Հրանտ Մաթևոսյան․ Երկու խոսք ընթերցողիս
Նմանատիպ
Հատված «Սպիտակ թղթի առջև» գրքից
Ծնվել եմ Լոռի, 1935-ին: Այդ և հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր և հների միջև շատ ավելի Թումանյանի-Տոլստոյի-Քսենոփոնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվային: Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, և մարդականց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել:
Ի դեպ, նման մի բան՝ հիշողության վթար և վերստեղծում, Հայոց մեր բոլոր տոհմերի ու հովիտների պես , նաև այդ բնակավայրն է ապրել. երբ հարյուր հիսուն տարի առաջ Օհանես, Հովհաննես Թովմասի Մաթևոսյան, Թումայի Օհանես անուն երիտասարդ հաղպատեցին հեռավոր այս ձորն իրեն գյուղատեղի է արել, նախկին ժողովուրդը քաշված է եղել շենացնելու պարսիկների Աղա-Մահմեդ-խանից ավիրված Թիֆլիսն ու Վրաստանը կամ գուցե շահ Աբասի մեծ գաղթով է քշված եղել Իրանի խորքեր և կամ գուցե թուրքերից, արաբներից ու կովկասյան լեռնաբնակներից ասպատված: Ոչ թեկուզ վայրենացած այգի, թեկուզ կորդ հերկատեղի, կորած ջրանցքի թումբ, ոչ էլ գետնաթաղ սանդ ու ջաղացքար,- խաչքարի իրենց հայ քրիստոնյայի նախշուն կնիքից զատ հները ոչինչ չեն թողել գալիք ահնիձորցիներին, և սրանց առաջնեկն էլ իր պապերի Հաղպատից ոչինչ չի բերել իր հետ – մի զույգ ձեռք, մի ընկեր կին, անունը դնենք Նանի, ու մի հայոց լեզու:
Այդ անմռունչ մշակի ա անանուն աղջկա ծոռների գյուղն արդեն մաքուր խոտհարքների, լավ տաշած կալերի, ակունքը բացած աղբյուրների, երկու հարյուր աշակերտով զնգուն դպրոցի մի ողջ երկիր էր: Ահա այդ երկիրը, մե նահապետների կապած այդ տապանը հարյուր հիսուն տարի տարուբերվեց կյանքի մակերևույթին, ապա աշխարհը մտավ կեցության նոր ոլորտ, և այդ գյուղը՝ այդ տապանը՝ մարդկության ու մարդկայնության այդ դարավոր կացարանըմեր զարմացած աչքերի առջև քայքայվեց ու խորտակվեց և կամ կերպափոխվեց, չգիտեմ:
Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ նոր մի հովիտ փռել և բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով և կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձանից» ստեղծել, և այդ ամենըվերաբնակեցման տպավորություն է թողնում: Շատ կուզենայի՝ որ իմհովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի՝ որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:
Ինչո՞ւ եմ գրում. որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե՝ այո, բայց շատ ավելի գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու եթե ասեի՝ չգիտեմ ինչու եմ գրում: Աստծու որևէ արարած եթե կարողանա ասել՝ թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի՝ թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում: Ես իմ մասին միայն գիտեմ, որ այսինչ տարիքի հայ եմ, գրում եմ, իմ խոսքը ինձ երբեմն գոհացնում է, ահա. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրոմ են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փաքչում է»: Ուզում եմ ճշմարիտ վերծանողը լինել նրա՛նց ճակատագրի, ովքեր անհատականություն են, բայց կորուստների ու նվաճումների ամփոփագիր են մտնում որպես անդեմ-անանուն-անցավ սոսկական միավոր, մեծ ողբերգություններում միայն համր ֆոն են և վատ գրողների անզոր գործերում ամբոխ են կնքվում: «Գլխատված երկրի հայ գյուղացին իր տունն իհարկե պետություն և իրեն էլ այդ պետության մշակի հետ նաև իշխանն էր դարձնելու. երկրի ազնվականությունն անցավ հայ շինականին, թշնամու առաջ հայոց պետականության փոխարեն հայի տունը կանգնեց» – Համո Սահյանի բանավոր խոսքն է: Տարեգիրները իրենց ժամանակին երկրի գլխատման պատմությունը մատենագրել են, ես ջանում եմ վկայել իմ ժամանակի հայոց տան այդ ազնվականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում