«Դեռ իմ երազած թատրոնում եմ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Բալետի արտիստ Կարինա Շիկանյանը «ոստյուններով» է կարիերան կառուցում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործուղմամբ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փորձի փոխանակման նպատակով մենապարողներ Կարինա Շիկանյանն ու Պետրոս Սերոբյանը մեկնել էին Կալիֆոռնիա՝ Սան Դիեգո քաղաքի Encinitas ballet-ի դպրոց:
«Առավոտը» 2019թ. փետրվարի 22-ին անդրադառնալով թատրոնի խաղացանկային Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետին, նշել էր Կիտրինի կերպարում հանդես եկած Կարինա Շիկանյանի բարձրարվեստ կատարումը, որը նրա առաջին գլխավոր դերապարն էր: Պարուհուն խնդրեցինք ներկայացնել Սան Դիեգոյի բալետի դպրոցը, որը հիմնել է Հայաստանում մասնագիտական կրթություն ստացած Սայաթ Ասատրյանը: «Շուրջ տասը տարի մասնագիտական եւ բեմական գործունեություն ծավալած դպրոցի հիմնադիրներն են Սայաթ Ասատրյանը եւ նրա տիկինը՝ Օլգա Չեկիչովան: Ուսանում է 3-ից մինչեւ 16 տարեկան շուրջ 100 սան, որոնց թվում ընդամենը 1-2 սփյուռքահայ են, հիմնականում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Այս դպրոցը, առանց չափազանցության, համարվում է ամերիկյան լավագույն կրթօջախներից: Տարվա ընթացքում դպրոցի սաների եւ հրավիրյալ արտիստների մասնակցությամբ բեմադրվում է մեկ-երկու ներկայացում՝ Ասատրյան- Չեկիչովա ամուսինների խորեոգրաֆիայով: Ես եւ Պետրոսը հանդես եկանք Չայկովսկու «Շչելկունչիկ» ներկայացման մեջ, որը կայացավ Ամանորի շեմին, 2000 հանդիսատեսի համար նախատեսված բացօթյա Moonlight Amphitheatre-ում»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Զրույցի ընթացքում գլխավոր դերապարերով առաջին քայլերն անող արտիստից տեղեկացանք, որ արդեն նա հանդես է եկել մեր թատրոնի մի քանի ներկայացումներում, այդ թվում՝ Ադանի «Ժիզելում», Շորի «Բյուրեղապակյա դղյակում» եւ Ազնավուրի երաժշտությամբ՝ «Բոհեմում»: Կարինան նշեց, որ կոնկրետ Պետրոսի հետ հանդես է եկել Գոթան Փրոջեքթի երաժշտությամբ «Տանգոյում» եւ Խաչատրյանի «Պարահանդես-դիմակահանդեսում»: Հավելեց նաեւ, թե Պետրոս Սերոբյանը ընդգրկված է խաղացանկային բոլոր ներկայացումներում, վերջինը անցյալ տարի Ծաղրածուի դերապարն էր «Բյուրեղապակյա դղյակում»:
Մեզ հայտնի էր, որ մինչ Ամերիկա մեկնելը Կարինան ընդգրկված էր Գերմանիայում անցկացված «Հայաստանի մշակութային օրեր Շտուտգարդում» ծրագրում: Նրան խնդրեցինք ներկայացնել իր այլ հյուրախաղեր եւս, եթե դրանք եղել են: «2019թ. հոկտեմբերին Շտուտգարդում ես եւ գործընկերս՝ Արման Բալմանուկյանը, ներկայացանք Շամիրամի եւ Արա Գեղեցիկի կերպարներով՝ Աիդա Սիմոնի խորեոգրաֆիայով «ProՇամիրամ» ներկայացումից: Իսկ ընդհանրապես, հյուրախաղ՝ որպես այդպիսին, ունեցել եմ 2016թ., Չեխիայի Օստրավա քաղաքի Դվորժակի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, որտեղ մեկնել էի փորձի փոխանակման նպատակով: Ընդ որում, դեռ թատրոնում չէի՝ նոր էի ավարտել քոլեջը: Ունեցել եմ մասնակցություն հայաստանյան եւ արտասահմանյան մրցույթների դեռեւս ուսումնառությանս տարիներին. 2014թ. ոսկե մեդալի եմ արժանացել Երեւանում անցկացված Նավասարդյան խաղերին, 2016-ին մասնակցել եմ Եկատերինա Մաքսիմովայի անվան Arabesque եւ 2018-ին՝ Կրասնոյարսկում կայացած Grand Prix of Siberia մրցույթներին»,- ասաց Կարինա Շիկանյանը:
Իսկ վաղուց Արեւմուտքում կարիերա անող ավագ գործընկերների նման գուցե իրե՞ն էլ մի օր, մինչեւ թոշակի անցնելը, Երեւանում հանդիպենք հյուրախաղորդի կարգավիճակում հարցին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Չգիտեմ, դեռ իմ երազած թատրոնում եմ»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում