Աղոթք հիվանդների համար
Նմանատիպ
– Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք:
– Այսպես պատասխանեք. «Ծեր վանականը կաղոթի: Քրիստոս սիրում է այդ երեխային և ամեն ինչ կանի, որ ի օգուտ նրա լինի: Եթե Նա տեսնի, որ երեխան մեծանալով ավելի լավը կդառնա, ապա կլսի ծերունու աղոթքը: Սակայն, եթե Քրիստոս տեսնի, որ մեծանալով՝ երեխան հոգևոր լավ վիճակում չի լինելու՝ հիմա Իր մոտ կվերցնի: Այդպես կանի, որովհետև սիրում է նրան»: «Խնդրիր,- ասում է Նա,- և Ես կտամ քեզ (խնդրածդ)» (Մատթ. 7:7): Սակայն Աստված խնդրածս այն դեպքում կտա, եթե ես ինքս եմ ինձ Նրան տվել: Հակառակ դեպքում ինչո՞ւ ինձ պետք է կյանք տա: Որպեսզի հեռանա՞մ Նրանից: Եթե ես աղոթում եմ հիվանդի համար, ապա ուրախանում եմ թե՛ այն ժամանակ, երբ նա ապաքինվում է, և թե՛ այն ժամանակ, երբ մահանում է:
– Հա՛յր, իսկ ճի՞շտ ենք վարվում, երբ սեփական առողջության համար ենք աղոթում:
– Ավելի լավ կլինի, որ Աստծուն մեր կրքերից ձերբազատվելու համար աղոթենք: Այսինքն, նախ Աստծո Արքայությունը փնտրենք ու խնդրենք: Մեր երկնային ունեցվածքն ենք կորցնում, երբ Աստծուն խնդրում ենք բուժել մեր հիվանդությունը: Սակայն, եթե չենք դիմանում հիվանդության պատճառած տառապանքներին, ապա խնդրենք Աստծուն բուժել մեզ և Նա համապատսխան քայլեր կձեռնարկի (այն ինչ ավելի օգտակար է մեզ համար):
– Հա՛յր, իսկ մեր աղոթքները կօգնե՞ն հիվանդին, եթե ինքն Աստծուց ուրիշ բան է խնդրում:
– Եթե հիվանդը խնդրում է Աստծուն, որպեսզի միայն ինքն առողջանա և չի աղոթում, որպեսզի ուրիշ հիվանդներն էլ ապաքինվեն, ապա ճիշտ չի վարվում: Այ դո՛ւ, քո՛ւյր, աշխարիկ կյանքում հիվանդանոցում էիր աշխատում: Ի՞նչ էիր անում, երբ հիվանդը չէր կարողանում Հիսուսի աղոթքն ասել:
– Ինքս էի ասում, հա՛յր:
– Իհարկե լավ էիր անում, բայց հիվանդն ինքն էլ պետք է աղոթեր:
– Նա էլ էր աղոթում: Ասում էր. «Ամենասուրբ Աստվածածին, իմ Տիրուհի, փրկիր ինձ»: Հա՛յր, բայց մի՞թե ցավին դիմանալն աղոթք չէ:
– Ապրե՛ս: Դե իհարկե դա նույնպես աղոթք է: Եթե մարդ խնդրում է ձեզ աղոթել իր համար, որովհետև այնինչ օրը վիրահատության պիտի գնա, ապա դուք սկսում եք միանգամից աղոթել, հենց որ նա խնդրում է: Երբեք մի սպասեք այն օրվան ու ժամին, երբ նրան վիրահատարան կտանեն ու միայն այդ ժամանակ սկսեք աղոթել: Եվ արարողությունների ժամանակ, երբ հոգևորականն արտասանում է. «Վասն հիվանդաց»՝ սրտացավությամբ «Տեր ողորմյա» երգեք: Եթե դուք շատ օդ եք հավաքում ու սկսում եք կամերտոնի տակ «ու-ու-ու» գվվալ, որպեսզի «Տեր ողորմյան» ավելի մեղեդային երգեք, ապա ձեր միտքն էլ այդ «ու-ու-ու»-ի և տարբեր փուչ բաների մեջ պիտի սավառնի, իսկ խեղճ հիվանդները, որ տանջվում, տառապում են, սպասելու են, որ մի փոքր օգնություն ստանան ձեզնից: Հիվանդները տանջվում են ցավից: Դու ցավ չունես: Դե ուրեմն աղոթիր նրանց համար, որպեսզի օգնություն ստանան: Եթե դու ցավից ախ չես քաշում ու չես տնքում հիվանդասենյակի մահճակալին այս ու այն կողմ պտտվելով, ապա գոնե հիվանդների համար աղոթելուց հոգոց հանիր: Եթե առողջները գոնե մի փոքր չաղոթեն հիվանդների համար, ապա Քրիստոս շատ շուտով նրանց կասի. «Դուք առողջ էիք և չէի՞ք աղոթում նրանց համար, ովքեր տառապում էին», «…ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25:12):
Հիվանդությունը բնականոն կերպով է զարգանում, եթե չենք աղոթում հիվանդի համար: Իսկ եթե աղոթում ենք նրա համար, ապա հիվանդությունը կարող է իր բնականոն ընթացքը փոխել: Այդ պատճառով էլ միշտ աղոթեք հիվանդների համար:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում