Դավութօղլուն փորձում է շարունակություն գտնել Թուրքիա-ԵՄ բանակցությունների համար
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի’ Եվրամիությանն անդամակցության բանակցությունների գործընթացում հեռախոսային զրույցներ է ունեցել Գերմանիայի եւ Հոլանդիայի իր գործընկերների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների’ այսօր տեղի ունենալիք հավաքից առաջ Դավութօղլուն Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Գվիդո Վեստերվելլեի եւ Հոլանդիայի իր պաշտոնակից Ֆրանց Թիմերմանի հետ խոսել է Թուրքիայում հակակառավարական ցույցերի ճնշումների մասին:
Ըստ գործակալության’ թուրք արտգործնախարարը խնդիրը նաեւ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի եւ ԵՄ այլ պաշտոնյաների հետ քննարկելուց հետո խոսել է նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ ԵՄ հանձնաժողովի ընդլյանման հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը վերջիններիս խնդրել է ջանքեր գործադրել ԵՄ արտգործնախարարների հավաքում Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու մասին որոշում ընդունելու համ ար:
Ստամբուլում Թաքսիմ հրապարակի եւ Գեզի զբոսայգու վերակառուցման կառավարության նախագծի դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժ կիրառելու եւ բռնություններ գործադրելու հետ կապված Գերմանիան, Հոլանդիան եւ Շվեդիան հանդես են եկել Թուրքիայի ԵՄ բանակցություններն առկախելու մասին հայտարարությամբ:
Թուրքիայի’ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թ-ին: Այդ ժամանակից ի վեր, կողմերը քննարկել են 35 կետերից միայն 13-ը, որոնք պետք է կատարի Թուրքիան, որպեսզի բավարարի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ պայմաններին: Բանակցությունները բազմիցս բարդացվել են հակամարտություններով եւ տարաձայնություններով, որոնք բերել են դրանց դադարեցմանը: Վերջին երեք տարում կողմերը չեն բացել ոչ մի նոր տեխնիկական խորագիր, ընդ որում ներկա դրությամբ Թուրքիան կարողացել է բանակցությունները փակել դրանցից միայն մեկի գծով:
Մայիսի վերջից մինչ այժմ Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի պատճառը առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու կառավարության որոշումն է: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ալիքը Թուրքիայում վերաճել է հակակառավարական զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Ոստիկանությունը բռնաճնշումներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ’ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրաշիթեր եւ պլաստիկ փամփուշտներ: Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվող ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդիկ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում