Հոգուդ մեջ պիտի համոզվես, որ ինչպես մարդ խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստված պիտի խրատի քեզ
Նմանատիպ
Յուրաքանչյուր անհատ և ազգ պետք է գիտակցի, որ Աստված նախ և առաջ սիրող Հայր է:
Ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ ծնող լավագույն նկատառումներով և ամենաբարի մտադրություններով դաստիարակում և խրատում է իր զավակին, նույնպես և Աստված խրատում է մեզ:
«Եթե չլսեք Ինձ, Իմ կարգադրություններից ձանձրանալով՝ չկատարեք Իմ պատվիրանները, վերացնեք Իմ հաստատած ուխտը, ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք: Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն:
Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար Իմ ուխտի վրեժը: Եվ եթե ամրանաք ձեր քաղաքներում, Ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք պիտի մատնվեք թշնամիների ձեռքը:
Ձեր քաղաքները ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները և ձեր զոհաբերությունների անուշ բույրը այլևս չպիտի հոտոտեմ:
Պիտի ավերեմ ձեր երկիրը, և նրա մեջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրա: Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ: Ձեր երկիրը ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի:
Դուք պիտի կորչեք ժողովուրդների մեջ, և ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տա: Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորվեն իրենց թշնամիների երկրում և իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն: Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզվեն, որ հանցանք են գործել և արհամարհել են Ինձ. նրանք հակառակվեցին ինձ, Ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում: Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, և իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրությունը» (Ղևտ 26; 14-41):
Այս տողերը հայ ժողովրդի պատմության էջ են հիշեցնում, այնինչ դրանք ուղղված են Աստծո ժողովրդին: Հին ուխտում դա հրեա ազգն էր, նոր ուխտում՝ քրիստոնյա ազգերը, այդ թվում և հայ ազգը: Մեծ պատիվ է Աստծո ժողովուրդ, որդի լինելը, բայց և՝ մեծագույն պատասխանատվություն: Այս սպառնալից պատուհասները արդեն մենք ճաշակել ենք մեր պատմության ընթացքում, ուստի, օրինակ ունենալով այս ամենը, հավատարիմ մնանք Նրա պատվիրաններին, որպեսզի ժառանգենք Նրա հավիտենական օրհնությունները, ըստ Նրա անսուտ խոսքի. «Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին և պահես ու գործադրես դրանք, ապա քո Տեր Աստվածը կկատարի Իր արած ուխտն ու ողորմածությունը, ինչպես որ երդվել է մեր հայրերին: Նա կսիրի, կօրհնի ու կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու յուղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հոտերը այն երկրում, որ երդվեց Տերը տալ քո հայրերին: Օրհնյալ կլինես դու, քան բոլոր ազգերը: Դու և քո անասունները ամուլ ու ստերջ չեք լինի: Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները: Դու կսպառես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տեր Աստվածը: Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև նրանք քեզ համար որոգայթ են» (Թվեր 7; 12-16): Յուրաքանչյուր ազգ կամ մարդ պատժվում է իր գործած մեղքերի պատճառով և օրհնվում իր իսկ հոգու խորքից բխած հավատքի բարի գործերով:
Այսօր շատերը դժգոհում են, թե իշխանավորները ապաշնորհ են, հոգևորականները՝ անարժան, այսօր չկան հերոսներ և նվիրյալներ: Իսկ ինչն է պատճառը: Երբ հերոսները կան, և կա նվիրյալ հոգևորականը, ազգը առանց տատանվելու իրեն հաստատագրում է ծնողական կարգավիճակում, իսկ երբ երևան են գալիս «քաջ նազարներն» ու ապիկարները, ազգը չքմեղանում է և նրանց արմատները իր մեջ չի էլ փորձում փնտրել: Այսօր քրիստոնյա հայ ազգը ունի հերոսներ և նվիրյալներ ծնելու միայն մեկ հնարավորություն, միայն մեկ ուղի. իսկապես արժանանալ և հավատարիմ մնալ քրիստոնյա կոչմանը՝ ստանձնելով Աստծո զավակ լինելու պատիվ-պատասխանատվությունը:
Եվ «հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ ևս առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք. քանի որ նրանք մի փոքր ժամանակ և ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը» (Եբր. 12;9-10): Եվս մեկ անգամ լսենք մեր Երկնավոր Հոր կանչը և ստանձնենք մեր լուսավոր ապագայի երաշխիքը՝ հնազանդությունը Նրա օրենքներին:
«Ես այսօր, ահա, ձեր առջև դնում եմ օրհնություններ ու անեծքներ: Օրհնություն կստանաք, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, անեծքներ՝ եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ» (Երկրորդ օրենք 11;26-28):
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում