Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը
Նմանատիպ
Եթե մթության խտացումից է միշտ լույսը ծնվում,
Մի՞թե մենք կյանքում քիչ մութ ենք ծամել` հացի փոխարեն,
Եվ մի՞թե քիչ ենք քնել մեր քունը մղձավանջային`
Մեզ, վերմակի տեղ, ծածկելով մթան մազեղեն քուրձով…
Մութը` անասեղ` կարկատանել է մեր աչքե՜րն անգամ,
Իր գույնն է խառնել և մեր արյա՛նը,
Կարմի՜ր արյանը,
Որ չորանալիս սևանում է միշտ,
Եվ չոր արյամբ էլ սևն է շատանում,
Այսինքն` մութը…
Անգամ ամեն ծառ,
Ամեն թուփ ու խոտ
Կարծես ճոճվում է, որ ավլի մութը:
Բայց ճոճմամբ իրենց ո՛չ թե ավելում,
Այլ հավելում են նրանք նույն մութը`
Իրենց ստվերո՜վ…
Կույր ծնվածները բարի են անչափ:
Կարող է կարծել միայն մարդը չար,
Թե կույրերն անվերջ աղոթք են անում,
Որ ընդարձակվի կայսրությունն իրենց,
Ու թագադըրվի մո՜ւթը,
Այդ մո՛ւթը`
Իրականների մեջ իրականը,
Տիրակալների մեծ տիրակալը…
Եվ իսկապես էլ` մեր թիկունքն է մութ.
Անցյալը գիտենք գրքերով միայն:
Գուցե առավել մեր ճակատն է մութ.
Գրքերն են ճառում գալիքի՛ց նաև:
Մո՜ւթը առջևից – մո՜ւթը ետևից,
Մենք` երկու մթան նեղլիկ արանքում,-
Էլ ի՜նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք:
Պիտի սեղմըվենք աջ ու ձախ թևից,
Սեղմըվե՛նք անվերջ-անվերջ խտանա՛նք,
Բայց… չբթանանք այնքան, որ կարծենք,
Որ եթե մթան խտացումից է միշտ լույսը ծնվում,
Ապա կծնվի ինքնաբերաբար`
Ինչպես Հիսուսը Միածին Կույսից,
Մինչև իսկ առանց… «Եղիցի լույս»-ի…
09.XI.1965թ.
Չանախչի
19.III.1967թ.
Արզնի
(«Եղիցի լույս» շարքից)
Հետևեք մեզ նաև Telegram-ում