Տեխնիկական վերազինում, առաջնախաղեր. Ռուսական թատրոնի նոր տնօրենը ներկայացրել է հեռահար ծրագրերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պարտականությունները հունվարի 14-ից պաշտոնապես ստանձնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Մայր թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մխիթարյանն ասաց, որ թատրոնի համար կարևոր է լուսային և ձայնային վերազինումը, որովհետև առանց այդ տեխնիկական հնարավորությունների ամենափայլուն գործն անգամ չի կարող մեծ հաջողություն ունենալ: «Այդ ամենը նպաստում է, որ դերասանները, ռեժիսորները կարողանան լիարժեք կյանքի կոչել իրենց մտահաղացումները: Համագործակցելով մի քանի կազմակերպության հետ` նախատեսում ենք տեխնիկապես հագեցնել թատրոնը, իսկ ամանորյա ներկայացումները, որոնք անցնում էին լեփ-լեցուն դահլիճում, փաստեցին, որ անհրաժեշտ է ընդարձակել փոքր դահլիճը: Այդ հարցով արդեն զբաղվում ենք»,-շեշտեց Մխիթարյանը:
Նրա խոսքով` մասնակցելու են մի շարք փառատոների, ունենալու են առաջնախաղեր:
Մխիթարյանը փաստեց, որ հատկապես վերջին շրջանում պետական այրերը հաճախ են այցելում թատրոններ, դիտում տարբեր ներկայացումներ ու խրախուսում մարդկանց գնալ թատրոն: «Հունվարի երկուսին մեր թատրոնում էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նշեմ, որ պետությունը նույնպես աջակցելու է մեր ծրագրերի իրականացմանը»,-ընդգծեց նա ու հավելեց, որ հնարավոր է` բեմադրություններ իրականացնեն` հրավիրելով ռեժիսորների և դերասանների այլ թատրոններից:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրությունն անցկացվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Մարիաննա Մխիթարյանից բացի մրցույթին մասնակցել են Յուրի Իգիթխանյանը և Վարդան Գրիգորյանը:
Մարիաննա Մխիթարյանը վեց ամիս եղել է Ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում