Աղանդներ

Աղանդներ

(Շարունակություն)

Արդարացումներ և խաբեություն

Առաքյալները Քրիստոսից ստացած լիազորությունները հոգևոր գործունեությամբ զբաղվելու և այդ առաքելության մեջ հաջողություն ունենալու շնորհն ու կարողությունները ձեռնադրությամբ փոխանցեցին իրենց հաջորդած հոգևորականներին: Եվ այսօր այդ ձեռնադրությամբ է եկեղեցականներին փոխանցվում Քրիստոսից տրված շնորհը: Հետևաբար, ձեռնադրությունը կարևոր է որևէ մեկի համար ճշմարտապես հոգևոր առաքելություն իրականացնելու նպատակով: Այսօր հոգեգալստականներ և բողոքական-ավետարանականներ իրենց հոգևոր գործունեությունն արդարացնում են` պնդելով, թե իրենք էլ ձեռնադրված են:

Սակայն իրական ձեռնադրությունը պետք է սկիզբ առած լինի Հիսուս Քրիստոսից և ոչ թե պատմության ինչ-որ մի կետում մի սովորական մարդուց: Այսպես խաբեությամբ էլ ավետարանականները փորձում են մարդկանց շեղել ճշմարիտ հավատքից` խաբելով, թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ավետարանական եկեղեցին նույնն են: Դրա համար նրանք գործածում են բոլոր հնարավոր միջոցները: Նույնիսկ լսում ենք, որ ասում են, թե այս երկու եկեղեցիները նույն մեկ եկեղեցին են, ինչպես որ կինը և ամուսինը երկուսով մեկ մարմին են` ըստ Աստվածաշնչի: Սակայն իրականում երկուսը մեկ կարող են լինել միմիայն երկուսի համաձայնությամբ, մինչդեռ այս դեպքում Հայ Առաքելական Եկեղեցին երբեք համաձայն չէ Ավետարանական Եկեղեցու հետ իր մեկությանը և դրա համար երբեք էլ իր համաձայնությունը չի տվել: Սա պարզապես ավետարանականներին պետք է մարդկանց գրավելու կամ գրաված մարդկանց պահելու համար, որովհետև եթե ասեն, թե մենք տարբեր ենք Առաքելական Եկեղեցուց, շատերը կհեռանան: Նույն կերպ էլ Եհովայի վկաները խորամանկությամբ գրանցվում են քրիստոնեական անվան տակ, որպեսզի քրիստոնյա երկրներում այդ անունով մարդկանց գրավեն, մինչդեռ նույն խորամանկությամբ մուսուլմանական երկրներում երբեք չեն գործածում այդ անունը, քանի որ այս դեպքում էլ, արդեն հակառակը, քրիստոնեական անունը լսելով` մարդիկ կխուսափեն այդ աղանդից: Սադուկեցիները և փարիսեցիները Հրեաստանում իրենց գաղափարներով և հավատալիքով բոլորովին միմյանց հակառակ խմբեր էին, մինչդեռ Ավետարանում կարդում ենք, որ Քրիստոսի դեմ ելնելու համար նրանք միասին են մոտենում` Քրիստոսին փորձելու (Մատթ. 16.1, 22.34): Այսպես էլ այժմ աղանդները իրարից տարբեր և իրար հակառակ են, բայց միաբանվում են Եկեղեցու դեմ իրենց պայքարի մեջ` մարդկանց Ճշմարիտ Եկեղեցուց հեռացնելու համար: Այդ պատճառով, սիրելի հավատացյալներ, աղանդավորների հետ գործ ունենալիս պետք է շատ զգոն և ուշադիր լինել:

Զգուշացում աղանդների խորամանկությունից

Սուրբ Գրիգոր Տաթևացին Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասին իր քարոզի համար բնաբան է վերցրել Ավետարանում հիշատակված Քրիստոսի խոսքերը. «Խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ` աղավնիների նման» (Մատթ. 10.16): Ոմանք բացատրում են, որ Քրիստոս պատվիրեց խորագետ լինել օձերի պես և ոչ աղվեսների, քանի որ աղվեսների վարվելաձևն այն է, որ հետապնդման ժանամակ իրենց կյանքը փրկելու համար դիմում են խորամանկության, մինչ օձերը զգուշանում են, որպեսզի չլինի թե իրենք վնասվեն: Այսինքն` Քրիստոս ընդունելի չհամարեց որևէ առիթով խորամանկության դիմելը: Իսկ աղավնիների նման միամիտ լինելու պատվերը պետք է հասկանալ հետևյալ իմաստով: Աղավնիներն ապրում են երամով, որ խորհրդանշում է եղբայրասիրությունը: Երբ աղավնու բնից ձուն կամ ձագերին վերցնում են, չի քանդում բունը և թողնում հեռանում: Նույնպես և մենք, երբ դժբախտության ենք հանդիպում կամ ունենում ենք մերձավորների, հարազատների կորուստ, չպետք է թողնենք հավատքը ու հեռանանք, երես դարձնենք Աստծուց: Տաթևացին ասում է, որ վտանգի ժամանակ օձերը անտեսում են մարմինը և հատկապես ջանում են վնասի չենթարկել իրենց գլուխը: Ճիշտ նույն կերպ էլ մենք չպետք է հոգանք միայն մարմնավորի մասին, այլ պետք է ուշադիր լինենք, որ չվնասվի մեզ համար գլխավորը, այսինքն` մեր հավատքը, և այն պետք է ամուր պահենք:

Սատանան օձի կերպարանքով երևաց ու խաբեց մարդկանց դրախտում: Նույնիսկ այս բացասական արարքից Տաթևացին վեր է հանում օգտակար խրատներ և հորդորում, որ օձի` այդ ժամանակ դրսևորած իմաստությունը մենք նկատի ունենանք և գործածենք դրական իմաստով: Օձը Եվային մոլորեցրեց, երբ կինը գտնվում էր Ադամից հեռու: Հետևաբար, ընտրեց ամենահարմար տեղը իր քարոզած խոսքի արդյունավետության համար: Օձը խոսեց Եվային շատ հետաքրքող բանից` պտղից, որ նշանակում է, թե ճշմարտության քարոզման համար էլ պետք է ընտրել հարմար վայրը և մարդկանց ուշադրությունը գրավել նրանց հետաքրքրող բաներով: Այսպես վարվեցին և առաքյալները, ինչպես, օրինակ, Պողոս առաքյալը Աթենքում, կռապաշտ հույներին քարոզելով հավատքը, խոսեց հեթանոսական հավատալիքների և կռապաշտության մասին (Գործք 17.22-31):

Այսօր հաճախ տարբեր հնարանքներով, մարդկանց գրավելու զանազան մեթոդներով աղանդավորական կազմակերպությունները մարդկանց շեղում են ճշմարտությունից, ինչպես մի ժամանակ օձը հմտությամբ կարողացավ մոլորեցնել Ադամին և Եվային: Մեր Սուրբ Եկեղեցին կոչվում է Առաքելական, որովհետև հիմնադրվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Սակայն այսօր կան նաև աղանդավորական եկեղեցիներ, որոնց համար անգամ պատշաճ չէ գործածել եկեղեցի բառը: Դրանք նոր են առաջացել և գրեթե բոլորը այստեղ են եկել հիմնականում ամերիկյան մայրցամաքից: Բայց երբ ասում ենք, թե պետք է հետևենք երկհազարամյա պատմություն ունեցող մեր Եկեղեցուն և ոչ թե նորաստեղծ աղանդներին, նկատի չունենք, թե որը հին է, այն ավելի լավն է, այլ պարզապես ճշմարտությունն է Եկեղեցու ծոցում, որովհետև երբեմն նորը կարող է նույնիսկ ավելի ճիշտ և ընդունելի լինել: Օրինակ` այսպես է պարագան Նոր Կտակարանի և Հին Կտակարանի, հրեաների և հեթանոսների, որոնց խորհրդանշանները տեսնում ենք Հին Կտակարանում: Աբրահամի որդիներից կրտսեր Իսահակը ժառանգեց հոր ունեցվածքն ու բոլոր իրավունքները (Ծննդ. 25.5), Իսահակի կրտսեր որդին` Հակոբը, արժանացավ անդրանիկության բոլոր իրավունքներին, որովհետև ավագը` Եսավը, իր անդրանիկության իրավունքը փոխանցեց Հակոբին (Ծննդ. 25.30-34): Նաև գեղեցիկ խորհրդանշան է համարվում Հուդայի որդիներ Փարեսի և Զարայի ծնունդը: Մանկաբարձը կանխատեսեց, որ առաջինը պետք է ծնվի Զարան, սակայն ծնվեց Փարեսը և նա համարվեց անդրանիկը (Ծննդ. 38.27-30): Այս երկուսը Հուդայի մյուս որդիների հետ եղան Հուդայի ցեղի նախահայրերը, որից ծնվեց Դավիթ թագավորը, և որի սերնդից էր հենց Հիսուս Քրիստոս (Մատթ. 1.3-6): Հետևաբար, երբ հորդորում ենք հետևորդը լինելու առաքյալների կողմից հաստատված Սուրբ Եկեղեցու, նկատի չունենք հնությունն ու նորությունը, այլ` ճշմարտությունը, ճշմարիտ աստվածպաշտությունը, որը հենց առաքելահաստատ Եկեղեցում կարող են գտնել հավատացյալները: Մինչդեռ աղանդները հիմնադրվել են ոչ թե առաքյալների, այլ ավելի հաճախ կրոնական մոլեռանդների կամ հոգեկան անառողջ վիճակ ունեցող կասկածելի անձերի կողմից, որոնց կենսագրությունը կամ նրանց կյանքի հետ կապված պատմությունները, դժբախտաբար, չգիտեն աղանդի միամիտ հետևորդները:

Միջնադարում նաև Կաթոլիկ Եկեղեցին է մեղադրվել աղանդավորական գործունեության մեջ: Այս պարագային ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե Եկեղեցին, այլ Եկեղեցի մուտք գործած շահախնդիր անձինք, ովքեր մտածում էին, թե Կաթոլիկ Եկեղեցու գերիշխանությունը տարածելով ամբողջ աշխարհում` ավելի շատ նյութական օգուտներ կունենան: 18-րդ դարի մեր Կաթողիկոսներից Ղազար Ջահկեցին իր «Աստվածաբանական դրախտ ցանկալի» աշխատության մեջ նշում է, որ աղանդավորական է այսպիսի գործունեությունը, որովհետև եթե կաթոլիկները նպատակ ունեին քրիստոնեությունը տարածելու, ապա պետք է այն քարոզեին միայն այն երկրներում, որտեղ մարդիկ քրիստոնյա չէին, մինչդեռ նրանք շահագրգռվածությամբ առաջնայնորեն դա անում էին հենց քրիստոնյա երկրներում: Այսպես էլ այսօրվա աղանդները, եթե նախանձախնդրություն ունեին քրիստոնեությունը տարածելու, պետք մեկնեին այն երկրները, որտեղ մարդիկ քրիստոնյա չեն: Մինչդեռ սրանք տարածվեցին բոլոր այն երկրներում, որոնք վաղուց արդեն քրիստոնյա են: Խորհրդային բռնապետությունից ազատվելով` մեր Եկեղեցին ավելի աշխույժ պիտի գործեր` իր գիրկը ներառելու այն մարդկանց, ովքեր դեռ հեռու էին Եկեղեցուց: Մինչդեռ աղանդները, հատուկ նպատակով և հեշտ որս ունենալու ակնկալիքով տարածվելով նախկին խորհրդային երկրներում, փախցրեցին որոշ քանակի մարդկանց և մեր դեպքում նրանց զրկեցին առաքյալների կողմից հաստատված Եկեղեցու անդամը դառնալուց: Պողոս առաքյալը, երբ եկեղեցիներ հիմնադրեց, այնտեղ անմիջապես տարածվեցին աղնադավոր քրիստոնյաներ, որոնք ասում էին, թե սխալ է ուսուցանում Պողոս առաքյալը, անպայմանորեն պետք է պահել Հին Կտակարանի բոլոր օրենքները, մովսիսական օրենքը: Եվ Պողոս առաքյալն ասաց. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ [այսինքն` մարդկանց հետ չէ], այլ…. այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6.12): Հետևաբար, այն իրողությունը, որ աղանդները տարածվեցին ոչ թե քրիստոնեությունից հեռու երկրներում, այլ հենց քրիստոնյա երկրներում, կարող ենք համարել նաև մարմնի և արյան, այսինքն` մարդկանց միջոցով գործող չար ոգիների գործը, քանզի չարի նպատակն է թուլացնել Քրիստոսի Սուրբ Եկեղեցին: Սուրբ Եփրեմ Ասորին առաքելական թղթերի իր մեկնության մեջ շեշտում է այն, որ առաքյալն այստեղ ասում է մեր պատերազմը և ոչ թե` չարի պատերազմը: Սրանից երևում է, որ մենք զորություն ունենք պատերազմելու չարի դեմ և հաղթելու, բայց չարը չի կարող պատերազմել մեզ հետ: Դրա համար էլ մարդկանց միայն գայթակղում է հաճելի թվացող մեղսալի մտքերով, և մենք զորություն ունենք մեզանից հեռու վանելու այդպիսի մտքերը Աստծո շնորհով, մեր հավատքի օգնությամբ:

Պողոս առաքյալը նաև ասաց, որ նզովյալ է նա, ով ուրիշ ավետարան կուսուցանի (Գաղ. 1.7-8)` նկատի ունենալով նույն ճշմարտության այն տարբեր բացատրությունները, որ բերում էին կեղծ քրիստոնյաները իր հիմնադրած եկեղեցիներում: Եվ մենք էլ, քանի որ հետևում ենք առաքյալների Ավետարանին, Ավետարանի վերաբերյալ նրանց աշակերտների, հետևորդների բացատրություններին և առաքյալներից փոխանցված ճշմարտությանը նրանց իսկ կողմից հիմնված Եկեղեցում, չենք ցանկանում, որ մեր ժողովրդի որոշ զավակներ հեռու մնան այդ ճշմարտությունից, այլ վերադառնան Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված իրենց Մայր Եկեղեցին:

Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի

Սուրբ Հովհան Ոսկեբերանը վեր է հանում Եսայի մարգարեի հիանալի վկայությունը Եկեղեցու մասին` այլաբանորեն մեկնաբանելով մարգարեի հետևյալ խոսքը, որով Եկեղեցին համեմատվում է լեռան հետ. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծու տունը` լեռների գագաթներին, պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր հեթանոսները պիտի շարժվեն դեպի նա» (2.2): Եկեղեցին ճշմարիտ աղոթավայր է, ինչը չի ընդունվում աղանդավորների կողմից: Առանձնական աղոթքը կարող է արվել ամենուր, սակայն բացի առանձնական աղոթքից կա նաև ընդհանրական աղոթք, որ հատուկ սահմանված վայրում է արվում, այսինքն` եկեղեցում, ինչը խորհրդանշում է աղոթողների միաբանությունն ու միակամությունը: Աղոթքի համար հատուկ սրբագործված վայրի անհրաժեշտության մասին են վկայում աստվածաշնչյան խոսքերը. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56.7), որովհետև եկեղեցում ասված աղոթքը առավել լսելի է Աստծուն, ինչպես գրված է. «Այժմ Իմ աչքերը բաց կլինեն ու Իմ ականջները սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը» (Բ Մնաց. 7.15 հմմտ. Գ Թագ. 8.29), կամ «Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի Իմ անունը այստեղ լինի հավիտյան և Իմ աչքերն ու սիրտը այստեղ լինեն ընդմիշտ» (Գ Թագ. 9.3, Բ Մնաց. 7.16): Քրիստոսի և առաքյալների ճշմարիտ հետևորդներն ուղիղ աստվածպաշտությամբ հիմնադրեցին և հիմնադրում են եկեղեցի-աղոթավայրեր, որում Սուրբ Հոգին գործում է ինչպես Վերնատանը, որ եղավ օրինակը քրիստոնեական առաջին եկեղեցու: Հին Ուխտի վկայարանը, տաճարը ստվերն էր ճշմարիտ Եկեղեցու, և վերոնշյալ վկայակոչումները աղոթավայրի մասին իրականանում են քրիստոնեական աղոթավայրերի պարագային, քանզի Աստված պիտի լսի «այս տեղում կատարվող աղոթքը»:

Ճշմարտության բարձունքներում

Շնորհք պատրիարքն ասում է, թե ոչնչով չի արդարացված մեր Եկեղեցու անտարբերությունը Հովսեփի հանդեպ: Նա Քրիստոսին խնամել է և հետո ծառայել, որի համար արժանացել է Աստվածահայր պատվանունին: Աղանդավորները Հովսեփի մասին սխալ են ուսուցանում՝ պնդելով, թե Հովսեփը Մարիամի հետ ապրել է ինչպես մյուս ամուսինները և նրանից որդիներ է ունեցել, քանզի Մատթեոսի Ավետարանի առաջին գլխում (հմր. 25) գրված է, որ Հովսեփը չհարաբերվեց Մարիամի հետ, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն: Բայց ըստ Հովհան Ոսկեբերանի` մինչև-ը ցույց է տալիս մինչ զավակ ունենալը, իսկ նրանից հետո պետք է հասկանալ ըստ Եկեղեցու վարդապետության, այսինքն` միշտ կույս: Մինչև բառը երկու իմաստ ունի. ա) ցույց է տալիս նախկին վիճակին հակառակ գործողության շարունակություն և բ) որևէ գործողություն չի կատարվել մինչ նշված պահը և հետագայում էլ չի կատարվելու: Աստվածաշնչում մինչև բառը գործածված է այս երկու իմաստներով: Ավետարանի այս հատվածում այն օգտագործված է երկրորդ իմաստով, այսինքն` հետագայում էլ չէր կատարվելու նշված գործողությունը: Մինչև բառն այս իմաստով մենք ևս գործածում ենք մեր առօրյայում, բայց որպեսզի առավել հստակ լինեն օրինակները, դրանք բերենք Հին և Նոր Կտակարաններից: «Եվ ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտեղ է նրա [Մովսեսի] գերեզմանը» (Երկրորդ օրենք 34.6). սա չի նշանակում, թե այս տողերի գրությունից հետո Մովսեսի գերեզմանի տեղն իմացել են: «Տերն իմ Տիրոջն ասաց` նստիր Իմ աջ կողմում, մինչև որ Քո թշնամիներին դնեմ Քո ոտքերի տակ իբրև պատվանդան» (Սղմ. 109.1, Մատթ. 22.44, Մարկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44). այս նախադասությունը նստելուց հետո կանգնած վիճակ չի ենթադրում: «Սավուղի դուստր Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ» (Բ Թագ. 6.23). սա չի նշանակում, թե մահից հետո զավակներ է ունեցել: Նաև Մատթ. 28.20-ում Քրիստոս ասում է. «Ձեզ հետ եմ և կլինեմ մինչև աշխարհի վախճանը», և սա չի նշանակում, որ աշխարհի վախճանից հետո մեզ հետ չի լինելու:

Աղանդավորների սխալ ուսուցումները բացահայտելով` նրանց հասցեին թշնամանքով չենք խոսում: Խորհրդային եկեղեցամարտության տարիներին արգելված էր հավատքի լայնորեն քարոզչությունը, և մեր հայրենի երկրի անկախության առաջին տարիներին Հայաստան ներթափանցած աղանդներից շատ մարդիկ առաջին անգամ լսեցին Աստծո մասին, իմացան աղոթքի և աղոթելու քաղցրությունը: Եվ մենք ոչ թե թշնամանքով ու ատելությամբ խոսում ենք աղանդավորների դեմ, այլ հանդես ենք գալիս սիրով, ճշմարտությամբ ու վեհությամբ բարձր, որպեսզի նրանք էլ ուզենան ետ դառնալ հավատքի շեղված ճանապարհից և հասնել այդ բարձունքներին: Մարդկային հոգեբանությանն անդրադարձած հեղինակներից մեկը հաստատում է, որ երբ խոսում են մարդու համար ընդունելի համարվող մտքերի ու կարծիքների դեմ, նրա ներվային համակարգը լարվում է, և մարդը նաև օրգանապես պատրաստվում է ամբողջ ուժով հակառակվելու: Բայց երբ խոսում ենք հանդարտությամբ և ճշմարտության ավելի բարձր դիրքից, իրենք էլ ուզում են հասնել այդ բարձունքներին և նոր հորիզոններին, որոնք Աստծո շնորհով մարդկանց ներաշխարհում բացվում և բացահայտվում են Սուրբ Եկեղեցու գրկում:

Լեզվախոսական խելագարություն

Այսօր ոմանք հարցնում են. «Ինչպե՞ս է, որ որոշ աղանդներ լեզուներ են խոսում (եթե, իհարկե, այդ կոկորդային ձայնարձակումները կարելի է լեզու համարել), Քրիստոսի անունով մարգարեություն և այլ գործեր են անում»: Լեզուների վերաբերյալ Պողոս առաքյալն ասում է, որ դրանք անհասկանալի են, իսկ մարգարեությունները` հասկանալի, ուրեմն և մարգարեությունները շինություն են եկեղեցու համար (Ա Կորնթ. 14.1-4): «Ուզում եմ« որ բոլորդ էլ լեզուներ խոսեք» – ասում է Պողոսը, որպեսզի չվիրավորի նրանց, – բայց ավելի լավ է մարգարեանաք» (Ա Կորնթ. 14.5): Մարգարեությունը Սուրբ Հոգու այն պարգևն էր, որն ունեցողը իր սրբակենցաղ կյանքով և վարքով կարողանում էր Աստծու խոսքը հասցնել մարդկանց, և Պողոս առաքյալը դա էր շինություն համարում Եկեղեցու համար: Ըստ առաքյալի` լեզուները նշան են անհավատների համար, այն էլ` երբ դրանք հասկանալի լինեն անհավատին (14.22): Պողոս առաքյալը մեջբերում է Հին Կտակարանից. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն Ինձ» (Բ Օր. 28.49, Եսայի 28.11-12, Ա Կորնթ. 14.21): Մարգարեությունից այս մեջբերումը վերաբերում է Հրեաստանի վրա ասորեստանցիների հարձակմանը, որն Աստծո պատիժն էր լինելու իրենց հարազատ լեզվով խոսող մարգարեներին չլսող հրեաներին: Մարգարեությունն անմիջականորեն չի վերաբերում լեզուների շնորհին, սակայն առաքյալը ցանկանում է ասել, որ ինչպես Հրեաստան եկած ասորեստանցիների անհասկանալի խոսքը լսելը պատիժ էր հրեաների համար, այնպես էլ կորնթացիների հավաքույթներում աղոթողների համար անհասկանալի լեզուների հնչումը վկայում է նրանց և Աստծո միջև բաժանման մասին: Հետևաբար, խելացիորեն չեն վարվում կորնթացիները, երբ արարողությունների ժամանակ ջանում են լեզուներ խոսել, և առաքյալն ասում է, որ եթե բոլորն էլ լեզուներ խոսեն, չե՞ն ասի, թե դուք գժվել եք (23):

Լեզվախոսական աղանդավորական շարժումները ծնվել են արևմուտքում, և դրանց պաշտամունքային ձևերը, հետևաբար, նման են արևմտյան շոուների, ինչը և տեսնում ենք դահլիճներում կամ ստադիոններում իրականացվող նրանց հավաքներում: Այսպիսի աղանդները հանդես են գալիս «Կենաց խոսք», «Նոր սերունդ» ու նման այլ անվանումներով, և նրանց թվացյալ շնորհները բնավ էլ փրկության չեն առաջնորդում, ինչպես ասաց Քրիստոս. «Շատերն Ինձ այդ օրը կասեն. «Տե՛ր, Տե՛ր, մի՞թե Քո անունով չմարգարեացանք, Քո անունով դևեր չհանեցինք և Քո անունով բազում հրաշքներ չգործեցինք»: Սակայն Ես այդ ժամանակ կասեմ նրանց. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. հեռացե՛ք Ինձանից բոլորդ, որ անօրենություն եք գործում»» (Մատթ. 7.22-23):

Հարցաքննություն աղանդավորական վարդապետության

Աղանդավորները չունեն այնպիսի սրբություններ ու հրաշքներ, որպիսիք ունի Սուրբ Եկեղեցին: Եվ հորդորելով մեր ժողովրդին չխաբվել աղանդավորներից` մի քանի հարցերով ցույց տանք նրանց սխալականությունը: Ինչպե՞ս են մորմոնները և Եհովայի վկաներն ասում, թե Քրիստոս Աստված չէ, եթե Քրիստոս Ինքն է ասում` «Ես և Իմ Հայրը մի ենք» (Հովհ. 10.30), «Հայրը Իմ մեջ է, և Ես` Հոր մեջ» (Հովհ. 10.38), եթե Թովմաս առաքյալը Քրիստոսին ասում է` «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ « (Հովհ. 20.28), եթե Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում` հենց առաջին գլխում, մեջբերելով սաղմոսի խոսքերը` ասում է, որ Հայրն Ինքն է Քրիստոսին Աստված կոչում (Եբր. 1.8-9, Սղմ. 44.7-8), եթե Հայտնության մեջ Քրիստոս կոչվում է Անսկիզբ և Անվախճան (Հայտն. 2.8), ինչպիսին կարող է լինել միմիայն Աստված: Ինչպե՞ս են հոգեգալստականները կամ այլ անունով հիսունականները իրենց մոլությունը` անմարդկային ձայների արձակումը, համարում ամենքի ճշմարիտ հավատքը վկայող Սուրբ Հոգու շնորհ, եթե Սուրբ Գիրքը հայտնապես նշում է, որ լեզուների շնորհն ամենքի համար չէ (Ա Կորնթ. 12.10, 13.30), եթե Պողոս առաքյալն ասում է, թե կամենում եմ հինգ խոսք խոսել խելքով, քան բազում խոսքեր` լեզվով (Ա Կորնթ. 14.19): Ինչպե՞ս են բողոքականները-ավետարանականները արգելում մանուկների մկրտությունը, եթե Հին Կտակարանի ժամանակներից սկսած երեխաները ծնողների հոգածությամբ էին Աստծո ժողովրդի անդամ դառնում (Ծննդ. 17.11), ծնողների հոգածությամբ էին փրկվում (Ելք 12.13, 23, 14.22, 16.14-19, 17.3), և եթե առաքյալները մկրտում էին ամբողջական ընտանիքներ (Գործք 16.15, Ա Կորնթ. 1.16, 16.15, 16.33), որոնց մեջ անտրամաբանական է պնդելը, թե բոլորովին երեխաներ չեն եղել: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարող է աշխարհիկ մեկը զբաղվել հոգևոր գործունեությամբ, եթե դրա համար պարտադիր է Քրիստոսից սկիզբ առած և առաքյալներով փոխանցված ձեռնադրությունը, քանի որ առաքյալներից հաջորդաբար եկած` հոգևորականների ձեռնադրության և դրա անհրաժեշտության մասին բազմիցս խոսվում է Նոր Կտակարանում (Գործք 6.6, 8.19, 13,3, 14.22, Ա Տիմ. 4.14, 5.22, Բ Տիմ. 6.6, Եբր. 6.2): Այս հարցերն իրենք իրենց միջից արդեն հնչեցնում են իրենց պատասխանները և լրջորեն մտորելու ու խորհելու տեղիք են տալիս բոլոր աղանդավորներին: Իսկ մենք էլ պետք է աղոթենք նրանց բոլորի դարձի գալու համար և գնալով խոստովանության ու ապաշխարության` պետք է նաև աղոթենք Աստծո առջև գործած մեր անձնական մեղքերի թողության ու քավության համար:

Տիրոջը պատկանողները

Երբ Մովսեսն իջավ Սինա լեռից, տեսավ, որ իսրայելցիները, Աստծուց երես դարձնելով, ոսկե հորթ են ձուլել ու այդ կուռքին են պաշտում: Այդ ժամանակ զայրացած Մովսեսը բարձրաձայն հայտարարեց. «Ով Տիրոջն է պատկանում, թող ինձ մոտենա»: Եվ Մովսեսին մոտեցան միայն Ղևիի որդիները (Ելք 31.1-26), դրա համար էլ հետագայում Աստծուն սպասավորություն անելը հանձնվեց միայն ղևտացիներին: Մյուսները համառեցին, ինչը որ ավելի վատ էր, քան կուռքին պաշտելը:

Քրիստոսի առաքյալները տարբեր երկրներում Եկեղեցիներ հիմնադրեցին: Առաքյալների հիմնադրած այդ Եկեղեցիները հոգևոր խնամք տարան և տանում են այդ երկրների ժողովուրդների հանդեպ: Եվ հայ ժողովրդի հոգևոր խնամակալն ու ծնողն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այսօր աղանդավորների, սխալ ուսմունքներ տարածողների առկայության պարագային Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին Մովսեսի նման ձայնում է հայ ժողովրդի բոլոր զավակներին` ասելով. «Ով Տիրոջն է պատկանում թող ինձ մոտենա»: Եվ դուք էլ, սիրելիներ, ինչպես այն ժամանակ ղևտացիները, ընտրեցեք ոչ թե շահը, հարմարավետությունը, այլ աստվածային ճշմարտությունը` դեպի Երկնային Արքայություն նավելով համայն հայության փրկարար տապանով, որն է` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում