Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն

Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Նախարարությունից հայտնում են, որ տոնական օրերին նախարարության ենթակայության թատերահամերգային հաստատություններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: Ընդգրկված ներկայացումները ոչ միայն մանկահասակների համար են, այլև մեծահասակների:

Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նախաձեռնությունը համարել է կարևոր և աննախադեպ իրադարձություն՝ հավելելով, որ Ամանորը դիմավորելու ընդունված ձևաչափը իրեն արդեն սպառել է:

«Կարծեք հայտնվել ենք մի շրջապտույտի մեջ ու գիտակցում ենք, որ տոները դիմավորելու նոր ձևաչափի, կենցաղն ու մշակույթը փոխելու, մեզ անառողջ ապրելակերպով և կենցաղով հնարավորինս չծանրաբեռնելու կարիք ունենք»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ա. Խզմալյանը:

Այդ օրերին աշխատելու են ոչ միայն մայրաքաղաքային, այլ նաև համայնքային թատրոնները՝ բացառապես կամավորության սկզբունքով: Գնային քաղաքականության առումով թատրոնները և թանգարանները շարունակելու են աշխատել նույն սկզբունքով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ­ների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

◆ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,

◆ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,

◆ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,

◆ Հովհաննես Թումանյանի թանգարան,

◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,

◆ Երվանդ Քոչարի թանգարան,

◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),

◆ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),

◆ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):

Հետևեք մեզ նաև Telegram-ում