Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվեց Վարդապետի ձեռագիր նամակով՝ ուղղված Նիկողայոս Տիգրանյանին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվեց Վարդապետի ձեռագիր նամակով՝ ուղղված Նիկողայոս Տիգրանյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը դեկտեմբերի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրեց Վարդապետի ձեռագիր նամակը՝ ուղղված Նիկողայոս Տիգրանյանին Սուրբ Էջմիածնից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակը 1981 թվականին որոշ նյութերի հետ Սպենդիարյանի տուն-թանգարանին է նվիրել Նիկողայոս Տիգրանյանի ազգական և ընկեր, երաժշտագետ Միքայել Տերյանը։

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը պատմեց, որ Ղրիմում ծնված, մեծացած, Ռուսաստանում ապրած և աշխարհում մեծ անուն ունեցած Ալեքսանդր Սպենդիարյանն առաջի անգամ 1916 թվականին է առիթ ունենում լինել Կովկասում: «Նա գալիս է Թիֆլիս հեղինակային համերգների: Այցելությունը նրա համար շրջադարձային է եղել, քանի որ ծանոթացել է Թումանյանի և այլ հայ մտավորականների հետ, իսկ մարտի 31-ին Ներսիսյան ճեմարանում կազմակերպված համերգին հնչում են Կոմիտասի ստեղծագործությունները: Նա մեծ ուշադրությամբ է լսել այդ գործերն ու խնդրել, որ կրկնեն: Համերգի ավարտին կոմպոզիտորն ասել է, որ իր համար սա բոլորովին նոր աշխարհ էր»,-ներկայացրեց Օթարյանը:

Նրա խոսքով՝ Սպենդիարյանը մի առիթով ասել է, որ ուշ է բացահայտել Կոմիտասին, բայց հիմա էլ ուշ չէ, հիմա էլ սովորում է նրանից:

«Սա Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվող նախաձեռնություն է, որն ուղղված է բոլոր այն մարդկանց, որոնք Կոմիտասի վերաբերյալ նյութեր ունեն և կարող են փոխանցել թանգարան-ինստիտուտին, ինչի համար էլ ձևավորվել է այս կառույցը: Մեզ տրամադրված նյութերը ներկայացնում ենք ցուցահանդեսներում, տարբեր հրատարակությունների միջոցով»,-նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը՝ շնորհակալություն հայտնելով Օթարյանին և բոլոր նրանց, ովքեր նպաստեցին նախաձեռնության իրականացմանը:

Միջոցառմանը սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը դաշնակահար Մարինա Վարդանյանի նվագակցությամբ կատարեց Կոմիտասի և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից մի քանիսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում