Ժամանակակից մեկնաբանությամբ «Օնեգին»-ը բարձրացավ Ռուսական թատրոնի բեմ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս գրականության ամենանշանավոր գործերից մեկի՝ Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի հիման վրա բեմադրված «Օնեգին» ներկայացումն անսպասելի երաժշտական, պարային ու ռեժիսորական լուծումներով մատուցվեց թատերասերներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Բեմադրիչ Նորա Գրիգորյանն ասաց, որ դասական գործ երբևէ չի բեմադրել: «Վերջերս այլ աչքով ընթերցեցի հորս՝ Ալեքսանդր Գրիգորյանի գիրքը: Այնտեղ պատմում է, որ Լվովի թատրոններից մեկում «Եվգենի Օնեգին»-ը բեմադրելու պայմանավորվածություն է ունեցել, բայց չի ստացվել այն կյանքի կոչել: Անընդհատ մտածում էի այդ մասին: Վերընթերցեցի «Եվգենի Օնեգին»-ը: Կարդալիս պատկերացնում էի բեմադրությունը՝ հարուստ ինչ-որ սիմվոլներով, փոխաբերություններով: Ոգևորվեցի ու զանգեցի ընկերոջս՝ խորեոգրաֆ Արա Ասատուրյանին, որի հետ նախկինում էլ եմ համագործակցել»,-պատմեց Գրիգորյանը:
Նա խոստովանեց, որ գրեթե երկու ամիս օրուգիշեր են աշխատել թե՛ դերասանական կազմի, թե՛ խորեոգրաֆի հետ: «Չեմ կարող անգամ փոխանցել այն հույզերը, ապրումները, որոնք ունեցել ենք այդ ընթացքում: Ազատություն եմ տվել արտիստներին, քանի որ Պուշկինն էլ էր ազատամիտ, նրա հեգնանքը տարբեր երևույթների հանդեպ արտահայտվել է նրա գործերում, նկարագրություններում: Ուզում էի՝ դերասաններին էլ դա փոխանցվեր: Իսկապես միասնական ու երիտասարդական ներկայացում է ստացվել»,-ընդգծեց Նորան:
Ներկայացումը, որում զբաղված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը, հոտընկայս ծափահարություններով ընդունվեց՝ արժանանալով «բրավո» վանկարկումների:
Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում