«Ես իմ առանցքի շուրջն եմ պտտվում»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Մեր խառը ժամանակներում, երբ ոմանք փորձ են անում արժեզրկել բարոյական ու հոգեւոր նշանակությամբ մի շարք հասկացություններ, այդ թվում նսեմացնելով կամ փոշիացնելով հերոսի կերպարը, մենք՝ արվեստագետներս, պիտի ջանանք հնարավորինս տեր կանգնել այդ արժեքներին: Ինչ խոսք, որ ամենավեհ ու սրբազան գործը հայրենիքի պաշտպանությունն է, կյանքի գնով հարազատ ժողովրդի անվտանգության ապահովումը: Եվ որ արցախյան պատերազմների ընթացքում մենք իրականում հարյուրավոր հերոսներ ենք ունեցել, այդ մասին պետք է անպայման բարձրաձայնենք, քանզի բազմաթիվ վավերագրական նյութեր ու փաստեր կան:
Ներկա սերունդը պետք է կարողանա ի վերջո տարբերել թացը չորից, կեղծը՝ շիտակից՝ ի պաշտպանություն ռազմի դաշտերում նահատակված այն քաջ հայորդիների, որոնց անունները ոսկե տառերով պիտի գրվեն հայ ժողովրդի պատմության հերոսական մատյաններում: Հենց 30 տարի ի վեր հերոս տղաների սխրանքների լուսաբանմանն են նվիրված հրաշալի կինոբեմադրիչ Սամվել Թադեւոսյանի ֆիլմաշարերը: Վերջին մի քանի օրերի ընթացքում նրա ֆիլմերը ցուցադրվեցին մայրաքաղաքի տարբեր վայրերում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ կինոյի տան մեծ դահլիճում հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսորի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից «Արթուր Ղարիբյան» ֆիլմը եւ 2016թ. ապրիլյան պատերազմին նվիրված «Հարատեւ կռիվ» ֆիլմը: «Գրիգոր Նարեկացի» մշակույթի կենտրոնում ցուցադրվեց «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարից «Հալիձորի Միշան» ֆիլմը: Նա ջոկատի խիզախ հրամանատարներից էր, որն իր չորս եղբայրների հետ մասնակցել էր Արցախյան պատերազմին:
Միշան, որ զոհվել է, նաեւ Արաբո ջոկատից էր: Սամվել Թադեւոսյանը բավականին հետաքրքիր կադրերով ներկայացրել է մարտական փառապանծ ուղիով անցած այդ ջոկատի կռիվների տարեգրությունը: Նշենք, որ «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարից ութ ֆիլմ է արված եւ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ցուցադրվեց եւս մեկ ֆիլմ՝ «Մարտակերտի Նորիկը»: Նորիկը Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարն էր, որը զոհվեց 1993 թվականին: «Այսօր շատ են գրոհում մեր արժեքների վրա: Մենք չպիտի թույլ տանք, որ ստվեր գցեն այն ամենի վրա, ինչ թանկ է մեզ համար: Շարունակ կռիվ տալով՝ մեր տեսակը չպիտի կորցնենք: Ես էլ իմ առանցքի շուրջն եմ պտտվում եւ ուզում եմ պաշտպանել իմ դիմագիծը: Ինչ չես պաշտպանում, խլում, տանում են…»,-անկեղծացավ կինոբեմադրիչը: Լինելով Արման Մանարյանի սաներից, դեռ ավելի վաղ՝ նրա հետ միասին 1989թ. արցախյան շարժման մասին ֆիլմ էին նկարել «Պայթյուն» խորագրով:
Սամվել Թադեւոսյանը, անկասկած, մասնակցել է արցախյան պատերազմին, Լաչինի ազատագրմանը, կողք կողքի կռվել Վարդան Դուշմանի հետ: Վարդանի մասին նույնպես հետագայում ֆիլմ է արել, որն ընդգրկված է «Խոնարհ հերոսներ» 30 ֆիլմերից կազմված ֆիլմաշարում: Նա նաեւ Ստեփանակերտի հեռուստաընկերության հետ համատեղ «Իմ Արցախ» ֆիլմաշարն է պատրաստել, որից արդեն դեկտեմբեր ամսին չորս ֆիլմ է թողարկվել՝ նվիրված Արցախը Հայաստանին վերամիավորվելու հռչակագրի 30-ամյակին: Տաղանդավոր կինոբեմադրիչը էլի հետաքրքիր ծրագրեր ունի, որոնց մասին դեռ չուզեց հնչեցնել: Մինչդեռ մենք համոզված ենք, որ ինչ էլ անելու լինի, կարվի ի հիշատակ Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մեր հերոսների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի փրկության, հանուն արժանապատիվ ապրելու իրավունքի…
Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ
գրող, բանասիրական գիտությունների թեկնածու
Հետևեք մեզ նաև Telegram-ում