Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ

Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ

Մի ճանապարհ,
ընդամենը մի ճանապարհ է ինձ տրվել, –
Այսքան բազմագո, այսպես բազմադեմ
Իմ աստծուն հանդիման,
Նրա ձեւերը բոլոր –
Հին համեմատության պես –
Նետերի նման իմ սիրտն են խրվել,
Ճոճվում են նետերը իմ սրտում,
Օրորվում են, ինչպես դաշտում ծաղիկները,
Ցավոտ աճում են, աճում են, աճում են
Իմ սրտում
Հիմա։

Դաշտ է իմ սիրտը՝
Աչքից հեռու, սրտից Հեռու,
Հեռու բոլոր հայացքներից ու ոտքերից
Հարազատի-խորթի.
Եւ ո՞ւր եք դուք, մարդիկ,
Եւ ո՞ւր ես դու,
Եւ ինչո՞ւ եք ընթանում այդպես փութով,
Եւ Լույսին այդքան հակառակ,
Մի՞թե այստեղ չէ Դա. –
Արյունոտ նետն է մտերմանում
Դաշտի հետ ու սրտի,
Բայց նրանք չեն գալու այլեւս.
Նրանք խաբել են ինձ, նրանք խաբել են ինձ,
Նրանք խաբել են ինձ…
(Ինձ… երկնառաք)։

Նրանք չեն գալու այլեւս դեպի հետ,
Դեպի տառապանքը, դեպի տուն, սեր
Ու սրբազան հանցանք,
Արյունոտ նետերը միայնակ ծաղկում են
Իմ սրտում`
Ծաղիկներով կարմիր, –
Այս է զարմանալի սիրո
Պատվանդանը անզառանցանք,
Այս եմ –
Ճամփորդ ոգի
Եւ բզկտված, արնոտ ու ճշմարիտ մարմին։

Մի պառավ է միայն շրջում հսկա դաշտում…
Ախ, սիրելիս,
Չորացած իմ ջադու…
Բայց նաեւ աղջիկ է նա իբր…
Հավատավոր,
Ճչում-ծղրտում է,
Քրքջում ու ոռնում,
Աղիողորմ լալիս
Եւ կրկնում է համառ՝ բախտավո՜ր իմ,
Իմ բախտավո՜ր։

Քեզ –
Մարմինս, ոգիս եւ վերքերս –
Խելակորույս ուրվական, օգնական դեւ,
Քեզ –
Զառանցանքս, կամքս եւ խնջույքս,
Եւ ճանապարհս – այսպես անտեղյակ Լույսին,
Ահա –
Ես մերկ եւ մոռացված, ոտնահարվող
Կանգնած եմ քո դեմ,
Եկ մի քիչ էլ, մի քիչ էլ…
Քիչ էլ հավատա ինձ եւ ուսիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում