Քուրդ պատգամավորներից կազմված պատվիրակությունը կայցելի Աբդուլլա Օջալանին
Նմանատիպ
Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի սկսելուց ի վեր հերթական’ յոթերորդ պատվիրակությունը հունիսի 24-ին կայցելի Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլա Օջալանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է թուրքական Radikal պարբերականը:
Նշվում է, որ նախորդ անգամների նման այս անգամ ևս պատվիրակության անդամների թվում են լինելու քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև կուսակցության խմբակցության ղեկավար Փերվին Բուլդանը: Արդեն երկրորդ անգամ է, որ Իմրալը մեկնող պատվիրակության անդամների մեջ չի ընդգրկվում քուրդ պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը: Հաղորդվում է, որ Գեզի զբոսայգում ծավալված հակակառավարական ցույցերին աջակցություն ցույց տալու համար թուրքական կառավարությունն արգելել է նրան տեղ գտնել պատվիր ակության կազմում:
Քուրդ պատգամավորների վերջին այցելությունն Օջալանին տեղի էր ունեցել հունիսի 7-ին: Այդ ժամանակ պատվիրակության կազմում Օնդերի բացակայությունն անհանգստացրել էր Աբդուլլա Օջալանին, ով հայտնել էր, որ նման դեպքի կրկնության պարագայում կվերանայի հաշտեցման գործընթացը:
Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած’ քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում