Մատթեոս Զարիֆյան․ Մայրամուտի կույսերը
Նմանատիպ
Միսաք Մեծարենցի հոգիին
1.
Խո՜ր երազի պահեր կան՝
Իրիկունները աշնան՝
Երբ կը զգաս թե հանկարծ խուցըդ կը մտնե
Հոգի մ’աղվոր – ու ամեն բան կը մըթնե․․․
2.
Ու կը նըստիս անոր հետ լուռ քովե քով,
Կամ կը պատմես, վըշտերդ տըժգույն, արցունքո՜վ,
Կործանումներն հնօրյա,
Եվ ան քեզի հետ կուլա․․․
Հետո երկա՜ր, երկա՜ր ատեն կը լռես.
Ան միշտ քեզի կը նայի, մութ, տրտմերես․
Դուրսը տակավ կը շատնան
Հռընդյունները աշնան․․․
Օ՜, ըլլալ լուռ հոգիի մ’հետ ու մինակ
Ով գիտե՛ քեզ ավերակ առ ավերակ․․․
Սենյակին մեջ ամեն դի
Շիթ շիթ արցունք կը կաթի․․․
Հանկարծ կը զգաս թե շրթունքներ ճակատեդ
Կընեն Գիշերն ու Մորմոքումը անհետ․․․
Ա՛լ չես լըսեր ոչ մեկ ձայն,
Կը լսես Ձա՜յնը միայն․․․
3.
Օ՜, այդ Ձա՜յնը։ Նույնքա՜ն հիվանդ ու մըթին,
Որքան նվագն այն անծանոթ Սրինգին
Զոր երազներ ես երկար,
Երբ հոգիդ վիշտ մ’ունենար․․․
Ալ քեզ այնպե՛ս կը թվի թե, համրորեն,
Կը սահիս վար մութ ջուրերու վրայեն․․․
Ու մոռնալով կյանքը սին՝
Կը շնչես խունկն այդ կույսին․․․
Ու հոգիիդ վիհերեն դո՛ւրս կը թափին
Հոն թաքնված մութ-մութ վարդերն Ըղձանքին․․․
Կը գինովնա՜ս պերճորեն,
Աստվածային այդ բույրեն․․․
Ու հոգիիդ մշուշներեն կ’երևին
Ծիածաններն երազված մե՜ծ Արևին․․․
Այդ Լույսին տակ, սուրբի պես,
Ծունկի կուգաս, կ’աղոթես․․․
4.
Հետո ժըպտով մ’ընտանի,
Այդ քույրն անույշ կը մեկնի։
Իզո՜ւր մութին մեջ կը ձայնես ետևեն.
Մայրամուտի կույսերն այդքա՜ն կը տևեն․․․