Մեհրիբան Ալիեւայի նախագահի թեկնածու առաջադրելը իրարանցում է առաջացրել Ադրբեջանի քաղաքական շրջանակներում
Նմանատիպ
Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում հունիսի 22-ին Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ կուսակցության (DADT) կողմից այդ երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածության առաջադրումը դարձել է Ադրբեջանում թիվ մեկ քննարկվող հարցը: Որոշ շրջանակներ գտնում են, որ դա արվել է իշխող վերնախավի հետ համաձայնեցված, որոշների կարծիքով էլ’ դա ընտրություններում խառնաշփոթ առաջացնելու նպատակով է:
DADT պատվավոր առաջնորդ Մամեդ Ալիզադեն հայտարարել է, որ կուսակցության’ Սեւդա Խուրշուդովայի ղեկավարած խմբավորման կողմից Մեհրիբան Ալիեւային թեկնածու առաջադրելու մասին ընդունած որոշումը սադրանք է: «Նման որոշում ընդունելու համար պետք էր նախապես խորհրդակցել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության, նախագահի աշխատակազմի եւ ինձ հետ, ինչը չի արվել: Այդ պատճառով, այդ բոլորը ես սադրանք եմ համարում», -ասել է նա:
Ուշագրավ է «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի արած հայտարարությունը, ով ասել է. «Ես նման կուսակցություն, ինչպիսին DADT-ն է, չգիտեմ, եւ ծանոթ չեմ նրա գործունեությանը: Կան մարդիկ, ովքեր իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: «Ենի Ազերբայջան»-ն իր թեկնածուին’ Իլհամ Ալիեւին հաստատել է 5-րդ համագումարում: Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, այդ խոսակցություններին վերջ է դրել DADP նախագահ Ֆաթմա Ալիեւան: «Երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածության առաջադրումը համաձայնեցված է եղել նախագահի աշխատակազմի հետ»,- կայքի հետ զրույցում ասել է նա:
Ֆաթմա Ալիեւայի խոսքով’ Սեվդա Խուրշուդովայի խմբավորումը սերտորեն կապված է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական բաժնի խորհրդատու Ռասիմ Միրզոեւի հետ: DADT քաղաքական հարցերով փոխնախագահ Ռամիզ Օրուջեւը եւս հաստատել է այդ լուրը եւ հայտարարել, որ Սեվդա Խուրշուդովային լավ հայտնի է, թե նախագահի աշխատակազմում ով է վերահսկում իրեն:
Հետաքրքիր է, որ DADT առաջնորդ Ֆաթմա Ալիեւան ավելի վաղ հայտարարել էր, որ «Մեհրիբան Ալիեւային DADT անունից թեկնածու առաջադրելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»: Ինչպես երեւում է’ Մեհրիբան Ալիեւայի’ նախագահի թեկնածու առաջադրվելու շուրջ խոսակցություններն առաջիկայում նոր զարգացումների պատճառ կդառնան Ադրբեջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում