Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում
Նմանատիպ
Առաքինի վարքի շատ օրինակներ կան Գրքերում. որը որ կամենում ես, պատկերի՛ր քո հոգում, այնպես, ինչպես որ վարդապետի օրինակով անում է նրա աշակերտը: Քանի որ մեկը ոչինչ չունենալով՝ լուսավորվեց, իսկ մյուսն՝ ունեցվածքով. ինչպես Եղիան՝ ոչինչ չունենալով, և Աբրահամը՝ հարստությամբ. որը պատշաճում է քեզ և թեթև է քեզ համար, դրանո՛վ առաջնորդվիր: Դարձյալ մեկն՝ ամուսնությամբ, իսկ մյուսը՝ կուսությամբ. Աբրահամն՝ ամուսնությամբ, իսկ Եղիան՝ կուսությամբ: Դու ևս գնա ա՛յն ճանապարհով, որով կամենում ես. երկուսն էլ քեզ դեպի Երկինք են տանում: Դարձյալ մեկը՝ պահքով, և մյուսը՝ առանց պահեցողության: Հովհաննես Մկրտիչը՝ պահքով, իսկ Հոբը՝ իր կնոջ, տան, որդիների և դստրերի մասին հոգ տանելով ու մեծ հարստության տեր լինելով: Հովհաննեսը, սակայն, ոչինչ չուներ ՝ բացի ուղտի մազից պատրաստված զգեստից, էլ չեմ խոսում տան, հարստության և ունեցվածքի մասին:
Եվ արդյո՞ք որևէ մեկն ի զորու է իր իսկ թագավորության օրոք առաքինությամբ զգեստավորել սեփական անձը: Շինականների տներից առավել առատ ու մեծաբավ են թագավորների ապարանքները, սակայն Դավիթը լուսավորվեց ի՛ր իսկ թագավորության օրոք, և ծիրանին ու թագը չխամրեցրին նրա պայծառությունը: Իսկ Մովսեսն էլ վերակացություն սահմանեց բազմամբոխ բանակը կառավարելու համար, և նրա մասին պիտի ասեմ, որ սաստիկ դժվարությամբ էր իշխանավարում: Տեսա՞ր հարուստներ և առաքինիներ, տեսա՞ր աղքատներ ու նահատակներ և՛ ամուսնության, և՛ կուսության ժամանակ, տեսա՞ր նաև նրանց հակապատկերները՝ կորուսյալներ և՛ ամուսնության, և՛ կուսության, և՛ հարստության, և՛ աղքատության մեջ: Մարդկանցից շատերը կորստյան մատնվեցին ամուսնացած լինելով, ինչպես օրինակ Սամսոնը, սակայն ո՛չ թե ամուսնության, այլ իր իսկ կամքի պատճառով: Նաև կուսությամբ ապրողները (ինչպես օրինակ հինգ կույսերը), ունևորները (օրինակ՝ այն մեծահարուստը, որն արհամարհում էր Ղազարոսին), աղքատության մեջ ապրողները (ինչպես այսօր իսկ շատերը): Որպես կորուսյալներ կարող ենք մատնանշել նաև թագավորներից և ժողովրդական զորավարներից շատերին: Սակայն կամենո՞ւմ ես բազում փրկվածներ տեսնել զինվորականության մեջ. այդպիսին է Կոռնելիոսը, ինչպես նաև ոմանք արքունական տան սպասավորներից, օրինակ՝ եթովպացի ներքինին: Այսպիսով, եթե բոլոր կողմերից լավ քննենք այն լուծի մեծությունը, որը պիտի մեզ վրա առնենք, այն վնասակար չի լինի մեզ համար, ու եթե այն չկրենք մեզ վրա, լավը կորստյան կմատնենք: Թագավորությունը, աղքատությունն ու զորությունը ոչ մի վնաս չեն կարող հասցնել նրան, ով արթուն է, ինչպես որ Հովսեփին վնաս չեղավ ո՛չ գերությունը, ո՛չ աղքատությունն ու ո՛չ էլ ցածր գնով վաճառվելը, քանի որ նա ծառա եղավ, բայց կենդանի պահեց առաքինությունը: Մտաբերի՛ր Դանիելին և երեք մանուկներին, որոնք թեպետ գերի էին, բայց չէ՞ որ առավել ևս լուսավորվեցին:
Ամենուր փայլում է առաքինությունը և ոչ ոք չի կարող ընդդիմանալ դրան, ու չկա մեկը, որ կարողանա խափանել այն: Իսկ ի՞նչ ասեմ աղքատության ու գերության, ծառայության ու սովի, կեղեքումների և չարչարանքների մասին. ծառայությունից առավել սարսափելի են այն չարաչար ցավերը, որոնցով տանջվեցին Ղազարոսը, Հոբը և ուրիշներ:
Տեսնու՞մ ես, որ ոչինչ առաքելությունից ավելի բարձր չէ. ո՛չ իշխանությունը և ո՛չ որևէ այլ գործ անելը, ո՛չ ցավերն ու անարգանքը, և առաքինությունը ոչ թե պատվազրկում, այլ ամեն բան երկրի վրա թողնելով՝ Երկինք է բարձրացնում: Միայն թե հոգին առաքինի լինի և այդ դեպքում ո՛չ մի արգելք չի լինի, եղբա՛յր իմ: Երբ մշակն առողջ է, արտաքին ոչ մի ազդեցություն չի կարող խոչընդոտ լինել նրա համար, այնպես, ինչպես և ճարտարապետության արվեստի մեջ, երբ հմուտ ու նպատակասլաց ճարտարապետն իր գործն է անում, մինչ չավարտի այն, չի թուլանում այդ գործում, նույնիսկ եթե աղքատությունն ու ցավերն են վրա հասնում: Այդ պատճառով մեր պարտքն է ամեն ժամ բարին գործել, ինչպես որ ասում է Հոգի Աստծո անոթ և տաճար սուրբ Պողոսը. «Ահա՛ ընդունելի ժամանակը, ահա՛ փրկության օրը» (Բ Կորնթ. 6:2): Եվ ոչ մի պատճառաբանություն մի՛ բերեք, որպեսզի չարատավորվի ձեր ծառայությունը, այլ ձեր անձերն ամբողջությամբ ընծայեք սուրբ և անարատ լինելուն: Իսկ առաքյալների գլուխ սուրբ Պետրոսը հրամայում է. «Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվեցե՛ք նույն մտքով, որովհետև ով մարմնով չարչարվում է, դադարում է մեղանչելուց» (Ա Պետրոս 4:1): Եվ դարձյալ, թե՝ «Արթու՛ն եղեք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես և փնտրում, թե ու՛մ կուլ տա» (Ա Պետրոս 5:8): Սրա մասին սրբերից մեկն ասում է.
Վա՜յ ամբարշտին, քանի որ երբ ամենքը լուսավորվում են, միայն նա մնում է խավարի մեջ:
Վա՜յ հայհոյողին, քանի որ պիտի կապվի նրա լեզուն և չպիտի կարողանա պատասխան տալ Դատավորին:
Վա՜յ անօրենին, քանի որ խիստ և արդար Դատավորի մոտ է գնում նա:
Վա՜յ ագահին, քանի որ թեպետ մեծ հարստություն է կուտակում, սակայն անշեջ հուրն է սպասում նրան:
Վա՜յ ծույլին, որը ժամանակ է փնտրում, որպեսզի ծուլությամբ անցկացնի այն:
Վա՜յ ամբարտավանին, որը միայն երբ գերեզման է մտնում, այդժամ է ճանաչում, թե ով է ինքը:
Վա՜յ պոռնկասերին, որը, աղտոտելով հարսանեկան պատմուճանն ու արքունական հարսանիքը, ամոթով մուտք է գործում տանջանքների մեջ:
Վա՜յ բամբասողին, քանի որ նա արբեցողի, մարդասպանի ու պոռնիկի շարքին պիտի դասվի:
Վա՜յ փափկասերին, որովհետև անցողիկ է նրա կյանքը և զուր է պարարտացնում իրեն որպես մորթվող զվարակ:
Վա՜յ կեղծավորին, քանի որ Հովիվը պիտի ուրանա և գայլը դատավոր պիտի լինի նրան:
Վա՜յ բարկացողին, որը չի գործում բարու համեմատ, մինչդեռ Դատավորը վրեժխնդիր է:
Վա՜յ նրան, ով ոխակալ է ու անողորմ, քանի որ անհաշտ և անգութ դատաստանի պիտի արժանանա:
Երանի՜ նրան, ով գնում է նեղ ճանապարհով, քանի որ պսակազգեստ և սուրբ է մուտք գործում Երկինք:
Երանի՜ նրան, ով մերժել է բոլոր ցանկությունները, քանի որ դևերն իսկ սարսափում են մարտնչել նրա հետ:
Երանի՜ նրան, ով սուրբ է հոգով և առաքինությամբ՝ մաքուր, քանի որ թեպետ աշխարհը ենթակա է դատաստանի, բայց ինքը չի դատվի աշխարհի հետ:
Երանի՜ նրան, ով բարձր է վարքով և խոնարհ՝ մտքով, քանի որ նա նման է Քրիստոսին և աթոռակից է Նրան:
Երանի՜ նրան, ով խոստովանությամբ ցրում է չարիքը և առաքինությամբ բարիք է ժողովում ու սրբությամբ կանգնում Սրբի առաջ:
Եվ գլխավոր մտայնությունն իմ այս խոսքի. ա՛նձ իմ, մի՛ ծուլացիր, քանի որ այս կյանքից հետո Տիրոջ դատաստանի առաջ ես կանգնելու: Այդ պատճառով ասում է՝ «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք» (Հռոմ. 12:2), քանի որ երկնքում է հաղթության պարգևը, և այնտեղ չկա ոչ մի փոփոխում. անեղծ ու անփոփոխ են խոստացված պարգևների հատուցումները, ուստի այս ամենի համեմատ վարվե՛նք և մենք: Այս կյանքի՛ց իսկ ընդունենք բարությունը. ինչո՞ւ փոթորկի մեջ գցենք և մրրկի ու նավաբեկության մատնենք մեր անձերը: Դիմե՛նք դեպի խաղաղ նավահանգիստը, որը ո՛չ հարստությունից է և ո՛չ աղքատությունից, ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ ցավերից և ո՛չ առողջությունից, այլ մեր այն հաստատուն ոգուց, որը բարությամբ խրատված է առաքինության արվեստի մեջ և նրա համար ամեն բան դյուրությամբ է լինում ու այդ արվեստից իսկ առնում է խաղաղության օրինակը: Եվ այդժամ այդ ոգին ապահով կհանգրվանի խաղաղ նավահանգստում ու այնտեղ գնալով՝ բազմապատիկ ավելի կվայելի այն բարիքները, որոնց թող որ արժանի լինենք շնորհներով և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որի հետ Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ հավիտյան: Ամեն:
Գրաբարից արևելահայերենի փոխադրեց
Գևորգ ուրկ. Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում