«Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: «Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել:
Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին:
Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք մասնակիցները:
Այնուհետ Կիևում տեղի է ունեցել մրցույթի երկրորդ և վերջին փուլը: 50-ից ավելի երկրներից ժամանած գեղեցկուհիները մրցել են պրոֆեսինալ ժյուրիի սիրտը շահելու և «Եվրոպայի Միսս թագուհու» տիտղոսին արժանանալու համար: Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր փուլերը՝ նախ հայտնվելով լավագույն 25-յակում, ապա լավագույն 10-յակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև օնլայն քվեարկության փուլը. շնորհիվ երկրպագուների մեծ քանակի մեր գեղեցկուհին հավաքել է ամենաշատ ձայները և արժանացել «Եվրոպայի ընտրություն» պատվավոր տիտղոսին:
Նշենք, որ Նարինեն ՊԵԿ-ի մաքսային ծառայող է և մեծագույն երջանկությամբ է համատեղում «Եվրոպայի միսս թագուհու» և մաքսային ծառայության լեյտենանտի կոչումները:
Ի դեպ, Նարինեի թագն անվանական է, ինչը նշանակում է, որ այն միշտ մնալու է Հայաստանում և չի վերադարձվելու հաջորդ տարի անցկացվող մրցույթի հաղթողներին: Նարինեն իր երջանկությամբ կիսվում է բոլորի հետ՝ մեծագույն սիրով «թագադրելով» բոլոր ցանկացողներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում