Աստծո աչքը
Նմանատիպ
«Ու՞ր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։
Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով մեկ հայացքը գուշակել է տալիս զգացմունքների մասին։ Երբ մահամերձը մահվան անկողնում է՝ իր սիրելիներով շրջապատված, խոսքով չի կարող արտահայտել այն, ինչ զգում է իր սրտում, ինչ խորհում է իր մտքում, ինչ անցնում-դառնում է իր հոգու մեջ, և, երբ նրան շրջապատողները չեն համարձակվում խոսել նրա հետ՝ վախենալով նրան հոգնեցնելուց, այդժամ մահամերձի ու նրան շրջապատողների միջև աչքերի միջոցով խորունկ ու խորհրդավոր մի հաղորդակցություն է սկսվում, որը ավելի լավ կարող է հասկացնել միտքը, քան ամենապերճախոս բառերը։ Նույնպես է և մոր հայացքը իր սրտակից զավակի վրա։ Որչա՜փ խոսուն, պերճախոս ու ազդեցիկ է նաև սիրելիին ուղղված սիրավառ աչքերի հրապույրը։
Այն, ինչ աչքերի մասին հայտնի է մարդկանց, բոլորովին ճշմարիտ է նաև Աստծո աչքերի համար։ Նրա աչքն այնքա՜ն զորավոր ու այնքա՜ն կենդանի է, որ թագապսակ Դավիթ մարգարեն իր սաղմոսում ասում է․ «Չի ննջում ու քուն չի մտնում Իսրայելի պահապանը», և որևէ մեկը չի կարող փախչել նրա տեսադաշտից․ «Ո՞ւր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ո՞ւր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես»։ Ինքը՝ Դավիթը, իսկապես զգաց, որ Աստված խորունկ կերպով քննում է իրեն, ճանաչում իր սրտի ու մտքի խորքում եղած-չեղածը, ու եթե անգամ նա փորձեր էլ փախչել, Աստծո աչքը պիտի հետևեր նրան։ Դավիթը միշտ իր վրա սևեռված զգաց իր խորհուրդների մեջ թափանցող Աստծո անքուն ու արթուն աչքը, և, բացականչելով՝ ասաց․ «Ո՞ւր գնամ, ո՞ւր փախչեմ քո երեսից»։ Իսկապես, մենք չենք կարող մեր տկար լեզվով բացատրել ու հասկացնել Նրա ամենատեսության, ամենագիտության չափը․ որ կողմ էլ որ գնաս, ուր էլ որ լինես՝ թե՛ լեռների բարձունքներին, թե՛ երկնքի կապույտ կամարի ներքո, թե՛ օվկիանոսների խորքում, թե՛ սենյակի չորս պատերի մեջ՝ հազիվ մի լուսամուտ ունենալով, իմացի՛ր, որ Աստծո աչքը հետևում է քեզ։ Այն շատ մոտից է տեսնում, այն ներկա է քեզ մոտ, քո շուրջը, քո գլխավերևում, այն աստիճանի, որ մինչև իսկ քո գլխի բոլոր մազերը հաշվել է։ Եվ իմացե՛ք, որ եթե գեթ մի վայրկյան մենք վրիպեինք նրա աչքից, նույն այդ պահին կոչնչանայինք, կդադարեինք գոյություն ունենալուց։ Խորհե՛ք այն մասին, որ Աստծո ահավոր ներկայության առջև ենք գտնվում, որ կա Մեկը, որը քննում է ձեր խորհուրդները, որ կա մի Աչք, որը երբեք «քուն չի մտնում»։
Աստծո աչքը մեզ երկյուղ է հարուցում, սոսկում պատճառում, հյուծում, հալածում ու տանջում է մեզ, երբ չենք կարողանում իրականացնել մեր և Աստծո միջև բաղձալի խաղաղությունը, կամ, այլ կերպ ասած, երբ գործում ու ըմբոստանում ենք՝ ընդդեմ մեր խղճի և աստվածային ձայնի։ Աստված սուրբ է, Նրա աչքերը մաքրամաքուր ու պսպղուն են, Նրա աչքերը կարող են տեսնել ամենածածուկ չարիքներն իսկ։ Նրա առաջ երբևէ չմեղանչած սերովբեներն ու քերովբեները ծածկում են իրենց երեսը՝ գոչելով․ «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով» (Ես․ Զ 3)։ Եվ արդ, նա, որ անմաքուր էր ու աղտոտված՝ տիղմերի մեջ, նա, որ խախտել էր Աստծո օրենքն ու ըմբոստացել Արարչի՝ Աստծո դեմ, իր մոր խրատներից խուսափել փորձող չարաճճի մանկան նման, ուզում էր խուսափել նաև Աստծուց՝ սարսափած նրա հայացքից, ու մտածել անգամ չէր ուզում Աստծո մասին և բավականություն էր ստանում Աստծո գոյությունը ուրանալ հրահրող անհավատների ջանքերից։ Սակայն Անեղի աչքը մնում է զորավոր ու սրատես՝ իբրև հոգևոր աշխարհի «ռենտգեն» ճառագայթ։ Անմիտ է նա, ով, ինչպես նախածնողները անկման երեկոյան, կթաքնվի ծառերի ետևում ու կապավինի իր զորությանը Սուրբերի Սրբի խուզարկու աչքերից ինքն իրեն պահպանելու համար։
Երբ ֆրանսիացի հրամանատարը ազատ արձակվեց Լաֆայետ բանտից, պատմում էր, որ բանտում ամենաանհանդուրժելի բանն իր խցիկի դռան վրա բացված փոքրիկ պատուհանն էր, որից բակում սպասող սվինավոր պահնորդ-զինվորն ամեն վայրկյան հսկում էր իրեն ու լրտեսում իր բոլոր շարժումները։ Ուստի նա ամեն պահ մտահոգվում ու մտատանջվում էր՝ ասելով․ «Ինձ տեսնում են, ինձ քննում են ու գիտեն՝ ինչ եմ անում», ու այդպիսով նրա համար իսկական չարչարանք էր այդ զինվորի հսկող հայացքը։ Այս պատմությունը նաև նրանց համար է, ովքեր սոսկումով են նկատում իրենց խղճի վրա սևեռված Աստծո աչքը, ովքեր կորցնում են իրենց հոգեկան անդորրությունը՝ խզած լինելով այն սուրբ ու լուսեղեն կապը, որն իրենց շաղկապում է Աստծո հետ։
Նշանավոր, մեծ մտածող-բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի «Կայեն» վերնագրով բանաստեղծության մեջ իմաստասեր այս մեծ մտածողը նկարագրում է առաջին մարդասպանի՝ Կայենի, հալածական վիճակը։ Նա ամենուր տեսնում էր Աստծո ամենատես Աչքը ու այդ հայացքը խռովում էր նրան ու ահաբեկում, և նա ամեն գնով փորձում էր ճողոպրել այդ հայացքից, սակայն իզուր։ Աչքը մշտապես հետևում էր նրան ու նա հորիզոնում սարսափով տեսնում էր շեշտակիորեն իրեն նայող Աստծո աչքը։ Նա խոշոր պարիսպներ կառուցել տվեց՝ հորիզոնը ծածկելու համար, սակայն Աստծո աչքը դարձյալ հետապնդում էր նրան։ Եվ, վերջապես, Կայենի զավակները, տեսնելով իրենց հոր կրած հոգեկան տառապանքները, իբրև ստորերկրյա բնակարան մի մեծ ու խորը փոս փորեցին ու այնտեղ իջեցրին իրենց հորը։ Նկարագրելով այս ամենը՝ Վիկտոր Հյուգոն գերազանցում է ինքն իրեն ու ասում․
«Երբ մռայլ մթի մեջ նստեց աթոռին,
Ու երբ գետնափորն էր արդեն ծածկված,
Գերեզմանում էլ աչքը Անեղի
Կայենի վրա էր դարձյալ սևեռված․․․»։
Մարդկանց մեծ մասը, եթե քննեն իրենք իրենց ու աչքերն հառեն իրենց հոգու խորքը, այնտեղ պիտի հանդիպեն իրենց խղճի աչքին, որն, իբրև Աստծո աչք, սևեռված է իրենց վրա ու կարծես հաշիվ է պահանջում։ Շատերը չեն ուզում կարևորություն տալ այս աներևույթ աչքին՝ այն երևակայության խաբկանք ու իրական արժեքից զուրկ մի բան համարելով։ Այդպիսիք այս երևակայական կարծված աներևույթ աչքից ամբողջովին զերծ մնալու համար ուրանում են Աստծո գոյությունը և փորձում ամեն կերպ հերքել այն՝ ամբարտավանորեն կարծելով, թե անաստվածության պատին բարձրանալով՝ հասել են իրենց նպատակին։ Օ՜, որքա՜ն տկար են նրանք։ Նրանք հազիվհազ կառուցում-ավարտում են իրենց անաստվածության պատը, մինչդեռ Աստծո աչքը այդ պատի վրայից աներևութաբար, խորունկ կերպով դարձյալ նայում է նրանց։ Շատ անգամներ ընդդեմ Աստծո բանախոսություններ են լինում ու մեծ բազմություն է ներկա գտնվում, ունկնդիրներն էլ ծափահարություններով են ողջունում անաստվածության քարոզչին այն հույսով, որ վերջնականապես պիտի սպրդեն Աստծո տեսողությունից, սակայն շատ չանցած Աստծո աչքը կրկին հետևում ու հետապնդում է նրանց։
Ուրիշներն էլ ուրիշ փորձի են դիմում․ տեսնելով, որ հնարավոր չէ խուսափել Աստծո հայացքից, համոզված լինելով, որ Աստծուն ուրանալն անկարելի է, նրանք դիմում են այնպիսի միջոցների, որոնցով կկարողանան գոնե մոռանալ Աստծո գոյության մասին։ Այդպիսիք իրենք իրենց ծանր աշխատանքների, դժվարահանգույց զբաղմունքների և կամ հաճույքների ու զվարճությունների են ենթարկում՝ հուսալով, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով զբաղմունքների ու զվարճանքների վրա, կկարողանան իրենց մտքից ցրել Աստծո գոյության գաղափարը և, հետևաբար, վանել Աստծո սրատես ու հետապնդող աչքը։ Սակայն այս ամենից հետո գալիս է հոգնածության, տկարության վայրկյանը, և ահա հանկարծ աներևույթ աչքը նորից սարսափելիորեն նրանց է նայում։
Ավա՜ղ, այս վտանգավոր փորձերը չեն կարող օգուտ տալ, չեն կարող նպաստել մեր նպատակին, որն է՝ Աստծո աչքը մեզնից հեռացնելը, այլ, ընդհակառակը, այդպիսով մենք ավելի ենք կենտրոնացնում այդ աներևույթ աչքը մեզ վրա ու այն Դամոկլյան սրի պես սպառնալիորեն մնում է մեր գլխավերևում։ Ամենքս էլ սխալներ ու թերացումներ ունեցել ենք ու այնպես ենք կարծում, թե Աստծո աչքը հետապնդում է մեզ մեր մեղանչումների համար։ Սակայն հիմար են նրանք, ովքեր ուզում են այդ աչքը հեռու վանել անհավատությամբ, անտարբերությամբ կամ զգայական զվարճությամբ․ այդ կերպ նրանք խոստովանում են, որ չեն կարող հեռացնել այդ աչքը, քանի որ իրենց ներքին անհավատության ու զգայական զվարճությանը տրվելու ճանապարհով հնարավոր չէ խաղաղություն, հանդարտություն, քաղցրություն ու պարզություն ապահովել։ Ուրեմն, ո՞րն է այդ աներևույթ աչքի սպառնալից ներկայությունը չեզոքացնելու ապահով ճանապարհը։ Սիրելի՛ հավատացյալներ, Աստված տեսնում է մեզ և մշտապես Նրա աչքը մեզ վրա է, սակայն նրա հայացքի մեջ ավելի շատ տրտմություն ու կարեկցանք կա, քան բարկություն ու վրեժխնդրություն, քանի որ Աստված «չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից ու ապրելը»։ Երբ Աստծո աչքը հետևում է քեզ, դա ոչ թե չարիք հասցնելու համար է, այլ արդյունքն է Նրա սիրո․ Նրա աչքը սիրո, փրկության աչքն է։ Մի պահ կա՛նգ առ և ուշադրությամբ նայի՛ր այդ աչքին ու կտեսնես, որ այդ աչքը այն հայրական աչքն է, որը կամենում է քո դարձը և Իր գրկում լինելդ։ Չե՞ս ուզում հավատալ այդ ամենին, սրտումդ կասկա՞ծ ունես այդ մասին․ հիշի՛ր Պետրոսի պարագան։ Երբ նա երեք անգամ ուրացավ Հիսուսին, Հիսուս քահանայապետի գավթով անցնելիս դարձավ դեպի Պետրոսը, նայեց նրան, և Պետրոսը, այդ շա՜տ տխուր, բայց միևնույն ժամանակ շա՜տ գորովալից նայվածքից ազդված, դուրս ելավ ու դառնապես լաց եղավ։ Նա, սակայն, փրկված էր․ այս կարճ, բայց փրկարար հայացքն էր, որ փրկեց Պետրոսին։ Հիսուսի աչքը Աստծո աչքն է․ «Նա, ով տեսավ Ինձ, տեսավ Հորը»։ Եթե մերժում ես ակն ընդ ական նայել այդ հայացքին, իմացա՛ծ եղիր, որ այն քեզ հալածելու է մինչև քո կյանքի վերջը։ Այդժամ ավելանալու են երկյուղդ ու սարսափդ և այդ աներևույթ աչքը ահավոր չարչարանք է դառնալու քեզ համար՝ նախաբանը ահռելի դժոխքի։ Որքա՜ն գեղեցիկ կերպով է սաղմոսերգուն մարդուն հրավիրում հաշտվելու Աստծո հետ, դառնալու դեպի Նա ու խնդրելու Նրա ողորմությունը, եթե անգամ Նրա աչքերը դատավորի սրատես աչքեր լինեին ու Նրա դեմքին խստապահանջ օրենսդրի արտահայտություն լիներ․ «Խնդրեցի Տիրոջն, ու Նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։ Մոտեցե՛ք Տիրոջն ու լո՛ւյս առեք, և թող ձեր երեսը չամաչի» (Սղմ․ ԼԳ 5-6)։ «Քեզ կիմաստնացնեմ ու խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին և աչքերս վրադ կպահեմ» (Սղմ․ ԼԱ 8)։ Երբ մանուկը խղճի հանդարտություն ունի, չի վախենում իր մոր նայվածքից, այլ, ընդհակառակը, երջանկությամբ փնտրում է այն և ուրախանում, երբ մոր քնքուշ պատկերն է տեսնում։ Երբ մարդ Աստծո որդի է դառնում, այն վստահությունն է ունենում, որ ամենուր ու մշտապես Աստված տեսնում, հետևում և ընկերակցում է իրեն, ու իր կյանքն էլ փոխված՝ նա անհունորեն երջանիկ է զգում իրեն։
Երբ մարդ պարտավոր է առավոտյան իր օրվա ծանր աշխատանքը վերսկսել ու երբ գիտի իր հայացքը բարձրացնել ու զուգահեռի մեջ դնել Աստծո հայացքին, այդժամ նա զգում է Աստծո աչքի ամենուր ներկայությունն իր շուրջը և այս զգացումն է, որ ավելի է արիացնում նրան, նրա երակներով նոր ու թարմ զորություն է հոսում, և այդ աչքից վախենալու փոխարեն նա երջանկություն է զգում և այդ աչքը նրա համար դառնում է անսպառ մի ուժ իր կյանքի դժվարին պայմաններում ու պահանջմունքներում։ Արդ, ուրեմն հավատքով դեպի վեր ուղղված մի հայացքն էլ հերիք է, որ մարդ Աստծո օգնությունն ու զորությունը ստանա։
Դարձյալ Աստծո այս աչքն է, որ մեր փորձությունների, հիվանդությունների ու տառապանքների մեջ մխիթարության մի ճառագայթ, սփոփանքի լուսեղեն մի թել, ուժի ջերմ հոսանք է լինում մեզ համար ու արիացնում և գոտեպնդում է մեզ, եթե մենք, մեր աչքերը վեր հառած, հայցում ենք նրա օգնությունը․ «Դեպի վեր բարձրացրի իմ աչքերը, քանի որ այնտեղից ինձ օգնություն պիտի ժամանի»։
Հինավուրց եկեղեցիների խորանների ճակատային մասում շա՜տ խորհրդավոր կերպով մի եռանկյունու մեջ պատկերված է Աստծո աչքը։ Այն եռանկյունու մեջ է վերցված՝ ցույց տալու, որ Աստծո աչքը երեք որոշակի հատկություն ունի․ այն նայում է մեզ բարությամբ, արդարությամբ և սրբությամբ։
Եվ եթե մարդ իր կյանքում տեսնում է Աստծո բարության, արդարության և սրբության աչքը, նա մինչև իսկ իր մահվան մահճում էլ, երբ մարմինը տկարացած ու ընկճված է, երբ հազիվ լսելի է նրա շունչը, երբ հազիվ է բաբախում նրա սիրտը, երբ այլևս մարում են նրա մարմնավոր աչքերն ու հազիվ է նշմարում իր շուրջը գտնվողներին, երբ այլևս մութն է, որ տիրում է իր ֆիզիկական աշխարհի վրա, այդժամ հոգևոր մի նոր լույս, երկնային մի լույս է տեսնում նա իր հոգու աչքերով․ Աստծո հայրական աչքն է այդ։
Երբ համոզվում ենք, որ Աստծո աչքը ամենուր հետևում է մեզ, անհրաժեշտ է, որ այս համոզումը մեզ թելադրի ապրել մաքուր, ուղղամիտ ու բարի վարքով։ Քիչ առաջ ասացի, որ եթե ուզում եք, որպեսզի Աստծո աչքը դադարի «հալածող» լինելուց, պիտի դառնաք դեպի Նա։ Այն աչքը, որը հետապնդում է ձեզ, Սեր-Աստծո աչքն է, ով ուզում է ձեզ փրկել․ Նրա հայացքը գթությամբ ու կարեկցանքով է լի։ Մի՛ մոռացեք, որ Աստծո հսկող աչքերի տակ եք գտնվում, լինեք ներսում, թե դրսում, հանրության, թե առանձնության մեջ, ձեր երջանկության ու տառապանքի, գործերի ու խոսքերի, բարձրացումների ու անկումների մեջ, թե՛ ձեր ծննդյան ու թե՛ մահվան ժամանակ։ «Տեսար ու քննեցիր ինձ» խոսքը կյանքի բոլոր ելևեջների համար է։ Ուրեմն, ո՜վ հավատացյալներ, զգուշանա՛նք չարիք գործելուց, արդարությանն ու խղճին հակառակ ընթանալուց, դադարե՛նք անմաքուր արարքներ գործելուց ու ջանա՛նք մաքրամաքուր խիղճ ունենալ Աստծո ու մարդկանց առաջ։ Այդժամ է, որ պիտի կարողանանք Դավթի հետ միաձայն ասել․ «Փորձեցիր սիրտն իմ ու քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, և իմ մեջ անիրավություն չգտնվեց» (Սղմ․ ԺԶ 3)։ Ու երբ հնչի այս աշխարհից բաժանման փողը, հանդերձյալ հորիզոնում Անեղի աչքը տեսնելու ժամանակ, փոխանակ սոսկումով բացականչելու՝ «Ո՞ւր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ո՞ւր փախչեմ», պիտի կարողանանք հանգիստ խղճով ասել․ «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»։ Ամեն։
Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում