությունն անհնար է առանց խոնարհության: «Մեջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզոր, քո վայելչությամբ ու գեղեցկությամբ: Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր և թագավորի՛ր հանուն ճշմարտության, հեզության և արդարության, և քո աջը թող սքանչելապես առաջնորդի քեզ» (Սաղմ. 44:4-5): Այստեղ նկարագրվում է զինվորը՝ գոտևորված սրով, ով հանուն ճշմարտության և խոնարհության հերոսական սխրանք է գործում: Քրիստոնյայի ուղին մի ուղի է, որով մարդն ընթանում է քաջաբար, և որը նրան թույլ չի տալիս ընկնել հուսահատության մեջ, ինչպես ասված է՝ Նա կենդանացրեց ինձ, հանուն Իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով: Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն (Սաղմ. 22:4-8):

«Հոգևոր կյանքով ապրողը, անգամ փոքրոգի և վախկոտ մարդը կարող է քաջ դառնալ, եթե իրեն ամբողջությամբ հանձնի Քրիստոսին: Նա կարող է անգամ պատերազմի գնալ և հաղթանակել: Աստծուն մերձ գտնվողը ուժ է առնում Նրանից: Պետք է երկյուղել Աստծուց և չվախենալ մարդկանցից, որքան էլ նրանք վատը լինեն: Աստծո երկյուղը ձեռք բերելով՝ անգամ ոչ քաջարի մարդը կարող է քաջ դառնալ: Ինչ չափով, որ մարդը մոտենում է Աստծուն, նույն չափով էլ դադարում է ինչ-որ բանից վախենալուց, քանի որ դժվարին իրավիճակներում իր հույսն Աստված է: Որքան շատ է մարդը վախենում, այնքան թշնամին նրան ավելի է փորձում, այդ պատճառով պետք է հեռու վանել վախը», – ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:

Հավատը քաջություն է հաղորդում մարդուն, ինչի շնորհիվ մարդն ամբողջովին հանձնվում է աստվածային նախախնամությանը, այն հույսով, որ Տերն իր հետ է և որ պահպանելու է իրեն ողջ կյանքի ընթացքում: Սաղմոսերգուի խնդրանքն էր Տիրոջը. «Մինչև իմ ալևորությունն ու ծերությունը ինձ մի՛ լքիր, Աստվա՛ծ իմ, մինչև որ գալիք սերունդներին պատմվի ուժը Քո բազկի: Քո զորությունն ու արդարությունը հասնում են մինչև բարձունքները» (Սաղմ. 70:18): Քաջությունը հոգու ուժն է, որ պետք է մարդն ունենա, որպեսզի հասնի վերջնական նպատակին՝ Երկնային Արքայությանը: «Քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին», – ասում է Քրիստոս Իր հետևորդներին (Հովհ. 16:33):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում