Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը

Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը

Դեռ կոմունիստների տիրակալության օրերից հալից ընկնող տան մեջ Հակոն մի փոքրիկ անկյուն ուներ, ուր գնում էր իբր խառատություն անելու, սրա-նրա համար սրճաղաց, թուր ու թվանք, դանակ-մանակ նորոգելու և իբր այլ բաների համար, բայց իրականում այն ավելի մեծ նպատակի էր ծառայում, հոգսերից փախչելու, ընտանիքի և սեփական խեղճությունը չտեսնելու, ապրած-չապրածը գցել-բռնելու, աշխարհի բաները կշռելու տեղ էր։ Այն մտածված էր ձեղնահարկում, փորձառու տղամարդկանց մտքի հանճարեղ առկայծումով։ Կանանց հետաքրքրասիրաթյունից սպրդած մի անկյուն, ուր այս տան հին ու նոր տղամարդիկ փնտրել ու, պատահել է, գտել են մի բան, ինչը աշխարհի խելոքներին հնուց ի վեր չի հաջողվել՝ ճշմարտությունը։

Աշխարհի այդ անկյունը փտած տախտակներով, մետաղյա թիթեղներով և հազար ու մի անճանաչելի նյութերով թքած-կպցրած պատով բաժանվում էր ձեղնահարկից։ Դուռը, որը կարելի էր թեթև հպումով ծակել-անցնել, կողպված էր մեծ կողպեքով, որի դերն ու նշանակությունր պարզելու հարկ ամենևին էլ չկա: Կողպեք էր, իր գործն էր անում։ ճշմարտության դողը տղամարդկանց պատում էր հենց այն պահից, երբ բանալին մտցնում էին կողպեքի մեջ։ Այս տան բանալին կողպեքի մեշ պտտող այրերից ոչ ոք որևէ կուսակցության չի դավանել, նույնիսկ դաշնակցությանը: Ճռնչալով դուռը բացվում էր, և աչքդ շոյում էր ժանգոտված ու փոշեկոլոլ մետաղյա մի զանգված, որը դժվար թե ճշմարտության հետ աղերս ունենար։ Միակ կեղտածեփ, տձև պատուհանից լույսը չուզելով ներս էր րնկնում և անհյուրրնկալ տիկնոջ արհամարհանքի պես սահում մտնողի կերպարանքով ցած։ Չուլուփալասով կոլոլված մի թախտ, որից մգլահոտ էր փչում, մի երերացող սեղան, որբ ժամանակին պատվով էր դիմակայել օղիների ծանրությանը, ոտուգլուխ իրար վրա լցված դատարկ շշերի մի կույտ սեղանի տակ. ահա այն կաթսան, ուր ինքն իր մեջ եփվում էր Հակոն: Այստեղ էին այս տան տղամարդիկ թափում իրենց մաղձը և մտածում դառնահամ բաներ, որոնք ճշմարտություն ասածից այնքան ել հեռու չէին։ Կարելի էր և չնկարագրել այդ անկյունը և թողնել, որ ընթերցողն ինքը կահավորի այն ըստ իր ճաշակի և իր ճշմարտության։ Բայց այսօր խոսքը Հակոյի ճշմարտության մասին է, որը ծնվեց հենց այստեղ, այն անկյունում, ուր սկսեց նորոգել ամենաառաջին որսորդական հրացանները, որոնք ամեն ինչ այրեցին այս երկրի արժանապատվությունը փրկելու համար և լռեցին ու մոռացվեցին իրենց տերերից շատերի հետ։

Հակոբ Ազատյանը, Մռովի Արծիվը, իր տեղը չի գտնում կյանքում։ Սովորաբար ո՞ւմ պետք է մեղադրես, երբ ինչ-որ մեկը իր տեղը չի գտնում կյանքում: «Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»,-այսօր առավոտյան ասաց կինը և անպաշտպան կանգնեց ամուսնու դիմաց։ Ասաց` խոցելու համար, մարմինը ամուսնուն արեց՝ պատասխանն ստանալու պատրաստակամությամբ։ Կնոջը ծեծելը մի մեծ բան չէ. մի երկու հատ հասցնում ես ՝ ղժղժոցը գցում է, սիրտը թափում և նորից սկսկում է քեզ սիրել։ Ասես նախօրոք մշակված գժտության այս տեսարանը անհրաժեշտության նման մի բան էր դարձել և զարդարում էր ամուսնական կյանքի անհրապույր ընթացքը։

– Ումի՞ց ես պակաս, որ երեխեքիդ աչքը օրվա հացին կարոտ է մնում:

Հենց սպանվելու տեղը գալիս է՝ Հակոյին հիշում են:

– Ձե՛նդ,- մռայլվում էր Հակոն ու մտքով թռչում «սպանվելու տեղերր»:

Մականունը շահել էր Արցախյան պատերազմում, Մռով լեռան ճակատամարտում։

Մարտից հետո հրամանատարը գրկել էր Հակոյին ու սիրտը թուլացրել. «Հակո, կյանքիդ մեռնեմ, էս ի՞նչ արեցինք։ Ասա, դու հո գիտես ինչ արեցինք։ Հազար տարվա մեր խեղճությունը այս լեռն տակ թաղեցինք: Հակո, ախպերս, գիտե՞ս, որ դու պատմություն ես»։ Հակոն լսում էր հրամանատարին և սպանված ընկերների դիակների վրայով հայացքը սահեցնելով` երդվում էր Մռով սարին, արյան մ՚եջ գեղեցկացող արևին, տղերքի սուրբ հոգնությանը, որ Հակոն չի ապրելու առանց էս մի հատիկ օրվա օրհնանքի, կնկանը մատով չի կպնի, երեխեքին չի սիրի, հաց չի կիսի։ Առանց Մռով Հակոն Հակո չի լինի։ Պատերազմից տուն դարձավ Մռովն իր մեջ: Պատերազմն էլ շահեց, Արծիվ մականունն էլ շահեց ու խաղաղությանը սկուտեղի վրա բերեց ու Գերազանցիկ Մելոյին հանձնեց: Հարևան Մելիքը, իր դասընկերը ՝ Գերազանցիկ Մելոն, պատերազմն սկսելուն պես ծլկել էր Մոսկվա: Հակոն Մոսկվայում անելիք չուներ, ոչ մի տեղ անելիք չուներ, գործարան չուներ, որ խառատություն աներ, փող չուներ, որ առևտուր աներ, տուն պահող չէր, որ կնոջ սիրտը շահեր, Հակոն Հակո էր, ու պարտադիր էս պատերազմը ինքը պիտի շահեր։ Մելոն պատերազմի էլ, խաղաղության էլ գինը ավելի լավ գիտեր՝ Մոսկվայից հաղթանակած հետ եկավ, սկուտեղը արժանապատվորեն ընդունեց, և սկսվեց Հակոյի ողբերգություն, որը նա համառորեն չէր ուզում գիտակցել:

«Մելոն մեր տնից ամաչում է, ուզում է առնել, քանդել և իր տան շրջակայքը գեղեցկացնել»,- ասում էր կինը, ու Հակոն լռում էր։

«Մելոն պատգամավոր է ընտրվել», – ասում էր կինը, ու Հակոն լռում էր։

«Մելոյի կինը առաջարկեց, որ իրենց տանը քոծություն անեմ։ Էրեխեքդ մեղք են, – ասաց»,- ասում էր կինը, ու Հակոն լռում էր։

«Մելոն մարտական արիության համար մեդալ է ստացել», – ասում էր կինը, ու Հակոն լռում էր:

«Վաղը Մելոյենց տուն շատ կարևոր մարդ է գալու, փողոցն ասֆալտաում են, դասընկերն ես, ասա թող մեր մի թիզն էլ ասֆալտեն»,— ասաց կինը, ու Հակոն զգաց տաք ասֆալտի բույրը։ Թանկագին հյուրին արժանավայել ընդունելու համար Մելոն ոչինչ չէր խնայել:

Մերսեդեսներից արկղներ էին իջեցնում: Հագած կապած ինչ-որ մարդիկ շատ կարևոր շարժուձևով ներս ու դուրս էին անում: Մելոն պատգամում էր, ցուցումներ էր տալիս սրան-նրան։ Հակոյին նկատելիս ժպտաց նախկին դասընկերոջ գերազանցիկ ժպիտով, մատով մոտ կանչեց.

– Վաղը հյուր ունեմ,-բազմանշանակ ասաց նա:

Հակոն ծամծմելով խնդրեց, որ իրենց մի թիզն էլ ասֆալտապատեն, Մելոն չծամծմեց, միանգամից հրահանգներ տվեց։

– Էլ որ օրվա րնկերն ենք։

Հակոն ծամծմելով շնորհակալ եղավ: Մելոն ընկերոջն օգնելու միշտ պատրաստ՝ հարազատություն դրսևորեց: Հակոն լուռ ու շնորհակալ շրջվեց, որ տուն մտնի։

– Հակո ջան, – հետևից հասավ Մելոյի ձայնը, – կներես, որ քեզ չեմ հրավիրելու: Նա ասաց, որ ավելորդ մարդիկ չլինեն:

«Ավելորդ» բառը Հակոյին ցնցեց։ Վիրավորանքը կոծկելու համար շուտ տուն մտավ։

– Լավ մարդ է Մելոն, – ասաց կինը, – դու ես խոզություն անում:

Ո՞վ է մեղավոր, որ Մռովի Արծիվը իր տեղը չի գտնում կյանքում: Այ հիմա էլ իր տեղում չէ։

Դիմացից արևն էնպես է խփում աչքերին, ասես տասը տարեկան մի լակոտի է ձեռք գցել ու հետը լկստվում է։ Շուռ է գալիս՝ քամին է շշպռում: Չէ, արևն ու քամին էստեղ գործ չունեն: Ուրիշ մի բան կա, որ անուն չունի: Աստված Հակոյին Մռով սար էր տվել, էնտեղ էլ պիտի սկսվեր ու ավարտվեր նրա կյանքը: Հակոն տղերքից ինոչ՞վ էր պակաս: Արյունով լվացին էս խաղաղությունն ու մարդկանց տվին. առե’ք, շունշանորդիներ, կերեք, խմեք, իրար կոկորդ կրծեք… Դոլար առնե՜մ դրամո’վ, ռուսական փողով… մեր երկրի ժողովրդավարությունը վտանգված է… րնտրությանների արդյունքները կեղծված են, մենք համաշխարհայ~ին ազգ ենք… միջազգային հանրությունը ողջունում է…

Չէ, արևն ու քամին էստեղ գործ չունեն… Հակոն ուրիշ բան է տեսնում էստեղ…

Խաղաղություն ասածը յուրայինների պատերազմն է` ավելի նենգ, ավելի հրեշավոր… էս պատերազմում չեն զոհվում, և արևը նրանց արյան մեջ չի գեղեցկանում… էս պատերազմում վերծանում են` մեկը մյուսին չտեսնելով… չգիտես ով է թշնամին և ով բարեկամը… էս խաղաղության-պատերազմը այլ մականուններ է ընծայում մարդկանց։ Արծիվները, Բազեները, միայն գայլերն ու Արջերը ավարտվեցին, վերացան:

«Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»,- ինչպես միշտ` կինը ճիշտ է: Մելոյի հավը: Գնա՛, մեկ էլ տեսար, Մելոն քեզ մի գործի դրեց… Տղերքը զոհվեցին, որպեսզի իրենց էրեխեքը բարեգործների ձեռքերը՞ համբուրեն։ Տո էս տեսակ խաղաղության մերը…

Չէ՜, Արծիվ Հակոն չարության բույն չէ, կյանքի վաշխառու չէ, որ տվածն ու առնելիքը կշեռքի նժարին դնի։ Մռով սարն էլ ակնկալիքների դաշտ չէ: Հակոն կռվեց իր կռիվը, էրեխեքին տալու բան չուներ՝ իր կենսագրությունը տվեց, որ հյուսել էր Մռովի անհանգիստ գիշերներից ու վառոդաբույր ցերեկներից, որ զարդարել էր մեռնող ընկերների վերջին շառաչով ու մայր մտնող արևի բոսորագույն նահանջով: Հակոն իր կռիվը չի բացատրում։ Եթե բացատրի, կդառնա Մելո։ Այնպես, ինչպես անբացատրելի էր Մռով սարը այն օրը, երբ տղերքը մեկիկ– մեկիկ ըմբոշխնում էին արևի վերջին ցոլքերը։ Պատերազմը, ինչպես և խաղաղությունը, մաքրվելու տեղ ունի։ Կգան Մռովի հերոսների ժառանգները ու պատերազմի էլ, խաղաղության էլ վրայից կքերեն կեղտը և կասեն իրենց հայրերին.

«Էս ինչ արեցիք, տղերք։ Ախր ձեր արածր պատմություն է»։

Հակոն թեթևացած վերադարձավ տուն։ Քայլեց թարմ ասֆալտի վրայով, գովեց Մելոյի աշխատանքը։ Արդեն սպասում էին թանկագին հյուրի գալուն։ Անկասկած հյուրը գնահատելու էր Մելոյի ջանքերը։ Ով էլ լիներ այդ նշանավոր մարդը, բարեկարգված թաղի ժողովրդի համար ցանկալի էր։ Մելոն ինչ-ինչ հանգամանքներից դրդված, չէր ասում հյուրի անունը։

Մելոյի կինը ջանադրաբար զարդարվել էր: Նա վստահ էր, որ հյուրը կգնահատի իր սև, ոսկե ճաճանչներով երկարափեշ շրջազգեստը: Առավել ցայտուն ընդգծված էր ճերմակ, զարդանախշ ժանյակը: Խոշոր ատամներով մի մեդալիոն պեծպեծում էր նրա կրծքին՝ շեշտելով լիքը կրծքերի ելևէջները։ Հակոյի տղամարդկային բնազդը շոյվեց։ Դարպասի դռան մոտ Հաշտ ու ընկճված կանգնած կինը որսաց ամուսնու թուլանալը և ավելի խեղճացավ, նույնիսկ նախանձելուն անընդունակ դարձավ։

Մելոն նույն Մելոն էր. ինքնավստահ, անփույթ՝ իբր թանկագին հյուր րնդունելը իր համար իրադարձություն էր։ Երկու անծանոթ տղա գերժամանակակից հեռախոս-րնդունիչներով անկապ բաներ էին խոսում։ Ամեն ինչ պարզ էր։ Ցանկալի չէր, որ հյուրը ավելորդ մարդկանց տեսնի, կամ ավելորդ մարդիկ իրեն տեսնեն։ Մելոն հետաքրքրասեր թաղեցիներին հեռանալու հորդոր էր անում։ Հակոն կնոջն ու աչքերը ճպճպացնող իր երկու գազանիկներին հասկացրեց, որ տուն մտնեն։ Ինքր օրինակ ծառայեց։ Կինն ու երեխեքը դիրքեր գրավեցին պատուհանի մոտ։

– Մարդ չե՞ք տեսել,- փնթփնթաց Հակոն։

– Մեր տեսածը մի Հակո էր,- արհամարհական ասաց կինը, հետո ավելացրեց,- ընդամենը։

Հակոն չընդունեց մարտահրավերը, մի քանի անգամ հետ ու առաջ արեց սենյակում ու անձեն-անձուն գնաց, որ մագլցի իր բույնը։ Բանալին պտտեց կողպեքի մեջ և զգաց, որ ինչ—որ բան իր մեջ փոխվում է։ Կեղծ Հաստատակամությունը, որ իբր պատերազմից էր ժառանգել, ցնդեց: Ներս մտավ, ձեռքով հեռացրեց երեսին կպած սարդոստայնը և ոչ թե նստեց, այլ ընկավ թախտի վրա. «Տեսնես Մելոյի Արփենը երբևէ իմ դեմքին նայե՞լ է»,- մտածեց Հակոն ու սարդոստայնի մեջ ինքն իրեն բանտած սարդի ջանքերը նմանեցրեց իր կրքի մեջ գալարվող Արփենի թպրտոցին: Տիրոջ նստելու ձևվից արդեն թախտը գուշակեց նրա տրամադրություն և ուժերը լարեց, որ հնարավորին չափ քիչ աղմկի: Աշխարհի միակ պատուհանը տարիներ շարունակ չէր բացվել։ Եթե բացվեր, Մելոյենց պատշգամբի վրա էր բացվելու, ուր գցված էր թանկագին hյուրին վայել սեղանը։ Հակոն hետաքրքրասեր չէր։ Նրա hետաքրքրասիրությունը մեկ անգամ էր բռնել, էն էլ՝ Մռովում:

Ուղարկել էին հետախուզության: Հակոյից ի՞նչ հետախույզ։ Շվշվացնելով գնացել էր:

Հակոյի բախտից մառախուղի մեջ էր ընկել։ Մառախուղը բացվել էր ու ի՞նչ տեսնի։ Մի ջահել թուրք զինվոր, թիկունքը ժայռաբեկորին արած, զենքը կողքը դրած, տափակ քարին սեղան է գցել ու պատրաստվում է խնջույքի։ Մեն֊մենակ, ապահով, ինքն է ու իր սուփրեն: Հաջողվելով, որ րնկեր չունի, գողունի մոտեցել էր ու զենքն իրեն քաշել: Խեղճ թուրքը, րնթրիքի հմայքներով արբած, չի էլ զգացել իր գլխին գալիք փորձանքը: Հետո Հակոն պատմում էր ընկերներին. «Աշխարհը տրաքի, պիտի գնամ տեսնեմ, թե ի՞նչ խորտիկներ են սիրում թուրքերը: Ասի` սալամ ալեյկեմ, յոլդաշ: Թուրքը սարսափահար վեր թռավ ու ինձ է զննում: Մատս շրթունքներիս տարա ու ավտոմատը ցույց տվեցի: Ամեն ինչ հասկացավ։ Ասի՝ մենակ քեֆ ես քաշում, էլի։ Պա-պանձվել էր: Հետո խաշած հավը հալալ երկու կես արեցի և նրան մեկնեցի` կեր։ Դեմքին ժպիտ եկավ, մտածեց, թե յուրային եմ, կատակ եմ անում: Հետո, երևի, կրծքիս խաչը տեսավ ու ձեռքը հետ քաշեց: Ասի՝ կեր, թև չէ… Հիմի ո~նց ենք ուտում, էլ թթու դրած վարունգ, էլ հորած պանիր, էլ… Չեմ էլ ջոկում՝ ես եմ թուրքին հյուրասիրողը, թե թուրքը ինձ։ Կերանք պրծանք, թուրքը դարձավ թուրք, ես դարձա հայ ու իրար ենք նայում: Ախր էս ո՞վ հնարեց՝ թուրքին՝ թուրք, հային՝ հայ։ Մտածում եմ. ,Եթե ես օգնեմ, ու էս թուրքը զոհվի, Մռով սարը իրենը կմնա. զոհվածները հող չեն զիջումե։ Հետո էլ ՝ ո՞նց կլինի, իրար հետ մի պատառ հաց ենք կիսել։ Վերջը ասի` լավ, տղերքին հյուր տանեմ»։

Հետո հրամանատարը իրեն առանձնացրեց ու ասաց. «Հակո, է՛ս կերած-խմած թուրքին հիմա ի՞նչ անենք»։ Հակոն կմկմաց. «Հետը հաց եմ կիսել»: «Լավ, քեզ հասկացա, Հակո… թող պատմություն դառնա»։

Ու էդ թուրքին այլևս չտեսավ Հակոն: Ի՞նչ եղավ… Դե, երևի, ինչպես հրամանատարն էր ասում` պատմություն դարձավ։

Ինշո՞ւ հիշեց պատմություն դարձած թուրքին: Հա… հետաքրքրասիրությունը:

Հակոյի ի՞նչին էր պետք իմանալ, թե ինչպիսին են լինում թանկագին հյուրերը։ Բութ մատի եղունգով մի աչքատեղ բացեց պատուհանի ապակու վրա և աչքը մոտեցրեց: Վախեցած հետ քաշվեց։ «Հակո, կյանքիդ մեռնեմ, էս ի՜նչ արեցինք… Հակո, ախպերս, գիտե՞ս, որ դու պատմաթյուն ես»:

Չէ, Հակոն սխալվում է: Նորից մոտեցավ ապակուն` իր տեսածը չտեսնելու վերջին պաղատանքով։ Մռով սարի արևն աշխարհը կտրեց, եկավ ու լուսամուտի ծերպից Հակոյի աչքը խրվեց։ Ցավը նրան հետ շպրտեց։ Թախտը մեծահոգաբար լռեց։ Ոտ ու գլուխ իրար վրա լցված շշերը զնգզնգացին Հակոյի հարվածներից: Ողբերգությունը ներս մտավ ներքին վերջույթներից, սառը դողէրոցքով սողոսկեց մարմինն ի վեր, լցվեց մարմնի բոլոր ծակուծուկերը և վայրի մոլուցքով տապալելով բոլոր արգելակները, խուժեց ուղեղից ներս:

– Հրամանատա՚ր, ախպերս, էս ի՜նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…

Էս հո պատմություն է, հրամանատար,- ցավից ոռնաց Հակոն, և ձեոքը որոնեց, գտավ թախտի տակ թաքցրած ավտոմատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում