Արձանագրված է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից և ընդունակ ամեն ինչի․ Նարեկ Մալյան

Արձանագրված է՝ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից և ընդունակ ամեն ինչի․ Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «ՎԵՏՕ» շարժումը վաղուց միացել է այս նախաձեռնությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, որը նույնպես եկել էր Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի դիմաց, բերման ենթարկվածներին աջակցելու համար։

Նա նշեց, որ շատ ակտիվ չեն մասնակցել, որպեսզի զերծ մնան ավելորդ քաղաքական շահարկումներից։ «Սա երիտասարդների պայքարն է, օրակարգն իրենցն է։ Այսօր շատ կարևոր արձանագրումներ եղան»,- ասաց նա։

Մալյանը նշեց,որ առաջին արձանագրումն այն էր, որ իշխանության հենարանն այլևս ժողովուրդը չէ։ Նա նաև պաշտոնապես հայտարարեց, որ նույնիսկ ապրիլյան ցույցերին այս քանակի ոստիկանանական ուժեր չեն կիրառվել։

«Ինձ համար անհասկանալի էր այդքան մեծ ոստիկանական ուժերի ներգրավվածությունը։ Հաջորդ արձանագրումն այն է, որ ԿԳՄՍ նախարարը կառչած է իր աթոռից, և ամեն ինչի ընդունակ է, միայն թե այդ աթոռից նրան չբաժանեն, նույնիսկ երիտասարդ աղջիկներին փողոցով քարշ տալ․ վստահ եմ՝ շատ ավել բաների են պատրաստ»,– նշեց Մալյանը։

Մալյանի խոսքով՝ սորոսական իրավապաշտպաններն այս դեպքում քար լռություն պահպանեցին։ «Արձանագրվեց, որ այսօր իրվապաշտպանները մեռած են, գոյություն չունեն»,- ասաց նա և հավելեց, որ նրանք միայն իրենց շահի համար են արձագանքում։

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում