Ագահը

Ագահը

Դղյակի դարպասը պահակները գրեթե վազելով բացեցին:

– Շու՛տ արա, շեֆը չջղայնանա, թե չէ կասի նույնը, ինչ որ երեկ էն տղային հայհոյանքով ասաց՝ «Վաղը էստեղ էլ քեզ չտեսնեմ, սոված շան թուլա», – տագնապով գոռաց ավագը համալսարանավարտ նոր պահակին։

Ռուբենը շրջեց երեք հարկերն էլ, նայեց անթերի կատարած նորոգումը, բարձրացավ մարմարապատ մեծ պատշգամբ, մատով մոտ կանչեց շինարարության մենեջերին: «Հիմա շեֆը կգովի իմ իդեալական աշխատանքը», – անմիջապես անցավ մենեջերի մտքով և շտապեց նախապես նույնիսկ մի ջերմ խոսք ասել՝ «Շե՛ֆ ջան, էստեղից ինչ հրաշալի է երևում Արարատը»:

– Ախմա՛խ, Արարատը քեզ համար է, ի՞նձ ինչ: Թուղթ ու գրիչ վերցրու, ասեմ, – կոշտ պատասխանեց Ռուբենը՝ չնայելով անգամ մայրամուտի կրակե շապիկը հագած սրբազան սարին:

– Էսօր ավելի սիրուն ու ավելի թանկ սալիկներ եմ տեսել, ոսկեպատ, Երևանում համարյա չկա, ընկերս Անգլիայից է բերել: Թող շատ ճոխ լինի, հազար չուզող ունեմ, աշխարհ մեռնել կա: Դրանից կառնես 1000 քառակուսի մետր, էս արածդ կքանդես և դրանով կանես, – հրամայեց դղյակատերը և տրտնջալով հեռացավ: «Շուտ պրծնեմ, կանչեմ ընկերոջս՝ տեսնի, էշանա… Թե չէ՝ կարծում է մենակ ինքը դրանից ունի», – կոպերը գոհունակությամբ ճպճպացրեց դղյակատերը և մտավ շինանյութի նորաբաց խանութը զուգարանակոնքեր նայելու:

– Էս ոսկեպատ զուգարանակոնքից հինգ հատ կուղարկեք այս հասցեին,- այցեքարտը վաճառողին մեկնեց Ռուբենը:

Ճոխ գնումներին ակամա հետևող սևաշոր մի կին դողդողալով մոտեցավ դղյակատիրոջը.

«Շա՜տ ներողություն, մի բան խնդրեմ: Ես զոհվածի կին եմ, երեխաս ծանր հիվանդ է, դեղի փող չունեմ, սա էլ բժշկական թղթերը, գոնե հազար դրամով օգնեք, Աստված ձեր զավակներին պահապան»:

– Հեռու՛ գնա, հեռու՛, – հոնքերը ոլորեց Ռուբենը, – ես ազգի համար եմ կառուցում, քո զավակին դու՛ բուժիր, պարազիտ:

Կինը ցնցվեց, օրորվեց ու քիչ էր մնում ընկներ ոսկեպատ զուգարանակոնքին, եթե վաճառողը նրան չպահեր: Ռուբենը մռթմռթալով հեռացավ մյուս բաժին, ուր ոսկեպատ բռնակներ էին վաճառում:

– Հիսուն դռան համար էս ոսկեպատ բռնակից կուղարկես իմ հասցեով, ուշադիր կլինեք՝ լաքա կամ խազ չլինի վրան, – խստորեն զգուշացրեց դղյակատերը՝ հիշելով, որ մեծավորին է հրավիրելու բացմանը՝ հենց իր ծննդյան օրը:- Նրա կնոջը հանդիսավորությամբ կհրավիրեմ պարի և մի մեծ բռլյանտե մատանի կդնեմ մատին: Երեխայի չափ ուրախանում է էդ ոսկե խաղալիքներով… Ինքն էլ երևի իմ պատվին ծննդյանս օրվա առիթով դաշնամուրի վրա մի երգ կկատարի: Ամբողջ Երևանը մի ամսվա խոսելիք կունենա: Չուզողը թող քոռանա:

Ռուբենը պլանավորել էր, որ երեկոյան մանկության ընկերոջ հոգեհանգստին մասնակցի:

– Դե լա՜վ, ընկերս չի նեղանա, մեռավ, պրծանք իրարից, թող իր հոգին հանգիստ լինի, բայց հոգեհանգստի չեմ գնա: Ասում են՝ հատուկ մեծահարուստների և իշխանավորների համար շինանյութի էլիտար խանութ է բացվելու էդ ժամին, գնամ տեսնեմ ինչ կա, – գյուտ արածի պես ինքնագոհ շշնջաց դղյակատերը:

…Խանութի սրահում մեծահարուստներ, իշխանավորներ ու ընտրյալ պատգամավորներ էին: Ծանոթ նախարարներից մեկը ոսկեգույն ու նախշազարդ պաստառին էր դեմ առել…

– Ռուբե՛ն, տեսնու՞մ ես ինչ հրաշալի է, որևէ մեկի պատին չեմ տեսել, չե՞ս ուզում առաջինը դու լինես,- դղյակատիրոջը ոգևորեց ծանոթ նախարարը: Երևի նորաբաց սրահի թաքուն փայատերերից է:

Առաջինը լինելու միտքը ուրախացրեց Ռուբենին, համ էլ՝ բոլոր նայողներին կասի, որ նախարարի ընտրածն է: Քսան արկղ պատվիրեց և շտապեց վարպետների մոտ:

– Շե՛ֆ ջան, մենք բոլոր պատերն արդեն պաստառապատել ենք, էս ու՞մ համար է, – բարևը խոնարհումով ավարտելուց հետո ասաց վարպետը…

– Իմ նախարար ընկերն է ջոկել, Երևանում դեռ ոչ ոք չունի, էդ արվածը պոկեք, սա խփեք, – հազալուց հետո, ինչպես միշտ, խորխը գոհունակությամբ կուլ տվեց դղյակատերը: – Մի սանտիմետր անհավասար գիծ տեսնեմ, էն անգամվա պես փողի երես չեք տեսնի:
Վարպետները մտքում հերթական անգամ հաճույքով հիշեցին դղյակատիրոջ մայրիկի բարեմասնությունները: Դղյակատերը դա զգում էր վարպետների աչքերից և շրթունքների աննշան շարժումներից: Ապացուցել չէր կարող, և ինքն էլ վարպետների ոչ միայն մայրերին, այլև բոլոր ողջերին ու մեռածներին էր հիշում… Երբ մտովի սիրտը հովանում էր, բարձրաձայն ասում էր՝ «Դե լա՛վ, անու՜շ լինի…»: Ռուբենն ու վարպետները իրար լավ էին հասկանում և բավարարվում էին մտասույզ հայհոյանքներով: Մի անգամ շուրթերը թեթև չպչպացնող վարպետին Ռուբենը անակնկալ նեղը գցեց՝ «Էդ ու՞մ ես մտքիդ մեջ հայհոյում»: Վարպետը ինքն իրեն չկորցրեց՝ «Շեֆ ջան, բոլոր սրբերին աղոթք եմ մրմնջում, որ երկա՜ր կյանք ունենաս…»: Թեև այդ օրվանից վարպետներն այլևս չէին համարձակվում շրթունքները անձայն շարժելով մտքում հայհոյել, բայց դղյակատերը բոլոր խոսակցությունների վերջում կրկնում էր իր մտքի հայհոյանքը՝ չմոռանալով «Դե լա՛վ, անու՜շ լինի…» վերջաբանը:

Ռուբենը երեկոյան թուղթ ու գրիչ տվեց կնոջը իր ծննդյան օրվա և դղյակի բացման առիթով հրավիրատոմս գրելու համար:

– Առաջին հրավիրատոմսի վրա կգրես՝ սիրելի բարեկամ… Չէ՛, չէ՛, ի՞նչ բարեկամ, կգրես՝ պատվարժան… Չէ՛, չեղա՛վ, ամենահարմարը կգրես՝ մեծարգո… Վերջում մենակ դրա վրա կգրես՝ «Մեծագույն պատիվ է և մեր ընտանիքի փափագը Ձեզ տեսնել մեր համեստ օջախում»: Սեղանին կդնենք արտասահմանից բերած էն 1000-դոլարանոց արաղները, կոնյակն էլ կբերեմ 100 տարեկան տակառից։ Մի քանի խոհարար կբերեմ ռեստորանից, լավ կլինի մեկը նեգր լինի, մյուսները` Ֆրանսիայից, Անգլիայից և Գերմանիայից։ Խոսելու թեմա է: Մեկ ամիս է մնացել, ամեն ինչ պիտի արքայական լինի։ Հա՛, չմոռանամ, վաղը մեկ միլիոն դոլար քարտից հանիր մանր-մունր ծախսերի համար: Էն պալատական երգիչներին էլ նախապես զգուշացնեմ։ Էդ սուտ աստղերն էլ զիզի-բիզի բաներ են երգում, բայց ինչ անեմ, իրենք դա են սիրում։ Ով շատ քծնի, կրկնակի կվճարես։ Էդ անտեր քծնանքը մայրական կաթից քաղցր է։ Դրա համար էլ շատ քծնողն է շուտ-շուտ կոչում ստանում:

Թամադային կզգուշացնենք, որ կենացները վերևից ներքև խմի։ Հա՛, հիմա մոդա է բանակի կենացը հոտնկայս խմելը: Գեներալներին կզգուշացնենք, որ հիմնի ժամանակ իրենք հոտնկայս երգեն։

– Ա՛յ մարդ, գժվե՞լ ես, ո՞ր մեկը բառերը գիտի, հո խայտառակ չենք լինի, – սաստեց կինը:

– Հա՛ էլի, հիմնում ո՞նց էր՝ «Հազար միլիոն փող ունենամ, մահս եկավ, թողնեմ կերթամ», – իր հիշողությամբ հպարտացավ դղյակատերը:

– Ա՛յ Ռուբեն, խելքի՛ արի, քո ասածը աշուղ Մահուբի Գևորգի երգն է, իսկ հիմնում գրված է՝

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի ով յուր ազգի
Ազատության կզոհվի…

– Ի՜նչ զոհվել, ի՜նչ բան, բա էս դղյակը ու՞մ համար եմ սարքում: Թող կռվեն ու զոհվեն աղքատները, նրանք կորցնելու հեչ բան չունեն։ Չես տեսնու՞մ՝ առաջին գծում մենակ աղքատների զավակներն են, նրանք են հայրենիքը շատ սիրում, էդ էլ թող իրենց լինի, որ չասեն՝ «Բան չունենք», – իր տգիտությունը փորձեց քողարկել ամուսինը: – Դե լա՛վ, ես գնամ հանգստանալու, ննջարանի լուսամուտները փակիր, էդ անբան ճռիկների ձենը ինձ զզվեցնում է:

Հոգնած էր ու լարված, պառկելն ու աչքերը փակելը մեկ եղան: Եվ գեշ երազ իջավ կոպերին:

– Չե՛մ գա, չե՛մ գա, ու՞ր ես տանում ինձ, – երազում գոռում էր Ռուբենը և ձեռքերով հարվածում ինչ-որ մեկին: Ձախ ձեռքի հարվածն իջավ կնոջ գլխին: Կինը սարսափած վեր թռավ՝ «Ռուբե՛ն, Ռուբե՛ն, զարթնիր, ո՞վ է, ու՞ր է քեզ տանում»: Կինը լուսամփոփը միացրեց: Ամուսինը քրտինքի մեջ կորել էր, դողում էր։

– Էն մեռած շանորդին ընկել էր հետևիցս, իր երկու միլիոն դոլարն էր ուզում, զոռով տանում էր իր հետ, – հազիվ արտաբերեց ամուսինը:

– Ախր հոգեհանգստին էլ չգնացիր, պարտքն էլ ուրացար, – փորձեց հանգստացնել կինը:

– Մեռելին պարտք չեն լինում, պարտքը մեռնում է մեռնողի հետ, ապրողն է ճիշտը: Շորերս հագնեմ, նստած լուսացնեմ, որ դրա աչքերը էլ չտեսնեմ,- ճակատի քրտինքը սրբելով և դողացող ձեռքը տանելով ջրի բաժակին՝ ճչաց Ռուբենը: Հենվեց բազմոցին, սառը թրջոցը դրեց ճակատին, որ քունը չհաղթի: Իսկ լուսամուտի տակ սիզամարգերի մեջ իր սերն էր երգում ծղրիդը։

Ռուբենը մի քանի օրում մի քանի անգամ էլ քանդել տվեց արդեն պատրաստի պատերի ու առաստաղի առանձին դետալներ, փոխարինեց ավելի թանկով՝ «Թող չուզողի աչքը քոռանա… Աշխարհ մեռնել կա…»: Երեկոները կնոջ մոտ կրկնում էր իր կենացից հետո պատասխան խոսքը, անգամ ժպտալու ձևն ու չափը։

– Էնպիսի մի բան սարքեմ, որ դառնա պատմելիք, ֆիլմն էլ կդնենք ինտերնետում, թող աշխարհը նայի, նախանձողները ճաքեն,- հպարտորեն եզրափակում էր խոսքը:

Դղյակն արդեն պատրաստ էր, գլխավոր դարպասին ու հիմնական դռներին իր պատվերով փակցրին չարխափան թալիսմաններ, բազմաթիվ տեսախցիկներ։
…Ցեմենտով և ավազով բարձած մի քանի մեքենա դանդաղ մոտեցավ դղյակին:

– Էս ոնց որ թաղում է, տեսնես ո՞վ է մահացել, – մենեջերը վարորդին խնդրեց մեքենաները կանգնեցնել: Մենեջերը շտապ բակ մտավ: Դագաղում դղյակատերն էր՝ զայրույթն ու չարությունը նույնիսկ փակ կոպերին։ Քիչ հեռվում կանգնած վարպետները այս անգամ կիսաձայն հիշեցին հանգուցյալի մոր բարեմասնությունները՝ ազատություն տալով տանջող բառերին։ Իսկ հանգուցյալի շուրթերին կարծես քարացել էր վարպետներին բարեմաղթած ավանդական հայհոյանքը՝ «Դե լա՛վ, անու՛շ լինի»:

Մենեջերը մոտեցավ դագաղից քիչ հեռու կանգնած շինարարության կառավարչին՝ «Տան համար մի քանի մեքենա ցեմենտ ու ավազ էր պատվիրել, ի՞նչ անեմ…»:

– Ես ի՞նչ իմանամ, գնա օղորմածիկին հարցրու, – ծիծաղը հազիվ զսպեց կառավարիչը:
Քահանան սովորականից բարձր ձայնով էր «Հայր մեր»-ն ասում, զգացվում էր, որ շատ լավ էին վճարել։ Բակում հոգեհանգստյան կարգն ավարտվեց: Շարժվելու պահին դուդուկի թախծոտ մեղեդիների տակ ռաբիզնոցի ողբասաց երգիչներից մեկը սկսեց հանգուցյալի սիրելի երգը՝ «Հազար միլիոն փող ունենամ, մահս եկավ՝ թողնեմ կերթամ…»:

Սգո բազմամարդ թափորը, գետնին շաղ տված մեխակները, վարդերն ու կակաչները տրորելով, դանդաղ գնում էր գերեզմանատուն: Թափորի անմիջապես հետևից գնում էին ցեմենտի և ավազի մեքենաները:

– Այս ցեմենտով ու ավազով թող սարքեն դղյակատիրոջ գերեզմանը, մեծ տարածքն ու պարիսպը, հավանական է՝ նաև մի պահակատուն, որ մեկը գիշերները մնա և հսկի գերեզմանը. թե չէ՝ պղծողներ շատ կլինեն։ Դե՛, էն ավելացող ցեմենտն ու ավազն էլ անշուշտ կծախեն մյուս մեռելատերերի վրա, – վարորդին քմծիծաղով ասաց մենեջերը…

Իսկ հանգուցյալի սիրելի երգը դեռ շարունակվում էր՝ «Հազար միլիոն փող ունենամ, մահս եկավ՝ թողնեմ կերթամ…»:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում