Վիլյամ Սարոյան․ «Ամերիկացի մեծն ապուշը»

Վիլյամ Սարոյան․ «Ամերիկացի մեծն ապուշը»

(ԲԱԼԵՏԱՅԻՆ ՊԻԵՍ)

Մի շարք անհեթեթ և հերոսական իրադարձություններ
ամերիկացի մեծն Ապուշի կյանքում

Ամերիկացի մեծն Ապուշ – մարդկային ցեղի հույսի փարոսը
Կին – փայլուն ներուժ
Հիմար – սովորույթ և շարքայինները
Ոստիկան – կարգապահ, տխմարություն
Ծեր Մարդ բանտում – արհամարհանք, տարիք և պարզամտություն
Աղջնակ – դեռևս չհղկված և փչացած իմաստնություն
Կանայք,
Բանվորներ – իրենց տեղին անհամապատասխան
Կարլ Մարքսի Աշակերտ – մարքսիստական փիլիսոփայության երդվյալ նվիրյալ
Քահանա – կապիտալիզմ
Հարբեցող – կրոնասեր մարդ
Աղոթող Տղա – օդապարուկներ ու ձկներ երազող
Մորուքավոր Ծերուկ – պոեզիան հայտնաբերող տասնչորսամյա տղա
Պարող Աղջիկ – տղայի խանդավառությունը
Մեռնող Ծեր Կին – ապրողներից մեկը
Ներգաղթող – ապրողներից մեկը
105 ջերմաստիճանով Տղա – ապրողներից մեկը
Ամերիկացի մեծն Ապուշը մի անանուն երիտասարդ է, ով բերկրանք է ստանում իր ապրելուց, հետաքրքրասեր է ամեն բանի հանդեպ, տենչում է հասկանալ ամեն ինչ, լի է հոգատարությամբ, սիրով, զավեշտով, թախիծով, զայրույթով և այն մյուս բոլոր բաներով, որոնք մարդու ինքնության մասն են կազմում, բայց ամենավառը նրա մեջ հոգատարությունն է:
Նա ճամփա է ելնում մարդկանցով լի մի աշխարհում: Ամեն տեսակ մարդկանցով: Գնում է մեկից մյուսի մոտ՝ զննելով նրանց դեմքերը: Բոլորը զբաղված են՝ ոչինչ չանելով:
Մեկն, այնուամենայնիվ, իրոք զբաղված չէ:
Սա մի չքնաղ կին է: Նա ուղղակի կանգնում է ու նայում: Ապուշն ամենաշատը նրան է ուսումնասիրում, սկզբում՝ մեծագույն հիացմունքով: Երբ ամեն ոք զուտ անըմբռնելի կամ ծիծաղելի է թվում, նա վերադառնում է՝ զննելու կնոջը: Նա գեղեցկուհի է: Երիտասարդ: Ապուշը սկզբում համոզված չէ ՝ նա ընդհանրապես իրակա՞ն է: Շոշափում է: Կինն իրական է: Շնչում է: Թվում է՝ տխուր է, ուստի փորձում է ուրախացնել կնոջը: Ծաղիկ է մեկնում: Դա չի հետաքրքրում նրան:
Ապուշը ծիծաղում է լիաթոք՝ հուսալով՝ նա էլ կծիծաղի: Չի ծիծաղում: Պարում է՝ հուսալով՝ կինն էլ կպարի: Չի պարում: Ակրոբատիկ շարժումներ է անում: Ապարդյուն:
Սա սաստիկ բարկացնում է Ապուշին:
Ծամածռություններ է անում: Աղմկում է նրա առջև: Հանում է պիջակը և կնոջն ըմբշամարտի մարտահրավեր նետում: Կինը հանում է իր վերնազգեստը և ընդունում մարտահրավերը: Կինը գետնում է նրան ու կրկին վերադառնում իր երբեմնի քնատությանը: Ապուշը, շվարած ու շփոթված, վարից աչք է ածում նրան: Վեր է կենում: Դարձյալ փորձում է ակրոբատիկ շարժումներ անել: Ձախողվում է, ըմբշամարտում է նորից և կրկին փռվում գետնին:
Նա – Նա երևի մեկն է, ում չեմ ճանաչում: Երևի նույնիսկ գեղեցիկ էլ չէ, դրսից քահանա, ներսից սատանա:
(Դադար)
Գեղեցիկ էլ տեսք ունի:
(Նա վեր է ցատկում և սկսում պտտվել նրա շուրջը՝ փնտրելով հարձակվելու մի լավ դիրք: Կինը շրջվում է՝ վախեցնելով նրան: Նա վազում է: Կինը գնում է: Նա վերադառնում է մյուս կողմից՝ փոքր-ինչ անվստահ: Մոտենում է ազդեցիկ տեսք ունեցող մի մարդու, ով նման է Հիմարին):
Ուզում եմ ձեռ քաշել:
Հիմար – Ինչի՞ց:
Նա – Ամեն, ամեն ինչից` բացի սիրուց: Սե՜ր տվեք ինձ:
Հիմար – Սեր: Հապա մի տեսնենք:
(Նա փչում է ոստիկանի սուլիչը: Խարտյաշ մի Կին վազելով ներս է գալիս: Ապուշը քշում է նրան: Հանկարծ կանգ է առնում, շրջվում):
Նա – Չէ՛:
(Հիմարը նորից փչում է սուլիչը. մի ուրիշ Աղջիկ. նույն արդյունքը):
Չէ՛. (Կրկին նույն արդյունքը):
Չէ՛. (Կրկին):
Չէ՛: (Կրկին: Այս անգամ հայտնվում է Կինը, բայց ոչ վազելով: Ապուշն ուշադիր զննում է նրան: Սկսում է հանել պիջակը: Մտափոխվում է):
Ա՜հ, թող գրողի ծոցը գնա:
Հիմար – Ասացիր սեր:
Նա – Հա՛, բայց հապա նայի՛ր նրան: Մռայլ է ու ատլետիկ: Ուղղակի մի քիչ սեր:
(Կինը գնում է):
Հիմար – Էդ դեպքում մի՛ ասա սեր:
(Մի ուրիշ սուլիչ է հանում: Շատ փոքրիկ սուլիչ: Փչում է. շատ մեղմ սուլոց: Ոչ ոք չի հայտնվում: Նա կրկին սուլում է: Ոչ ոք չի հայտնվում):
Նա (Բարկացած) – Դե ուրեմն: Թույլ տվեք փչեմ էդ պստլիկ սուլիչը:
(Հիմարից վերցնում է սուլիչը և փչում. գրեթե նույն հնչողությունը: Կինը հայտնվում է: Ապուշը զայրանում է: Հանում է պիջակը):
Օ՜, շատ լավ: Միայն թե ոչ խարդախություն: Ամեն ինչ բացեիբաց պիտի արվի:
(Նա սկսում է խորամանկորեն պտտվել՝ հարմար դիրք որսալու համար: Ֆուտբոլային ոստյունով նետվում է նրա վրա: Գետնելու փոխարեն՝ Կինը բռնում-բարձրացնում է նրան):
Ահ, գրո՛ղը տանի:
(Կինը կամաց իջեցնում է նրան: Նա մի պահ զննում է Կնոջը):
Երևի հեռանամ էս քաղաքից:
(Նա շրջվում է: Զայրագին):
Հե՜յ, դու՛, փարիսեցի՜:
(Գնում է դեպի Հիմարը):
Ուզում եմ ձեռ քաշել:
Հիմար – Ինչի՞ց:
Նա – Պոեզիայից: Էլ ոչ մի պոեզիա: Այսուհետև` փաստե՜ր, վիճակագրությո՜ւն-հեղափոխությո՜ւն: (Դադար): Մտադիր եմ փոխելու աշխարհը:
Հիմար (Հրճվանքով) – Ախմախություն չէ՞:
Նա – Այո՛, սը՛ր: Սրանից հետո՝ փաստեր: Ո՛չ մի պոեզիա:
(Նա շրջվում է դեպի Կինը):
Ես ծրագիր ունեմ: Մի՛ անհանգստանա:
(Նա շրջվում է):
Աշխա՛րհ, դռներդ լայն բացի, գալի՜ս եմ:
(Աշխարհը բաղկացած է տասնմեկ կամ տասներկու մարդկանցից, որոնցից երկուսը կին են, երեքը՝ իրար հետ կռվշտվող երեխաներ: Նա գալիս է և ուսումնասիրում, օգնության ձեռք մեկնում այս ու այն կողմ, ուր որ կարիք կա: Կրկին դիտում է նրանց: Զարմացած է: Որոշում է խոսել):
Տիկնա՜յք և պարոնա՛յք:
(Բոլորը դադարեցնում են կռիվը՝ բացի երեխաներից):
Եվ երեխանե՛ր:
(Երեխաները դադարեցնում են կռիվը):
Ես ձեր ընկերն եմ: Ես էստեղ եմ ձեզ օգնելու համար: Ձեր մեջ ոնց որ թե հավասարակշռության պակաս կա:
Մեկը – Հավասարա … ինչի՞:
Նա – … Կշռության: Էդ պատճառով, ժամանակն է եկել վերադառնալու հոգևոր մարմնակրթությանը:
Մեկը – Մարմնա… ինչի՞ն:
Նա – Կրթությանը: Ձեզ համար բերած իմ ծրագիրը նորն է: Հինգդարյա Ծրագիր:
Մեկը- Ձեռագի՞ր:
Մեկը – Ծրագի՛ր: Եթե դադարեք իրար գլուխ ջարդել, հինգ դար հետո ձեզնից յուրաքանչյուրը կլինի…
Մեկը – Մեռա՞ծ:
Նա – Ո՛չ: Անմա՛հ: Էսքան բան:
(Մի Ոստիկան է սրընթաց մտնում: Բռնում է Ապուշի ուսերից):
Ոստիկան – Դու ձերբակալված ես:
Նա – Ինչի՞ համար:
Ոստիկան – Խռովություն հրահրելու:
Նա – Խռովությու՞ն:
Ոստիկան – Գնացի՛նք:
(Հայտնվում է Կինը: Ապուշը լոք-լոք է անում և սաստիկ բարկացած վազում է դեպի նա: Ոստիկանն արագությամբ բռնում է նրան, Ապուշը դիմադրում և թափահարում է ձեռքերը):
Առաջ ընկի՛ր, ասացի:
Նա (Մատնացույց անելով Կնոջը):
Ես չեմ մոռանա:
(Կինը գնում է: Ոստիկանն իր հետ տանում է Ապուշին: Մարդիկ մի պահ կանգ են առնում, հետո հանկարծ դարձյալ սկսում են հրել ու խփել իրար):
(Նա բանտում է: Մի քանիսն էլ կան: Մի խցում Կինն է):
Ծեր Մարդ – Դու ինչի՞ համար ես էստեղ, տղա՛:
Նա – Տգիտության:
Ծեր Մարդ – Տգետի նման չես:
Նա – Ես չէ: Աշխարհը:
Ծեր Մարդ – Ի՞նչ սպասելիքներ ունես աշխարհից որ:
Նա – Մի քիչ քնքուշ բարություն, էդքան բան:
Ծեր Մարդ (Գաղտնի) – Ես քսանյոթ տարի է էստեղ եմ:
Նա – Քսանյոթ րոպե է, ինչ էստեղ եմ:
Ծեր Մարդ – Արի փախչենք:
Նա (Շշուկով) – Ծրագիր ունե՞ս:
Ծեր Մարդ – Հա՛: Սուս ու փուս կծլկենք:
Նա – Երանի՜ ի՛մ մտքով դա անցած լիներ:
(Սկսում են սուս ու փուս հեռանալ: Փակում են աչքերը: Երբ անցնում են Կնոջ խցի կողքով, վերջինս մեղմիկ սվսվացնում է: Նրանք անխոս կանգ են առնում: Ապուշը բացում է աչքերը, շրջվում է, տեսնում է նրան և զայրանում): (Մատով ցույց տալով) .
Հապա ինձ լսի՛ր: Քեզ եմ ասում:
(Կինը ցուցամատով նշան է անում` իրեն մոտենալու):
Չէ՛:
(Նա շրջվում է, փակում աչքերը, և նորից սկսում գաղտագողի հեռանալ, իսկ Կինը դարձյալ սվսվացնում է: Նա կանգ է առնում, բացում աչքերը, շրջվում և հերսոտում է, առավել քան երբևէ):
Ես գործ ունեմ անելու: Մտադիր եմ փոխել աշխարհը:
Ծեր Մարդ – Շտապի՛ր: Դու գիտես, որ հավերժ չեմ ապրելու:
(Նրանք կրկին սկսում են ոտքերի ծայրերի վրա հեռանալ: Կինը վեր է կենում ու քայլում հակառակ ուղղությամբ: Ապուշը բախվում է Հիմարին, բացում աչքերը, վեր նայում, քայլում ետ):
Նա – Ուզում եմ ձեռ քաշել:
Հիմար – Ինչի՞ց:
Նա – Փաստերից ու վիճակագրությունից: Այսուհետ` երաժշտություն: Մեղեդի ու երգ:
Հիմար – Ե՞րգ: Կարո՞ղ ես երգել:
Նա (Ծաղրանմանելով հարցը) – Ասում ես` կարո՞ղ եմ երգել: Հապա մի լսի՛ր:
(Նա մնջախաղի միջոցով փորձում է սիրային մի ահավոր երգ՝ սարսափելի լարումով):
Հիմար – Շատ լավ:
Նա – Շատ լա՞վ: Այսուհետ` խինդ ու բերկրանք:
(Սա աշխարհի ամենաողբալի հաճույքն է: Ծերուկը ջանադիր նվագում է երգեհոնիկը, իսկ Ապուշը երգում է՝ գլխարկը ձեռքին: Մարդիկ անցնում են կողքով: Հետաքրքրվածություն չկա: Կինը հայտնվում է: Ապուշը դադարեցնում է երգը):
Աշխարհը տխուր-տրտում է: … Չե՞ս տեսնում, որ երգում եմ: Հեռու՛ գնա:
(Կինը չի շարժվում):
Խնդրում եմ հեռացիր: Ես ուզում եմ խինդ ու բերկրանքով լցնել մարդկանց կյանքը:
(Կինն ըմբշամարտելու հրավեր է անում՝ սկսելով հանել վերնազգեստը: Նա նշան է անում Ծերուկին ավելի արագ նվագել: Ծերուկն ավելի է արագացնում: Մեծն Ապուշը ավելի ազդու է երգում, քան երբևէ: Մարդիկ կողքով անցնում են՝ բանի տեղ չդնելով նրան: Մի Աղջնակ է հայտնվում կամ պոկվում իր ծնողներից, կամ ոստյունով դուրս պրծնում մանկասայլակից և կանգնում ուղիղ Ապուշի քթի տակ՝ վարից հմայված նայելով նրա դեմքին: Ապուշը դադարեցնում է երգը: Զննում է նրան: Նա էլ զննում է Ապուշին):
Դու՞ ինչ ես ուզում:
Աղջնակ – Ամեն ինչ:
Նա – Համոզվա՞ծ ես:
Աղջնակ – Բա ոնց: Ամեն ինչ: Ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս:
Նա – Ես էլ եմ ամեն ինչ ուզում: Ինձ համար չէ: Բոլորի:
(Հիմարը դուրս է գալիս):
Հիմար – Ի՞նչ կա, հո բան չի՞ պատահել:
Նա – Չեմ ուզում ձեռ քաշել:
Հիմար (Ապշահար) – Չես ուզո՞ւմ ձեռ քաշել: Աստծո ամեն օր մարդը պիտի ձեռ քաշի
էս կամ էն բանից:
Աղջիկ – Դուք տխմար եք:
Հիմար – Խելո՛ք մնա, պստի՛կ:
Նա – Ես ոչ մի բանից ձեռ չեմ քաշի:
Հիմար – Լա՛վ, եթե ամեն օր ձեռ չքաշես էս կամ էն բանից, կմեռնես: Մահից ձեռ քաշելուց հետո դու պիտի հերթով ամեն ինչից ձեռ քաշես կյանքում: Էն գլխից էլ Էդպես է: Չես կարող փոխել:
Նա – Կարո՛ղ եմ: Հրաժարվում եմ ձեռ քաշել ամեն ինչից:
Հիմար – Կփոշմանես:
Նա – Վշտից էլ եմ հրաժարվում ձեռ քաշել: Ես ուզում եմ ամեն ինչ:
Աղջնակ – Ե՛ս էլ:
Հիմար – Կարգ ու կանոն եմ ուզում:
(Անցորդները հանկարծ կանգ են առնում, շրջվում, դեմ հանդիման կանգնում և սկսում հարվածել իրար: Ապուշը նշան է անում Ծեր Մարդուն` արագ նվագելու: Ծեր Մարդը նվագում է: Ապուշն սկսում է երգել: Մարդիկ բանի տեղ չեն դնում նրա երգը):
Նա (Վազելով դեպի Հիմարը, իսկ հետո՝ դեպի Կինը)
– Ես կսովորեցնեմ նրանց սիրել միմյանց: Կտեսնես, թե ոնց են քաղցրանում իրար հանդեպ:
(Նա վազում է դեպի վիճողները և երգում է, սակայն ոչինչ չի փոխվում: Կանգ է առնում: Ծեր մարդը դադարում է նվագել):
Երևի ստիպված եմ էլի ձեռ քաշել:
Հիմար (Ծանրակշիռ) – Իհարկե: Էս անգամ ի՞նչ կլինի:
Նա – Երգից ձեռ եմ քաշում: Աշխարհը երգելով չես փոխի:
Հիմար – Իհարկե չես փոխի: Է, հետո ի՞նչ:
Նա – Չգիտեմ: Ինչո՞ւ պետք է նրանք անընդհատ իրար գլուխ ջարդեն: Միևնույն ընտանիքին են պատկանում:
(Ցույց տալով Կնոջը):
Իսկ նա ինչու՞ պիտի ինձնից անընդհատ պոկ չգա:
Հիմար – Դուք չե՞ք հանդիպել:
Նա – Ըմբշամարտել ենք մի քանի անգամ: Թե ինձ հարցնես, նա դաժան է: Շատ սիրուն է, բայց ինձ էլ դուր չի գալիս: Նա միշտ ուզում է կռվել:
Հիմար – Նա կռվում է միայն ցանկացողների հետ, ովքեր չեն վախենում:
Նա – Ուզում եմ ձեռ քաշել:
Հիմար – Ինչի՞ց:
Նա – Նրանից: Նա սիրուն է, բայց մարզված էլ է: Ես սիրում եմ նրան, բայց նա չի ժպտում:
Հիմար – Բոլորն էլ գիտեն, որ ժպտում է:
Նա – Ինձ չի ժպտա:
Հիմար – Հենց ժամանակը գա` կժպտա:
Նա (Վիճող Մարդիկ ուժասպառ ընկնում են) – Դե, հապա նայի՛ր նրանց:
Հիմար – Նրանց ուժերը կվերականգնվեն մի քանի րոպեից:
Նա – Կվերականգնվեն ուժերն ինչի՞ համար:
Հիմար – Ավելի շատ վիճելու համար: Նրանք հոյակապ են:
Նա – Հոյակա՞պ:
Հիմար – Հա՛: Երբեք չեն հոգնում ամեն ինչ սխալ անելուց:
Նա – Բան չեմ հասկանում:
Հիմար – Ոչ մեկն էլ չի հասկանում:
Աղջնակ – Ես՝ հա, ամեն ինչ էլ հասկանում եմ:
Հիմար (Փոքր-ինչ անհանդուրժող` Աղջնակի հանդեպ) – Դե, փոքրի՛կ, կամակորություն մի՛ արա:
Աղջնակ – Ես ամեն ինչ իրոք հասկանում եմ: Ամեն ինչ հնարովի է: Ամեն ինչ ոնց որ սարքած լինի:
Նա – Ճի՞շտ որ:
Հիմար – Նա երեխա է:
Նա – Հա՛, բայց ճի՞շտ է:
Հիմար – Միայն մասամբ:
Աղջնակ – Չէ՛, ամեն ինչ սարքովի է:
Հիմար – Դե, պստի՛կ, դու չպետք է որ խելոք լինես, մինչև մեծանալդ:
Աղջնակ – Ես շատ լավ էլ մեծ եմ: Շատ լավ էլ մեծ եմ, քան որևէ մարդ, որևէ տեղից:
Նա – Հավատում եմ նրան: Ո՞վ է մայրդ:
Աղջնակ – Չգիտեմ ու հեչ էլ պետքս չի:
(Աղջիկը վազելով հեռանում է: Հիմարը գնում է: Մարդիկ դանդաղորեն վեր են կենում և հեռանում: Ծեր Մարդը գնում է: Կինը քայլերն ուղղում է դեպի Ապուշը):
Նա – Ինչո՞ւ չես ժպտում:
(Կինը հանում է վերնազգեստը՝ ահ ու սարսափի մեջ գցելով Ապուշին: Նա վազում է, շրջվում, ետ վերադառնում, հանում պիջակը, և վերսկսվում է սովորական ըմբշամարտը: Կինը գետնում է նրան և հեռանում: Նա տեղում մտածկոտ նստում է):
Այսուհետև` աշխատանք:
(Աշխատանքը մեխանիկական է: Ապուշը և երեք-չորս ուրիշ երտասարդներ: Նրանք հավանաբար ավտոմոբիլի կամ լվացքի մեքենայի կմախք են հավաքում: Գործում են արագ և խոսելու, երգելու, պարելու, ծիծաղելու կամ ուրիշ այլ բանի ժամանակ չունեն: Կինը գալիս է ու նայում: Ապուշը հանկարծ նկատում է նրան և դադարեցնում աշխատանքը: Կինը քայլում է դեպի նա: Հիմարը գալիս է: Ապուշը գնում է Հիմարի կողմը):
Ես ոչ մի ուրախություն չեմ տեսնում աշխատելու մեջ: Ուզում եմ ձեռ քաշել: Այսուհետ՝ փիլիսոփայություն:
Հիմար – Փիլիսոփայությունն ի՞նչ է:
Նա – Չգիտեմ, բայց չեմ ուզում մեռնել:
Հիմար – Բոլորն էլ մեռնում են:
Նա – Ես չեմ ուզում որևէ մեկը մեռնի:
Հիմար – Ժամանակ չկա կենդանի մնալու:
Նա – Պիտի որ լինի:
Հիմար – Դա պատրանք է:
Նա – Բնական չէ աշխատելը: Բնական չէ մեռնելը:
Հիմար – Զգո՛ւյշ: Դու կարող է անհանգստացնես:
(Բոլոր Բանվորները դադարում են աշխատել: Նրանք գործադուլ են հայտարարում: Դա նստացույց է):
Տեսնու՞մ ես: Նայի՛ր նրանց: Նստե՞լն է ավելի լավ, թե՞ աշխատելը:
Նա – Չեմ ուզում, որ մարդիկ մեռնեն, էդքան բան: Ի՞նչ իմաստ ունի ծնվելը, եթե դու ստիպված ես կենդանի դիակ լինել ամբողջ կյանքում:
Հիմար – Գեղեցիկ հատուցումներ են լինում…
Նա – Գեղեցիկ չեն ու հատուցումներ էլ չկան:
(Մատնանշելով Կնոջը):
Նա չքնաղ է:
(Հանում է պիջակը և վազում դեպի Կինը, կանգ առնում, շրջվում, վերադառնում Հիմարի մոտ):
Սիրում եմ նրան, բայց նա էնքա՜ն է հեռու: Սա պատմության մեջ սիրային ամենամեծ գործերից չէ:
Հիմար – Սա միակ սիրային գործն է, որ կա:
Նա – Նրան դուր չեմ գալիս:
Հիմար – Չէ՛, ի՞նչ ես ասում: Նրա ուշքը գնում է քեզ համար:
Նա (Գոհ) – Իրո՞ք:
Հիմար – Բա ոնց:
(Բանվորները վեր են կենում ու սկսում բողոքը՝ համոզելով մյուսներին չաշխատել):
Նա – Նայի՛ր նրանց: Կապ չունի, թե ինչ են անում, սխալ բան է, բայց աշխատելու մեջ էլ ուրախ բան չկա:
Հիմար – Ուրախություն կա՞ որևէ այլ բանի մեջ:
Նա – Եթե չկա էլ, պիտի որ լինի:
Հիմար – Սկսել ես շատ հոգս պատճառել:
(Ուրիշ Բանվորներ են գալիս և փորձում են գնալ աշխատանքի: Գործադուլավոր Բանվորները կանգնեցնում են նրանց, ու համընդհանուր վեճ է սկսվում: Հիմարը և Ապուշը դիտում են: Հիմարը հանում է սուլիչն ու փչում: Մի քանի Երիտասարդ Կանայք են հայտնվում: Բանվորները դադարեցնում են վեճը: Յուրաքանչյուր Բանվոր հետևում է Կանանցից մեկին: Կանայք Բանվորներին վերադարձնում են իրենց աշխատանքին՝ Գործադուլավորներին՝ գործադուլը Լքողների հետ: Կանայք սկսում են ժպտալ Բանվորներին: Աշխատանքի ընթացքն այնքան է արագանում, որ Բանվորներն էլ չեն կարողանում գլուխները բարձրացնել` նայելու Կանանց: Կանայք սուս ու փուս հեռանում են):
Էլ հերիք է: Գնա՛նք:
(Հիմարը և Ապուշը հանդարտ հեռանում են, Կինը քայլում է ուղիղ Ապուշի ետևից, ով ստեպ-ստեպ շուռ է գալիս՝ անհանգստացած նրա կպչուն ներկայությունից):
Նա – Այսուհետև` փիլիսոփայություն ու կրոն:
(Փիլիսոփայությունն ու կրոնը Մորուքավոր Ծերուկն է՝ մի հաստափոր գիրք ընթերցող, իր շուրջն անընդհատ պարող Աղջկա հետ, այն Կինն է, որ մի կողմում կանգնել ու դիտում է, սակայն ակնհայտ անհետաքրքրությամբ, շրջող Ապուշն է, Քահանան՝ հանգանակության սկուտեղով, և Հարբեցողն է, ով պաշտում է ամեն ինչ: Ապուշը հետաքրքրասեր ու աչալուրջ է բոլորի նկատմամբ, մինչդեռ ամեն անգամ Կնոջը մտաբերելիս, կանգ է առնում և հիշում, թե որքան անհաջողակ է եղել ամեն ինչում: Աղջիկը պարելով գալիս է: Ինը կամ տասը տարեկան մի Տղա ծնկած աղոթում է: Մի երիտասարդ Արմատական է ներս գալիս և նողկանքով դիտում ամեն ինչ):
Արմատական – Կրոնն ափիոն է:
(Ամեն ինչ դառնում է երազային):
Կոկայի՜ն: Մարիխուա՜նա: Ասպիրի՜ն:
Մորուքավոր Ծերուկ – Սա երկնային արքայությունն է:
Քահանա – Երազը:
Հարբեցող – Հացն ու խմիչքը:
(Հարբեցողը շշից խմում է):
Աղջիկ – Ձյուն ու հարմարավետություն:
Տղա – Քուն ու հիշողություն:
Ռադիկալ – Դա ափիոնն է:
Աղջիկ (Պարելով Մորուքավոր Ծերուկի շուրջը):
Սիրատոչոր սիրտը:
Արմատական – Դա անրջանք է: Պիտի կասեցնել:
(Ամեն ինչ կանգ է առնում):
Քահանա (Արմատականին) – Ի՞նչ ասել է մեծ գաղափար:
Արմատական – Կրոնն ափիոնն է:
Ծերուկ – Դու ուռած ես:
Արմատական – Ես Կարլ Մարքսի հետնորդն եմ: Կրոնին պետք է հրաժեշտ տալ:
(Հիմարը ներս է գալիս: Նայում է շուրջը: Փչում է սուլիչը: Մի փառահեղ Կին է ժամանում, պարում Արմատականի շուրջը: Նրան հեռու է տանում):
Հիմար – Դե հերիք է: Միշտ զահլաս գնում է սրանից:
(Ապուշին): Բա հիմա ի՞նչ ես անելու:
Նա – Ուզում եմ նորից ձեռ քաշել:
Հիմար – Ինչի՞ց ինչին անցնել:
Նա – Կրոնից դեպի կատակերգություն:
Հիմար – Հաջողություն եմ ցանկանում: Դրանք երբեմն նույն բաներն են:
Նա – Էդ դեպքում ես հրաժարվում եմ կատակերգությունից…
(Շփոթված):
Չգիտեմ որտեղից ուր գնալ այսուհետ: (Նա գնում է դեպի Կինը և զննում նրան՝ անկարող լինելով արտահայտելու իր ցասումը: Խելառի պես բղավում է):
(Դադար):
Քո ամբողջ արածն ինձ ափերից հանելն է: Դե, օրը կգա, ցույց կտամ քեզ:
(Հիմարին): Կարո՞ղ ես մի խելոք բան ասել, որից կարողանամ ձեռ քաշել ու
ու ուրիշ բանի անցնել:
Հիմար – Միշտ էլ կան քաղաքականություն, արվեստ, պատերազմ, հիվանդություն, քաղց, մահվան դժնիություն, գյուղատնտեսություն ու բարձրագույն հաշվապահություն:
Նա – Արվե՜ստ. ես վեպեր կգրեմ:
Հիմար – Իմ կյանքն արկած է, որից մի մեծ ֆիլմ դուրս կգա:
Նա – Դու դա գրի՛ր: Ես ուզում եմ իմ կյանքի մասին գրել:
(Ապուշը գնում է՝ ետևից Կինը: Կրոնը գործում է անթերի):
(Ապուշը մտածկոտ ետ ու առաջ է անում՝ փորձելով պարզել, թե որ ծայրից սկսի գրել աշխարհի, ապրելու և իր պատմությունը: Նստում է: Նա պատուհանին է հենվում ու դուրս նայում: Լսվում է դռան թակոց):
Ներս եկեք:
(Մի Ծեր Կին է մտնում):
Բարև ձեզ:
Ծեր Կին – Ժամանակ մի՛ կորցրեք: Գրե՛ք իմ կյանքի պատմությունը: Ես ճանաչում էի Գաս անունով մի մարդու:
Նա – Ես դեռ չգիտեմ՝ ոնց գրեմ: Եկեք հիսուն տարի հետո:
(Ծեր Կինը ընկնում է ու շունչը փչում):
(Մի ուրիշ թակոց):
Մտե՛ք:
(Ներգաղթյալ է ներս մտնում):
Բարև ձեզ:
Ներգաղթյալ – Ես Ջորջ Կարիբսիկն եմ: Իմ կյանքի պատմությունը՝ Զագրեբից Պիտսբուրգ,
աշխարհի համար ուղերձ է: Գրե՛ք էդ պատմությունը:
Նա – Ինձ ժամանակ է պետք: Ես չեմ կարողանում մտքերս շատ լավ արտահայտել: Չգիտեմ՝ ինչ ասել: Վաղը եկեք:
Ներգաղթյալ (Ձեռքը տանում է դեպի սիրտը) – Ես էլ ժամանակ չունեմ: Թույլ տվեք ձեզ պատմել ամեն ինչ:
(Ծնկի է գալիս):
Իմ մայռը օպերայում էր՝ Լուսիա Մոլինարի: Իմ հայռը գեներալ էր բանակում: Ես ծնվել եմ…
(Հոգին ավանդում է):
Նա – Գրելու էնքա՜ն շատ հոյակապ պատմություններ կան: Լուսիա Մոլինարի՜, չէ մի…
(Թակոց):
Ներս եկեք: (Մի Փոքրիկ Տղա է ներս գալիս):
Բարև ձեզ:
Տղա – Իմ ջերմաստիճանը 105 է: Չգիտեմ՝ ինչ է կատարվում: Գրեք էն օրվա պատմությունը, երբ ես ու Ջոննի Բեյքըրը գնացինք լողալու ու ճանապարհը կորցրինք:
Նա (Անհամբերությամբ) – Ո՞ւր գնացիք:
Տղա – Ջերսի: Ես չգիտեմ բլուրների ու անտառների անունները, բայց մոլորվեցինք: Մենք սոված էինք: Նստեցինք ու խոսեցինք Էլլա Ֆիլլիպսի ու մեր իմացած մյուս աղջիկների մասին: Մտածեցինք, որ կորչելու ենք ընդմիշտ: Գնացինք քնելու՝ կարծելով, որ մեր վերջը եկել է: Առավոտյան գտան մեզ: Ընդամենը երեք թաղ էինք հեռու տնից: Գրե՛ք իմ մասին: Չգիտեմ՝ ինչ է կատարվում:
(Մահանում է):
Նա – Էլլա Ֆիլլիպս: Ջոննի Բեյքըր: Որտեղի՞ց սկսեմ, գրողը տանի:
(Թակոց): Ներս եկեք:
(Հիմարը ներս է գալիս):
Ա՜, էդ դու՜ ես:
Հիմար – Տեսնում եմ՝ հուսալքվել ես: Դե, պետք չէ: Ես բերել եմ կյանքիս գլխավոր իրադարձությունների համառոտ պատմությունը: Սա կլինի ամենահրաշալի գրքերից մեկը, որ երբևէ գրվել է:
Նա – Լսի՛ր: Բան չեմ հասկանում:
(Ներս է գալիս Կինը):
Ես կփորձեմ շվայտ կյանք վարել: Ցտեսություն:
(Նա գնում է: Կինը հետևում է նրան: Հիմարը շուրջն է նայում):
Հիմար – Ինչ-որ մեկը պիտի գրի իմ կյանքի պատմությունը: Ես ճանապարհորդել եմ:
(Զեխ կյանքն աղմուկն է, խմելը, երգելը, պարելը և այլն՝ Ապուշով հանդերձ, որ վազեվազ շրջում է ամենուր: Մի սեղան կա՝ լի շշերով, բաժակներով և այլն: Զվարճասերները խմում են, ուտում, իսկ երբ սեղանը դատարկվում է, բոլորը գնում են՝ Ապուշին մենակ թողնելով սենյակում: Նա նստում է սեղանի մոտ` կռթնած քնելու համար: Կինը հայտնվում է, կանգնում գլխավերևում, իսկ Նա բարձրացնում է գլուխը, նայում կնոջը):
Նա – Հանձնվում եմ:
(Կինը ժպտում է: Նա գլխի չի ընկնում, որ Կինը ժպտացել է, կախ է գցում գլուխը, հանկարծ կրկին բարձրացնում է: Կանգնում է: Մատնացույց է անում` դրամատիզմով լի):
Դու ժպտացի՜ր: Ես տեսա՛: Դու ժպտացի՜ր:
(Կինը կրկին ժպտում է):
Դու ժպտացիր: Ինչո՞ւ: Իսկ հիմա ինչո՞ւ ես ժպտում: Ես ոչ մի բան չգիտեմ: Իմաստ չկա աշխարհում: Տեսնում եմ, որ ամեն ինչ վատնված է կյանքում: Ոչ մի բան չկա անելու: Ինչո՞ւ ես ժպտում:
(Պատասխան չկա: Ապուշը խորին զայրույթով վեր է կենում: Հանում-շպրտում է պիջակը: Ըմբշամարտում է, փռվում հատակին: Կինը ժպտալով կանգնում է գլխավերևում: Նա նայում է վեր՝ կնոջը):
Կարծում ես` տարվեցի, ՞ չէ՞: Մտածում ես, թե մեջս ուժ չկա, հա՞: Դե, չէ՜, էդպես չէ.. (Այս աշխարհի, այս պիեսի կամ բալետի բոլոր մարդիկ ներս են գալիս և զբաղեցնում իրենց տեղերը ՝ անելով այն, ինչ` նախկինում):
Ես մտադիր եմ նորից սկսել: Սկզբից: Էս անգամ կսկսեմ ամենասկզբից: Շնչելուց: Շունչն առնելու պահից մինչև շունչը փչելը:
(Կնոջը) Ես սիրում եմ քեզ:
(Ապուշը վեր է կենում):
Ես կփոխեմ աշխարհը. սպասի՛ր ու կտեսնե՛ս:
(Գնում-խռնվում է մարդկանց մեջ):
Դա կարող է տևել վեց կամ յոթ հազար տարի, բայց կփոխեմ…
(Գնում է):

Թարգմ. Է. Զոհրաբյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում