Ներել
Նմանատիպ
«…Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան » (Ղուկ. 17:3)
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Տերունական օրհնաբեր կիրակին կրկին հարազատ եկեղեցու գիրկն է առաջնորդել ձեզ, ինչի համար փա՜ռք և օրհնությո՜ւն Ամենակալին: Սա պարտականություն չէ, սիրելինե՛ր, որ ստիպված եք կատարել, այլ իսկական երանություն, քանի որ ձեր հայրական հարազատ ու տաքուկ օջախն եք եկել: Սիրելի ծնողի հանդեպ սերը, Նրան, ինչպես նաև ձեր եղբայրներին ու քույրերին հանդիպելու քաղցր սպասումը պիտի ջերմացնի ձեր սիրտը ողջ շաբաթվա ընթացքում և կիրակի օրն անպայման ձեզ առաջնորդի եկեղեցի: Գիտակից ծնողը միմիայն բարիք է կամենում իր զավակին և ամեն ինչ անում դրա համար, իսկ Երկնավոր ծնողը ոչ միայն կամենում է, այլև ի զորու է և պատրաստ՝ մեծագույն բարիքը՝ փրկությունն ու հավիտենական կյանքը պարգևելու Իր սիրելի զավակներից յուրաքանչյուրին, միայն թե նա էլ կամենա: Մարդկության պատմությանը ծնողական զոհաբերության բյուրավոր դեպքեր են հայտնի, երբ ծնողը նույնիսկ իր կյանքն է զոհել հանուն զավակի, սակայն, ցավոք, քիչ չեն նաև դեպքերը, երբ ծնողը սեփական ձեռքերով խլել է իր զավակի կյանքը: Իսկ Մեր Երկնային Հոր պարագայում տարբերակներ չկան, իրողությունը մեկն է՝ մեծագույն և մարդկային տկար մտքի համար անընդգրկելի զոհաբերություն. Նա իջավ Իր արքայական գահից, անսահման մեծությունը պարփակեց մարդկային սահմանափակ մարմնում, հնազանդ զավակ եղավ Սուրբ Մարիամի և Հովսեփի համար, Արարիչ լինելով՝ խոնարհությամբ տարավ Իր արարածների ծաղրն ու անարգանքը, ծեծն ու տանջանքները՝ մեն մի առաքելությամբ, որպեսզի խաչի մահվամբ համայն մարդկության՝ մեզնից յուրաքանչյուրի, մեղքերն ի մի ժողովելով ու խաչին գամելով՝ ների մեզ ու փրկություն պարգևի:
Ներելու գաղափարը ավետարանական մեխերից մեկն է, սիրելինե՛ր: Մարմնացյալ Աստված ամեն առիթ օգտագործում է ներելու դաս տալու համար: «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների»,- սովորեցնում է Տերը Լեռան քարոզում (Մտթ. 6:14): Ներելու հրաշալի օրինակ է բերում «Անառակ որդու վերադարձը» առակում և սեփական օրինակով սովորեցնում ներել նույնիսկ մահացու թշնամիներին, երբ խաչին գամված՝ աղոթում է իրեն չարչարողների ու սպանողների համար. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34): Սակայն, մինչ այդ, օրվա ավետարանական ընթերցվածքում սովորեցնում է. «….Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան: Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան» (Ղուկ. 17:3-4) կամ ինչպես Մատթեոս առաքյալն է պատմում. «Պետրոսը մոտեցավ նրան ու ասաց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ»: Հիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թե՝ մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մտթ. 18:21-22): Առաջին օրինակում Տերը պատգամեց ներել այնքան, որքան դիմացինը կմեղանչի, իսկ երկրորդում հաստատեց, որ ներումը պետք է միշտ ու հարատև լինի՝ անկախ մեղանչումների քանակից, ծանրությունից ու պարագայից:
Ներելու անհրաժեշտությունը ծնվում է վիրավորանքի առկայությունից և մարդն այն զգում է դեռ մանկուց, երբ բակում կամ մանկապարտեզում խաղալիս՝ դեռևս նոր կյանք մտած մանկիկները վիճում ու նեղսրտում են խաղալիքի համար: Այնուհետև միմյանց վիրավորում ու նեղացնում են դպրոցում, այլ ուսումնական հաստատություններում, աշխատավայրում և կյանքի մյուս բոլոր ոլորտներում՝ անձնական վիրավորանքներից սկսած մինչև ազգային, քաղաքական կամ գաղափարական վիրավորանքները: Մարդիկ միմյանց վիրավորում են խոսքով կամ գործով, երբեմն էլ նույնիսկ մեկ հայացքով կամ շարժումով: Վիրավորում են գիտակցաբար, դիտմամբ կամ անգիտակցորեն՝ անուշադրության, անփութության հետևանքով: Ծնողները վիրավորում են զավակներին, զավակները՝ միմյանց ու ծնողներին: Պատճառներն ու ձևերը բազմաթիվ են ու բազմաբնույթ, սակայն պատասխանը մեկն է՝ ներել ամեն պարագայում: «Հա՛յր մեր… ներիր մեր հանցանքները, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»,- Քրիստոս սովորեցրեց այսպես աղոթել Տերունական աղոթքում և, միանշանակ, սա չափազանց կարևոր կետ պետք է լինի, եթե Տեր Հիսուս Քրիստոս հարկ համարեց հենց դա՛ նշել այն միակ աղոթքում, որ անձամբ տվեց:
Մեր տատիկներն ասում էին՝ մանկան ծոծրակը մի՛ համբուրեք, որպեսզի խռովկան՝ նեղացկոտ, չլինի: Սնահավատություն է իհարկե, բայց տեսե՛ք, թե մեր իմաստուն նախնիներն ինչպես էին կարևորում այս արատավոր երևույթից զգուշանալն ու զերծ մնալը: Եկեղեցու հայրերն ասում են, որ եթե մարդը նեղացկոտ է, այսինքն՝ շուտ է վիրավորվում, չնչին բանից անգամ կարող է նեղսրտել ու հիշաչար է, ապա դա վկայում է նրա սրտում բույն դրած մեծ հպարտության, մեծամտության ու եսասիրության օձի մասին: Այսինքն՝ նեղացկոտ մարդը, որը հեշտորեն վիրավորվում է և մեծ դժվարությամբ ներում, հոգևոր ծանր ախտերով տառապող հիվանդ է, որին շտապ բուժում է անհրաժեշտ, և որի ապաքինման միակ դեղամիջոցը ներումն է: Քանի որ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ վիրավորվում է: Բառն արդեն իսկ հուշում է, որ վերք է ստանում հոգուն, իսկ եթե վիրավորանքները բազմաթիվ են, ապա սարսափելի է անգամ պատկերացնել նման խոցոտված, ժանտահոտ ու արնահոսող հոգին: Մարդը կորցնում է քունը, հոգու խաղաղությունը, հավասարակշռությունը, ուրախությունը, չի կարողանում կենտրոնանալ այլ բաների վրա: Կյանքը կանգ է առնում նրա համար և աչքի առջև միայն մեկ ժապավեն է պտտվում՝ վիրավորանքի տեսարանը: Մարդը կրկին ու կրկին վերապրում է վիրավորանքի պահի ցավը՝ զայրանալով, ատելությամբ լցվելով և թույլ չտալով, որպեսզի վերքն ապաքինվի: Եթե իրեն վիրավորողը մեկ անգամ էր մեղանչել՝ այդ վիրավորանքը հասցնելով, ապա նա բազմիցս մեղքի մեջ է հայտնվում՝ մտովի անդադար նրան դատելով, ի պատասխան՝ վիրավորելով և սպանելով, քանի որ ատելը հավասարվում է սպանությանը: Մենք մտովի սպանում ենք մարդուն, երբ անիծում ենք նրան, չարը կամենում, փոխում ենք ճանապարհն ու երեսը շրջում, որպեսզի նրան չտեսնենք անգամ, մի խոսքով՝ ողջ էությամբ հակառակվում ենք տերունական ներելու պատգամին: «Հա՛յր մեր… ներիր մեր հանցանքները, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին…»
Ի՞նչ անել, սիրելի՛ հավատացյալներ, ինչպե՞ս սովորել ներել, եթե այս ամենն իմանալով և համարելով, թե ներել ենք՝ դեռևս ներքուստ չարախնդում ենք, երբ լսում ենք մեզ վիրավորողի դժբախտության մասին, կամ՝ հիասթափվում ու տարակուսում՝ նրա հաջողությունները տեսնելիս: Առաջին միջոցը տվեց Ինքը՝ Քրիստոս. «….սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրայ: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մտթ. 5:44-48): Այսինքն՝ սիրելինե՛ր, մեզ վիրավորողի մասին լսելիս կամ նրան հիշելիս՝ անիծելու ու բարկանալու, նրա վիրավորանքի դիմաց Տիրոջից հատուցում պահանջելու և մեր սիրտը թույնով լցնելու փոխարեն, որևէ բարիք մաղթենք նրան և Աստծու ողորմածությունը նաև նրա համար հայցենք: Ի դեմս մեզ վիրավորողի՝ տեսնենք ոչ թե թշնամու, այլ մեզ պես տկար և մեղքով ախտահարված մեկի, որը, եթե նույնիսկ չի գիտակցում, սակայն նույնպես Քրիստոսով ապաքինման կարիք ունի: Չնմանվենք մեր դարավոր թշնամուն, որ ատում է մարդուն, այլ հիշենք հայրերի խրատը, թե՝ ատեք մե՛ղքը, իսկ մարդուն՝ սիրե՛ք: Նախքան որևէ մեկից վիրավորվելը կամ եթե արդեն վիրավորվել ենք ու հիմա պիտի ներենք, մտածենք, թե քանի՜-քանիսին ենք ինքներս վիրավորել ու անցել, և հաճախ չենք էլ իմացել, թե ինչպես են լուռ կուլ տվել վիրավորանքը, ինչպես են մեզ ներել ու երբեք չեն հիշեցրել: Մերձավորին ներել սովորելու համար մեր հայացքը մշտապես ուղղենք Գողգոթայի բարձունքին, նայենք խաչյալ Քրիստոսին, որ մեզ ներելով՝ խաչ բարձրացավ, սակայն մենք, ամեն օր կրկին ու կրկին մեղանչելով ու չզղջալով, թույլ չենք տալիս, որ իջնի խաչից: Ներելու համար մի՛ սպասեք, որ ձեզ վիրավորողները պիտի գան ու ներողություն խնդրեն ձեզանից. Քրիստոսին խաչողները չխնդրեցին, սակայն ներում ստացան: Այդ մե՛նք պիտի ներում հայցենք Ամենակալից՝ մեր անթիվ ու անհամար մեղքերի համար, որոնց համեմատությամբ մեր դեմ գործվածները ոչինչ են: Ամենքի վրա տարածվող աստվածային սեր և ներելու շնորհ ու կարողություն աղերսենք Ամենակալից: Խնդրենք, որպեսզի Անաղարտ Լույս և Պայծառ Արեգակ Քրիստոս չխորշի թշնամանքի բույն դարձած մեր սրտերից և այցելության գա՝ համատեղ ջանքերով մաքրելու մեր սիրտն ու աստվածային սրբագործ ներկայությամբ բժշկելու մեր ախտահարված հոգին: Խոնարհ հոգի ու մաքուր սիրտ (Սղմ. 50:19) աղերսենք Տիրոջից, որպեսզի կարողանանք մշտապես աղոթել. «Ողորմած և Բազմագութ Աստված՝ Հիսուս Քրիստոս, ….խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր նրանց, ովքեր իմ հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում, ովքեր բամբասում, վատաբանում, ու հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրավամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին: Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետև հիրավի մեղավոր եմ և արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: … Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուրն ես և անհուն ողորմության ծով, ողորմի՛ր նրանց և ինձ ու ների՛ր իմ հանդեպ բոլոր սխալները: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի և փառք վերառաքենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում