Ադրբեջանի իշխանությունը խուճապի մեջ է. Ռուստամ Իբրահիմբեկով
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունը խուճապի մեջ է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» կազմակերպության նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը’ մեկնաբանելով հոկտեմբերի կեսերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում «Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ» իշխանամետ կուսակցության կողմից երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը ներկայացնելու փաստին: «Նրանք չգիտեն, թե ինչ են անում, եւ իրար հակասող ? ?արբեր որոշումներ են ընդունում: Այդ պատճառով, ինձ դժվար է մեկնաբանել նրանց քայլերը: Իշխանությունն առայժմ առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը, եւ ես չեմ կարծում, թե ընտրություններում իշխանությունը կմասնակցի երկու թեկնածուով», -նշել է նա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Իբրահիմբեկովը ներկայում եվրոպական երկրներում շրջագայում է: Այցի ընթացքում Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի նորաստեղծ կազմակերպության առաջնորդը մտադիր է աջակցություն ստանալ եվրոպական կառույցներում’ առաջիկա ընտրություններում ընդիմության միասնական թեկնածուի համար:
Նա նաեւ նշել է, որ մտադիր է Բաքու վերադառնալ հուլիսի 15-ից հետո: «Կարծում եմ մինչ այդ կավարտեմ եվրոպական երկրներ շրջագայությունս եւ կվերադառնամ Բաքու: Շրջագայության շրջանակում պետք է հանդիպումներ ունենամ Փարիզում, Ստրասբուրգում, Բեռլինում եւ Բրյուսելում: Ես չեմ բացահայտի իմ հանդիպումների մանրամասները, քանի որ իշխանություններն ամեն բան անում են իմ հանդիպումները վիժեցնելու համար», -ասել է նա:
Ադրբեջանի ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ»-ն ստեղծվել է 2013 թ-ի հունիսի 7-ին, որը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու է միասնական թեկնածուով: Չի բացառվում, որ խորհուրդն առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Ամիսներ առաջ ճանաչված կինոդրամատուրգ Իբրահիմբեկովը հայտնվել էր Ադրբեջանի իշխանությունների քննադատության թիրախում: Պատճառը ռուսական «Ռոսբալտ» գործակալությանը դրամատուրգի տված հարցազրույցն էր, որի ժամանակ նա հայտարարել է, որ «հ այերին թշնամի չի համարում եւ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել ժողովուրդների միջեւ միմյանց նկատմամբ թշնամանք չսերմանել»:
«Ադրբեջանը ցանկանում է իր կազմում տեսնել Լեռնային Ղարաբաղը, բայց այն միայն տարածք չէ, նաեւ հայկական բնակչություն է: Ես համարում եմ, որ մեծագույն սխալ է հայերի նկատմամբ թշնամանք սերմանելը», -հայտարարել էր նա: Դրանից հետո ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ները Իբրահիմբեկովին կնքեցին «դավաճան» անունով’ ասելով, թե հայտնի մտավորականը կասկածի տակ է դրել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղն էլ հայկական հող է համարել»: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն այդ հարցազրույցից հետո ադրբեջանցիներին կոչ էր արել «ատել» հայտնի կինոդրամատուրգին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում