«Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան»
Նմանատիպ
Մեր երկրի և մարդկային քաղաքակրթության ապագան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ապագա սերունդը: Մարդկությանը Տիրոջ կողմից շնորհվել է առանձնահատուկ մի պարգև՝ ազատ ընտրության պարգևը, որն արարչագործության մեջ և ոչ մի արարած չունի: Այսինքն՝ մարդուն շնորհվել է բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, իսկ ճիշտ ընտրության պարագայում նաև աշխարհի պատմության ընթացքը փոխելու հնարավորություն: Ազատորեն ընտրելու փորձառությունը նախ ապրեցին մեր նախածնողները, որոնց ոչ ճիշտ ընտրության պատճառով մարդկային պատմությունն այլ ընթացք ունեցավ: Առ այսօր աշխարհ եկած մարդն իր ողջ կյանքի ընթացքում ընտրում է կա՛մ Աստծո հետ միավորված կյանք ապրել՝ ընտրելով հավիտենական կյանք տանող ուղին, կա՛մ ընտրել չարը, որ տանում է հավիտենական կործանման:
Քրիստոնեական հավատը մարդկային հոգու ազատ ընտրությունն է: Հավատալ՝ նշանակում է համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում (Եբր. 11:1): Յուրաքանչյուր անձ անկրկնելի է, այդ պատճառով յուրաքանչյուրն իր ուղով է ընթանում դեպի Աստված: Քրիստոնեական դաստիարակությունը հիմնված է այն մտքի վրա, որ յուրաքանչյուր երեխա, նաև անձ, կարող է հավատավոր դառնալ իր անձնական ընտրության միջոցով: Դեպի Աստված տանող ուղին աստիճանական ընթացք է, առանց որի երեխան չի կարող հոգևոր աշխարհն ընդունել: Առաջին փուլում երեխան վաղ հասակից պետք է ճանաչի աշխարհը՝ որպես աստվածային արարչագործություն: Նա դեռ չի ճանաչում Արարչին, բայց տեսնում է Նրա արարչագործությունը՝ ընդունելով այն որպես աստվածային հրաշք: Նա սովորում է ուրախանալ բնությամբ, տեսնում է ծառեր, ծաղիկներ, անտառը, գետը, ծովը, երկինքը, կենդանիներին և թռչուններին, այսինքն՝ ողջ արարչագործությունը: Եթե երեխան չսովորի ուրախանալ աստվածային արարչագործությամբ, ապա նրա հոգին անզգա կդառնա աստվածայինի հանդեպ և նրա կյանքը մեխանիկական բնույթ կստանա: Երեխան սկսում է հաղորդակցվել Աստծո հետ բնության, ապա աղոթքի, եկեղեցական արարողություններին մասնակցելու միջոցով, արդյունքում՝ նա ուրախություն է ապրում Աստծո ներկայությունից: Իսկ եթե ընտանիքում բացակայում է երեխայի քրիստոնեական դաստիարակության համար այդքան կարևոր հոգևոր մթնոլորտը, ապա երեխան ականատես է լինում միայն հաճույքների բազմազանությանը. համեղ ուտել, խմել, հեռուստացույց դիտել, հեռախոսի կամ համակարգչի միջոցով վիրտուալ աշխարհում հայտնվել, այսինքն՝ նրա ողջ կյանքը վերածվում է համատարած հաճույքի: Երեխան հայտնվում է աղմկոտ քարաշեն ջունգլիում, հորինված մի աշխարհում, որը նրան կտրում է աստվածային արարչագործությունից և սպանում հոգին:
Դաստիարակության հաջորդ փուլում կարևոր է, որ երեխան աշխարհի միջոցով ճանաչի Իր Արարչին, որից էլ սկիզբ է առնում նրա ուղին դեպի եկեղեցի, դեպի եկեղեցական կյանք: Երեխան սկսում է մասնակցել եկեղեցական արարողություններին, ուխտագնացություններին: Իսկ երբ ծնողը երեխայի ծնված օրվանից շտապում է նրա հոգին սնել բարությամբ, լույսով և աստվածային արարչագործության հրաշքով, ապա սերմանվածը վաղ թե ուշ պտուղ է տալիս՝ մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր (Մատթ. 13:8), քանի որ վաղ տարիքից են հիմնավորվում անձի կարևորագույն հատկանիշները: Ծնողը պետք է հոգա, որ երեխան ուրախություն ապրի աստվածապարգև կյանքով, օրորոցային երգով, արևի լույսով, սիրելի հեքիաթով, առաջին աղոթքով: Իսկ թե հանկարծ երիտասարդ կամ հասուն տարիքում նրա հոգին քարանա և մոռանա իր Արարչին, ապա մանկության տարիքում սերմանվածը կարող է մաքրագործել և փրկել հոգին հավիտենության համար: Այսինքն՝ ծնողը օգնում է, որ երեխան առաջին կապը հաստատի իր Արարչի հետ: Կարևոր է, որ երեխան զգա աստվածային ներկայությունն իր կյանքում և երախտագիտության զգացում ունենա Նրա հանդեպ: Իրական հավատը երեխան կարող է ձեռք բերել թե՛ ընտանիքում, թե՛ եկեղեցում: Երեխայի քրիստոնեական դաստիարակության հարցում հիմնային նշանակություն ունի ընտանիքը, որը քրիստոնեական սիրո կարևորագույն դպրոցն է:
Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիք» գրքում ծնողական դաստիարակության մասին կարդում ենք. «Եվ ի՞նչ է ծնողական դաստիարակությունը. ուրիշ ոչինչ, այլ միայն կույր ծնված զավակների աչքը դեպի բարին բանալը, սիրտն ու հոգին առաքինությամբ կրթելը, որպեսզի տեսնեն աշխարհն ու մարդկային կյանքը, լույսն ու խավարը որոշեն, բարին ու չարը ճանաչեն և ամենակարևորը՝ Աստծուն ճանաչեն ու հավատան, կրոնն ու ճշմարտությունը ընդունեն: Մանուկը քանի դեռ մանուկ է, չարն ու բարին որոշել չգիտի: Ինչ որ իր ծնողների բերանից լսի ու ինչ օրինակ նրանց կյանքում տեսնի, այն էլ միշտ բարի կկարծի: Բայց մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան, թեկուզ և իրենք չար լինեն: Այդ մասին է խոսում Հիսուսն իր ավետարանով, թե՝ «Դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին» (Մատթ. 7:11, Ղուկ. 11:13)»:
Կարինե Սուգիկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում