Վահագն Դավթյան․ Երկիր գաղտնարան…

Վահագն Դավթյան․ Երկիր գաղտնարան…

Երկի՛ ր Հայաստան, նորից լեռնային ճամփադ է իմ դեմ,
Քարափ է, վիհ է, որ ամեհի է, ու աղբյուր է ջինջ…
Ես կարծում էի, թե ոտից գլուխ քեզ անգիր գիտեմ,
Եվ, սակայն, ներիր, չգիտեմ ոչինչ:

Մութ քարանձավ է, փուշն ու մացառը բերանն են փակում,
Ներսում բյուրեղ է, փիրուզ է, մարջան,հեքիաթի քարեր,
Եվ այս ամենը ինչպե՞ս ես պահել ինձանից թաքուն,
Աշխարհից թաքուն ինչպե՞ս ես պահել ։

Ավերակ բերդը նստել քարափին ու նայում է ցած,
Ես նայել հեռվից ու կարծել էի՝ դա ժայռ է անել,
Եվ սակայն նայիր, սա մագաղաթ է ասես քարացած,
Որ պիտի բացել, պիտի վերծանել։

Եվ վիհ է ցածում՝ կապույտով լեցուն անհուն մի թախիծ,
Ի՞նչ կա խորքի մեջ…երևի գետի արծաթե մի թել…
Բայց խոսք են խոսում, թե ցերեկ օրով նրա հատակից
Կարող ես ոսկե աստղերը դիտել։

Երկի՛ր, հրաշքի ցոլքերով լեցուն քարանձավ իմ մութ
Երկի՛ր, գաղտնարան, որ մինչև հիմա դեռ փակ է իմ դեմ,
Երկի՛ր , առեղծված, դեռ պիտի իջնեմ վիհերը ոգուդ,
Այնտեղից՝ ոսկե աստղերդ դիտեմ…

1982թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում