Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հարազատներն ու գործընկերները ցերեկույթով հիշեցին Մատենադարանի զարգացման գործում Թամրազյանի ունեցած ավանդի, նրա գրական ու գիտական նվաճումների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացվեց դեկտեմբերի 5-ին Մատենադարանում: Ցուցադրվեց տեսաֆիլմ` ստեղծված Հրաչյա Թամրազյանի հարցազրույցների հիման վրա:
«Թամրազյանը նոր կադրերի պատրաստման, երիտասարդներին գիտական ասպարեզ բերելու հարցում մեծ դեր կատարեց: Նա լուրջ դերակատարություն ունեցավ հատկապես Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման հսկայական գործի կազմակերպման առումով, ինչը նոր փուլ բացեց Մատենադարանի համար, քանի որ նոր շենքը շատ մեծ էր ու հեռանկարներ ստեղծեց ձեռագրերի պահպանման, թվայնացման, վերականգնման, ցուցադրման, ուսումնասիրման առումով»,-ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Խոսելով Թամրազյանի գրական ու գիտական գործունեության մասին` Տեր-Ղևոնդյանը նշեց, որ նա արդի հայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր, տաղանդավոր ստեղծագործող, նաև նարեկացիագիտության ասպարեզի խոշոր մասնագետներից մեկը:
«Ըստ իս` Թամրազյանը նաև նորանկախ Հայաստանի հիմնադիրներից էր: Նա այն մարդկանցից էր, որոնք կերտեցին այս պետությունը»,-շեշտեց տնօրենը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ասաց, որ Թամրազյանի բանաստեղծությունները մշակութային հսկա շերտ են պարունակում, քնարական են: «Նա լուրջ դեր է կատարել նաև թարգմանական արվեստում` թարգմանելով Մայակովսկու, Եսենինի, Պաստեռնակի և այլ ականավոր գրողների գործեր: Մենք միասին աշխատել ենք, և պետք է փաստեմ, որ հրաշալի անձնավորություն էր` հումորով լեցուն, աշխույժ, սիրում էր տարբեր պատմություններ հորինել գրողական կյանքի, ընկերների մասին, շատ բարի էր ու կամեցող: Դա էր պատճառը, որ նա շատ սպասված էր ամեն տեղ»,-ընդգծեց Միլիտոնյանը:
Թամրազյանի ընկեր, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանի խոսքով`նա գիտական հակումներում խիստ օբյեկտիվ էր, կշռադատված: «Ընկերասեր էր, անմիջական, մարդկային, բարի էր, նվիրված, սիրում էր ընտանիքը, իր ազգը: Մեզ համար նրա կորուստը դառն է ու անհավատալի»,-խոստովանեց նա:
Անդրադառնալով Թամրազյանի գրական գործունեությանը` Ալեքսանյանը նշեց, որ որպես բանաստեղծ նրան դեռևս բավականաչափ չեն գնահատել, այնինչ Թամրազյանը մեծ գրող է: «Թամրազյանն ապրող ընկեր է, ապրող մարդ ու ապրող հայ»,-եզրափակեց թարգմանիչը:
Հրաչյա Թամրազյանը մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 3-ին։
Բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում