Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը
Նմանատիպ
Ռուս եկեղեցու 20-րդ դարի հոգևոր հայրերից մեկը` Իոանն վրդ. Կրեստյանկինը, իր նամակներից մեկում այսպիսի խորհուրդ է տալիս հավատացյալ մարդուն. «Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել` հոգևոր կյանքը սկսում է տկարություններդ և ինքդ քեզ ճանաչելուց, այլ ոչ թե շրջապատին դատելուց: Ամենից կործանարար մեղքերը դատապարտությունն ու գայթակղությունն են: Ուստի ուշադրությամբ սկսիր այդ երկու մեղքերը հուգուց և սրտից վտարել»: Իսկապես, հոգևոր կյանքի զարգացման ուղին սկսվում է ինքդ քեզ ճանաչելուց, երբ Աստծու լույսի ներքո տեսնում ես տկարություններդ ու ձգտում ազատվել հին` մարմնավոր կյանքից և ապրել նոր` հոգևոր կյանքով: Ինչպես նշում է Սբ. Իգնատիոս Բրյանչանինովը, առաջին հոգևոր տեսողությունը մեղքերդ տեսնելու ունակությունն է, որը մինչ այժմ ծածկված էր մոռացության և անտեղյակության շղարշի ներքո: Իսկ Սբ. Իսահակ Ասորին խորքային կերպով այսպես է դիտարկում. «Քո մեղքերը զգալն Աստծու պարգևն է…»: Անտոն միտրոպոլիտ Սուրոժացին նշում է, որ առաջին քայլը ինքդ քեզ ճանաչելն է, քանի որ մեղքը բաժանարար գծեր է ստեղծում մեր ներսում և տարանջատում է մյուսների հետ փոխհարաբերության հարցում: Հետևաբար, ինքնաճանաչողությունը հոգևոր կյանքի առանցքներից մեկն է, որը մարդուն ուղղորդում է հոգևոր կատարելության ճանապարհով: Սբ. Կղեմես Ալեքսանդրացին մատնանշում է. «Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը, անկասկած, ինքնաճանաչումն է: Որովհետև ով իրեն ճանաչում է, նա կհասնի նաև Աստվածճանաչողության»: Կիրիլ պատրիարքն ընդգծում է, որ ինքնաճանաչությունը, ինչպես ասում է Եկեղեցու ճգնակենցաղ ավանդույթը, ուղղված չէ՝ մեր առաքինություններով, տաղանդներով կամ հաջողություններով հիանալուն, այլ` սեփական մեղքերին ուշադրություն դարձնելուն: Եվ եթե տեսնում ենք մեր թերությունները, թույլ կողմերը և մեղքերը, ապա շատ լավ է, բայց բավարար չէ: Եվ սուրբ հայրերն առաջարկում են հաջորդ քայլը, որպեսզի ոչ միայն տեսնենք մեր մեղքերը, այլև վերահսկենք այն, թե ինչ է կատարվում մեր հոգևոր կյանքում: Ինքնատիրապետումն անփոխարինելի պայման է մարդու հոգևոր կատարելագործման համար: Եգիպտացի Աբբա Եսային սովորեցնում է՝ ուշադիր զննիր ինքդ քեզ՝ պարզելու, թե քո որ զգացմունքներն են պտուղներ բերում առ Աստված և որոնք՝ դեպի մեղքը: Բայց որպեսզի հստակ իմանանք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ է բերում կամ ի վիճակի է պտուղ տալու առ Աստված, և ինչն է հնազանդվում մեղքին, պետք է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր հոգում: Եվ հետևաբար, Մեծն Բարսեղը սովորեցնում է, որ պետք է դիտարկել յուրաքանչյուր օրվա գործերը, դրանք համեմատել նախորդ օրվա հետ և շտապել շտկել: Ճշմարիտ ինքանաճանաչողությունը չի կարող առանց խոնարհության լինել, և այդպիսի ճանաչողությունը մարդու սրտում բազմապատկում է խոնարհությունն ու սերը: Թովմա Գեմբացին, խոսելով ճշմարտության ճանաչողության մասին, նշում է. «Կա՞ արդյոք առավել ուժգին պայքար մղող մեկը, քան նա, ով աշխատում է հաղթել իր իսկ անձը: Մեր միակ մտահոգությունը ինքներս մեզ հաղթելը պիտի լինի, մեր անձի դեմ օրեցօր ավելի հզոր լինելը, ավելի առաջադիմելը բարու մեջ: Այս աշխարհում յուրաքանչյուր կատարելության մեջ մի քիչ անկատարություն է խառնված, և մեր տեսածն անգամ քողարկված է ստվերներով: Մեր անձի մասին համեստ կարծիքը գիտության խորազննին հետազոտություններից ավելի ապահով ուղի է՝ առ Աստված բարձրանալու»: Կիրիլ պատրիարքն ասում է, որ իհարկե, այն, ինչի մասին խոսում են սուրբ հայրերը, շատ մեծ պահանջ է: Բայց, միևնույն ժամանակ, իրենց ամբողջ բարձրությամբ, դրանք հասանելի են ցանկացած մարդու: Անհրաժեշտ չէ հատուկ կրթություն, հատուկ ինտելեկտ կամ հասարակության մեջ որևէ հատուկ դիրք ունենալ ձեր մասին մտածելու համար: Եվ ոչ միայն ժամանակ առ ժամանակ մտածեք, այլև փորձեք, մանավանդ Մեծ պահքի օրերին, ներթափանցել ձեր մտքերի և զգացմունքների խորքը՝ ներքին դատաստանի ենթարկելով այն ամենը, ինչ կատարվում է մեզանում: Ինքնաճանաչումը և ինքնատիրապետումը անփոխարինելի պայմաններ են մարդու անհատականության աճի համար: Եվ շատ հեշտ է համեմատություններ բերել մեր առօրյա կյանքից: Եթե մարդը չի ճանաչում իր շրջապատի աշխարհը, եթե ոչինչ չի սովորում, ապա դժվար թե կարողանա իր կյանքում ինչ-որ բանի հասնել: Եվ եթե նա չի վերահսկում իր գործողություններն ու խոսքերը, ապա ինչքանով նա կարող է դրանք ճիշտ գործել, երբ խոչընդոտներ լինեն կյանքում: Եվ եթե այս ամենը վերաբերում է մեր ամենօրյա կյանքին, շրջապատող աշխարհի հետ մեր հարաբերություններին, ապա որքանո՞վ է այդ ամենը կիրառելի և համապատասխան մեր ներքին կյանքին: Հետևաբար, ինքնաճանաչողության պտուղը հոգևոր ինքնատիրապետումն է: Եթե ինքնատիրապետումն առկա չէ, նշանակում է, որ պարզապես հանդիսատես և ունկնդիր ես քո սխալներին ու մեղքերին և ոչ ավելին, և մեղավոր կրքերը շարունակում են տիրապետել քեզ և տանել այնտեղ, որտեղ կամենում են: Սուրբ Գրիգոր Նյուսացու խոսքերն այս մասին ուշագրավ են. «Ինքն իրեն ճանաչելը նշանակում է մաքրել մեղքը, որ լինում է չիմանալուց»: Այսինքն՝ մեղքից մաքրվելու համար` ինչպես մեզ հայտնի, այնպես էլ անհայտ, պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում մեր սեփական հոգում:
Ճանաչումը մարդու մտքի գործառույթ է: Աշխարհը ճանաչվում է բանականությամբ: Եվ մարդկային բոլոր գործողությունները, որոնք ուղղված են շրջապատող իրականության ուսումնասիրությանը, հիմնված են մարդու մտքի վրա: Թվում է` եթե ճանաչողությունը բանականությունից է, ապա ինքնաճանաչումը բացառապես մեր ուղեղի, մեր գիտակցության գործառույթ է: Սակայն Բարսեղն Մեծն այլ բանի մասին է խոսում: Նա ասում է, որ մեր միտքը դանդաղում է մեր սեփական թերությունները ճանաչելու մեջ: Եվ հետագայում, այդ միտքը զարգացնելով, ասում է, որ մենք շատ վառ կերպով ընկալում ենք այլ մարդկանց թերությունները, իսկ մեր սեփականի հետ կապված` միտքը դանդաղում է: Ինքնաճանաչողությունը հայտնության այն դուռն է, որը մարդու սրտում և մտքում բացում է Աստվածճանաչողության լույսը: Սբ. Սիվղանոս Աթոսացին նշում է. «Անհավատությունը հպարտությունից է լինում: Հպարտ մարդն իր մտքով և գիտությամբ ցանկանում է ամեն ինչ ճանաչել, բայց Աստծուն ճանաչել նրան չի հաջողվում, որովհետև Տերը միայն խոնարհ հոգիներին է հայտնվում: Տերը խոնարհ հոգիներին ցույց է տալիս Իր գործերը, որոնք անըմբռնելի են մեր մտքին, բայց Սուրբ Հոգու միջոցով հայտնի են դառնում»: Հասարակ մտքով կարելի է իմանալ միայն երկրայինը, և նույնիսկ մասամբ, բայց Աստված, և բոլոր երկնային բաները հայտնի են դառնում Սուրբ Հոգով: Նշվում է, որ ինքնաճանչողությունը ինքնաճանաչման ճշգրիտ ուղի է և հնարավոր է Սուրբ Գրքի, սուրբ հոգևոր հայրերի գրվածքների ընթերցանությամբ, ավետարանական պատգամների իրականացմամբ և Սուրբ Հոգու շնորհի միջոցով, շնորհ, որը լուսավորում է մարդու միտքը և սիրտը, բացահայտում նրա կամքի ուղղվածությունը և ուղղում դեպի աստվածային լույսը:
Քրիստոնյայի ինքնաճանաչումը բաղկացած է մարդկային բնության, դրա տարբեր արարքների ճիշտ իմացությունից, ուժերից և հատկություններից ու դրանց զարգացման և ընդհանրապես ճիշտ ճանաչողությամբ, մասնավորապես՝ սեփական անձի: Նման ինքնաճանաչումը յուրաքանչյուր քրիստոնյայի կարևոր և անհրաժեշտ պարտականությունն է: Ինչպես գրում է վեցերորդ դարի հայտնի քրիստոնյա ճգնավոր Աբբա Եսային. «Ճանաչի՛ր ինքդ քեզ և փախի՛ր նրանից, ինչը քեզ համար կործանարար է»: Ալեքսանդր Մենն ասում է. «Սա շքեղություն չէ… հրատապ անհրաժեշտություն է կյանքում, որովհետև եթե մարդն այսօր ինքն իրեն չճանաչի, ապա միգուցե այս դարը կամ ապագան վերջինը կլինի մարդկանց հազարամյակների պատմության մեջ»: Իրական ինքնաճանաչողությունը մարդու սիրտը խոնարհ է դարձնում, միտքը` իմաստուն, կամքը` ամուր: Աբբա Եսային ասում է, որ ճշմարիտ ինքնաճանաչումը բերում է խոնարհության, բարության և ողորմության, քանի որ նա, ով գիտի իր մեղքերի ամբողջ խորությունը, չի մեծամտանա ուրիշների հանդեպ: Սա ոչնչացնում է այնպիսի մեծ մեղքի պատճառը, ինչպիսին ուրիշներին դատապարտելն է: Հետևաբար, բոլորը պետք է հոգ տանեն իրենց հոգու հիվանդությունների մասին, և յուրաքանչյուրը պետք է սգա իր մեղքերը՝ չդատելով ուրիշների սխալները:
Ով իսկապես ճանաչում է իրեն հոգևոր լույսի ներքո՝ դառնում է ներողամիտ ուրիշների հանդեպ, բայց խիստ` ինքն իր նկատմամբ, սակայն այդ խստությունը այն ներքին ուշադրությունն է, որը սփաթ գնահատական է տալիս թերություններիդ և շարունակաբար մղում հոգևոր կատարելության: Սբ. Տիխոն Զադոնացին ասում է, որ ինքդ քեզ ճանաչելը և տկարություններդ տեսնելը փրկության սկիզբն են, քանի որ տկարություններիդ ճանաչողությունը բերում է միջոցի որոնման, որը կարող է ազատագրել այդ վիճակից: Նա նշում է, որ երբ ջանում ես իմանալ սրտիդ մեղավոր և քարացած վիճակը, դա խոնարհություն է բերում և ջանք՝ շտկվելու, քանի որ նախ պետք է ճանաչել տկար լինելդ, անյուհետև բժշկություն փնտրել: Հետևաբար, ապաքինման սկիզբը տկարությանդ ճանաչումն է, իսկ շտկման սկիզբը՝ ողբերգալի, մեղավոր վիճակիդ ճանաչումը, որից բխում է քայլը դեպի ապաշխարություն:
Երբ մեկն իր ներսում տեսնի թաքնված մահաբեր թույնը, մի՞թե անմիջապես չի ուզենա ազատվել դրանից: Ինքնաճանաչումը հոգևոր ապաքինման սիզբն է: Երբ ճանաչում ու գիտակցում ես հիվանդությունդ, դիմում ես ապաքինման միջոցների, որպեսզի բժշկվես: Պետք է մատնանշել, որ մեր բացասական սովորույթներն ու մեղավոր կրքերը խանգարում են ինքներս մեզ ճանաչելուն, այսինքն` դրանց ազդեցությամբ մարդն իր մասին ձևավորում է մի պատկերացում, որը չի հապապատասխանում իրականությանը: Սբ. Տիխոն Զադոնացին շարունակում է. «Ճանաչի՛ր, թե ինչ կա քո սրտում: Հաճախ նայիր այնտեղ, և կտեսնես, որ նրանում հպարտություն, ամբարտավանություն, եսասիրություն, արծաթասիրություն, բարկություն, նախանձ, սնափառություն, անմաքրություն, վրեժխնդրության ցանկություն և բոլոր մեղավոր գարշանքները կան»: Սբ. Հովհաննես Սինայեցին նշում է. «Ինքնաճանաչումը հոգևոր իրական հասունության հասկացությունն է… Ով իրեն ճանաչում է, երբեք անարգված չի լինի, քանի որ իր ուժերից վեր գործ չի ձեռնարկում»:
Սբ. Իսահակ Ասորին նշում է՝ միշտ ուշադի՛ր եղիր ինքդ քո հանդեպ, նայի՛ր հոգուցդ ներս, թե այնտեղ ինչպիսի կրքեր են հանգրվանած, որոնք շղթայում են քեզ և դրանցից որ մեկն է սկսել լռել քո հոգևոր առողջության հետևանքով: Այսպիսով, իր ներքին աշխարհին ուշադրություն դարձնելով, մարդն աստիճանաբար ավելի է ամրանում առաքինությունների մեջ և սթափ դատողությամբ առաջնորդվում: Իսկ Ռուս եկեղեցու 20-րդ դարի հոգևոր հայրերից մեկը` Նիկոն Վորոբյովն ասում էր, թե երկրային կյանքը տրված չէ հաճույքի համար, այլ՝ ինքդ քեզ և Աստծուն ճանաչելու համար: Մարդը երկրային կյանքի ընթացքում պետք է վճռականորեն ու հաստատամտորեն ուղղի իրեն դեպի բարին, դեպի Աստված: Ով փնտրում է Աստծուն ու Նրա ճշմարտությունը, կգտնի նաև այստեղ՝ երկրի վրա սկզբնապես, իսկ մահից հետո՝ ամբողջությամբ: Իսկ եսասերը, որ միայն հաճույքներ է փնտրում երկրի վրա, սատանային կգտնի նաև մահից հետո՝ որպես նրա համախոհ, նա կգնա սատանայի թագավորություն՝ դժոխք, եսասերների և չարագործների հասարակություն: Մեր ապագան մեր ձեռքերում է: Եվ Սբ. Պաիսիոս Աթոսացու խոսքերով ամփոփենք, որ ասում է. ‹‹Ով ճիշտ է ճանաչում իրեն, խոնարհվում է: Իսկ երբ մարդը խոնարհվի, անպայման կգա Աստծու Շնորհը››:
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում