Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք

Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք

Մեր կարոտը ժայռ է կապտաշրթունք,
Որի վրա կանաչ մամուռներ են աճում.-
Եվ մեր ոգին փխրուն ջրվեժների նման
Մաշում է այդ կարոտը, փաթաթվում է նրան,
Եվ նրա ոտքերի տակ շառաչում է այնպես,
Որ նրա ապառաժե ծանրությունն է ցնցում.

Նրա ոտքերի տակ
Նախ բացում է փոքրիկ մկրտության խորան,
Ապա խորանալով
Ինչպես վերքը խեղված ժամանակի,
Ժամանակի, սիրո, կարոտների համար
Կորստյան խոր, ցավոտ անդունդներ է բացում:
Եվ ատամներն այքան դառն են գալի իրար,
Եվ աչքերը այնքան անտերունչ են հածում,
Որ անլեզու մեղքն ու տխրությունը վարար
Փոքրիկ,
անթեւ,
անօգ թռչունների նման
Թպրտում են խոսքի անզորության ցանցում:

Այդ մենք չէ, որ կանգնում ենք անդունդների եզրին
Ու տխրության անձուկ վանդակներում փակվում.-
Այդ մենք չենք կանգնում անդունդների եզրին.-
Անդունդներն են գալիս ու մեր առջեւ կանգնում:
Ծույլ-ծույլ ուղեղները սառը թմբիրի մեջ
Իրենց պատմուճանների կոճակների հետ
Խաղալով, ինչպես ներքինի,
Ոսկեհուր ցոլքերի դեմ փակելով աչքերի թմրությունը մեռած,
Կարկտաբեր ամպի պես կաում են մեզ վրա
շրթունքները ուռած,
Եվ ուռած շրթունքներից անդունդներ են ծնում,
Ծնում են միլիոն տարվա մեռելների բանակ,
Ծնում են միլիոնավոր լխկած պառավներին՝
Նրանց երախների ձայնով անդնդակուլ.
Եվ մեր չգտնված ճամփեքին են ցանում:-
Մգլած ուղեղներից հանում են մգլաբույր անդունդները մեկ-մեկ,

Ամենուր կախում են մութի քղացքներից,
Ճակատ առ ճակատ բախվում ենք մենք.-
Եվ մեզ ստիպում են, որ աշխարհին նայենք
Իրենց բացած նեղլիկ միջանցքներից:

Իսկ մենք, որտեղից էլ նայենք,
Երեւում է նրանց զարհուրելի անմտությունը,
Որի մեջ լփլփում է երգը անդունդների
Եվ քայլ առ քայլ երկրագունդը կուլ է տալիս:

Նրանք, որ ամենուր երկրագնդի վրա
Ազնվագույն երգի ցեղերն է պատմական,
Որ հրի են տալիս երգի ապարանքներ
Եվ խուլ քրքջում են թույնով ներոնական.-
Նրանք իրենց համարում են երգի մայրապետներ,
Իսկ մեզ՝ կեղտոտ հատակ,
Եվ իրենց մտքի գարշահոտ փալասները քսում են մեր դեմքին,
Որ մենք փայլենք.-
Նրանք հավաքում են մեր մանուկ ժպիտները մեր դեմքերից,
Պահում են թթված տակառների ուռած կողերի մեջ,
Որ ամեն գիշեր իրենց ճարպակալած մարմինները օծեն,-
Նրանք մեր ստեղծմանը խցկում են իրենց մտքի դույլերի մեջ,
Կախում են քավության անդունդների ճռճռան ճախարակներից,
Որ պատմության համար
Իբրեւ թե մեր մեղսագործ հոգիները
Չարքերից սրբագործեն:
Նրանք ամեն վայրկյան
Փորձում են մերկացնել մեզ,
Երբ մենք մեր հոգու մոնումենտալ մերկությամբ
կանգնած ենք անպարտելի
Ապոլոնի նման,
Կուրացուցիչ Զեւսի,
Ադամի պես…
Մենք ամեն անգամ փոխում ենք մեր ոտքը
Եվ մեր մյուս ոտքը միշտ մնում է կախված անդունդների վրա.

Եվ դեռ չենք կործանվում.
Քանզի մեր մի ձեռքը սիրո հավատարմությամբ
Ձուլել էինք արեւի ճառագայթին,
Իսկ մյուս ձեռքով շոյում ենք
քրտնած ճակատների հոգսը հավերժական.-
Մեր մի աչքը ուղիղ նայում է ձեզ.
Մյուս աչքով հողից
Բույլ-բույլ ծաղիկները քաշում ենք դուրս:
Իսկ դուք մեր հոգու ծաղիկների վրա
Տրորում եք մեր աչքի մեղեդին ծաղկալույս,
Մեր հայացքի բույրը դարձնում եք մշուշ
Եվ ձեր հորինած մշուշների, մառախուղների մեջ
Փնտրում եք մեզ.-
Մեզ՝ անհայտ կորածներիս (ի՜նչ հոգատար ձեռքեր )՝
Որ իբր վերացական մոլորության բավիղներում անլույս
Մեր ուղեղը դարձրել ենք արեւի փոշի,
Մեր երգերը դարձրել ենք անկապ մտքերի բնակարան,
Մոլորվել ենք այսպես,
Ու չենք կարողանում գտնել մի ճանապարհ,
Որ ելնենք դուրս:
Մեր մի աչքը նայում է ձեզ ուղիղ ձեր դիմացից,
Մյուս աչքով մենք ձեզ ետեւից ենք նայում.-
Եվ միշտ մեր մի աչքը ծիծաղում է անձայն.-
Մեր ծիծաղող աչքը մեր կյանքն է.
Մեր կենսունակ ոգին, մեր մշտագո ձայնը.-
Մեր երգի շարունակությունն սկզբնական,
Մեր հավատի հավերժորեն շարժվող թեւն անխափան,
Մեր սրտի երբեմն չարախինդ ընդվզումը ծիծաղելի,
Մեր անցյալը, մեր ներկան…
Օ՜, Տեր Աստված, մի՜թե
Նաեւ մեր ապագան…

Մեր ծիծաղող աչքը՝
Իմաստուն, անհիշաչար, անռովկան:
Թմրության ոխակալ մենամարտում
Մեզ համարում են կույրե՜ր, խելագարնե՜ր,
Կաղե՜ր.-
Եվ մենք մաս-մաս, մաս-մաս փոշի կդառնայինք,
Եթե մենք մաս-մաս, մաս-մաս փոշի կդառնայինք,
Եթե մեր մի աչքը
Չդառնար զոհ մյուս աչքի համար
Եվ այս մյուսը հավերժորեն չծիծաղեր,

Տվե՜ք ինձ իմ աչքերը
Որ ես կարողանամ
Հարազատի անբռնադատ մոտիկությամբ
Եվ իմ արյան մաքուր արցունքներով
Ողբալ կորուստներս,
Հարազատի անկողմնակալ հոգով
Մտնել մեղքերիս մեջ,
Եվ այդ ճշմարիտ ինքնագտնումի ճանապարհով գնալ
այնքան,
Մինչեւ կարողանամ գտնել
Բոլոր չիրագործված հեքիաթներս,
Բարձրանալ անմատչելի երազներիս գույն-գույն օղակներով,
Կարողանամ գտնել անվախճան որոնումս,
Ասել է թե՝ սերս.-
Իմ հայացքի տամուկ խորության մեջ
Ծանր ու թեթեւ անեմ ծանրությունը մեղքիս.
Տեսնեմ, թե որտե՞ղ եմ ծիծաղել ես,
Տեր Աստված, ծիծաղե՞լ եմ միթե,
Եվ մարդկության լուսավոր աշտարակների սրբության առջեւ
Այդ որտե՞ղ է, որ դարձել է մեղկ
Ու մեղանչել է հոգիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում