Համո Սահյան․ Անտառն իմ մեջ, ես՝ անտառի…
20/12/2019 21:32
Նմանատիպ
Անտառն իմ մեջ, ես՝ անտառի…առավոտ:
Մահվան խորհուրդ: Անմահության համ ու հոտ:
Մխրճվել եմ խոր խոհերում…ու հանկարծ
Մանգղթեւիկն իջավ թևիս ու մնաց:
Իջավ թևիս, թևահարեց, ծկլթաց,
Աչքերիս մեջ բեկվեց նրա աչքը թաց:
Վիրավոր էր. ոտից արյուն էր կաթում:
Աղերսարկու՝ հույսը ինձ հետ էր կապում:
Աշխարհն ինձնից ի~նչ գաղտնիքներ է պահել,
Ծիծեռնակը երբ է մարդուն վստահել…
Անտառն ասես դարձավ հին տունը տատիս,
Զարթնեց իմ մեջ հեքիմությունը տատիս:
Տատիս նման առաջ վախը չափեցի,
Հետո վերքը տատիս ձևով կապեցի:
Ծիծեռնակը իր անելիքը առավ,
Ծիվ-ծիվ կանչեց, թևին տվեց ու թռավ:
Թռավ գնաց: Տուն եմ գալիս ես մենակ,
Անտառն իմ մեջ՝ մի վիրավոր ծիծեռնակ: