Մատթեոս Զարիֆյան․ Փիլիսոփա ժպիտս

Մատթեոս Զարիֆյան․  Փիլիսոփա ժպիտս

Մռայլ իղձեր կան դեռ, գիտեմ, հոգիիս մեջ.
Խորը, խորը, շատ խորը.
Ու երրեմն, հյուծախտավոր մայրամուտի պահերուն,
Հին, գունաթափ հիշատակ մը կամ երազ մը անարյուն՝
Բռունցքըս դեռ կզակիս տակ կը պահեն.
Այդ բոլորը, սակայն, ոչինչ.
Ահ, ես հիմա ժպի՛տ մ’ունիմ,
Ժպիտ մ’այնպե՜ս մանրիկ, նրբին, աննշմար…
Զայն գտեր եմ, իրիկուն մը,
Երբ կ’իջնեի հոգիիս հետ, խորունկ խորունկ տեղե մը վար․․․
Ժպիտ մը որ իմ այս տժգույն մատներուս տակ կը դնե
Տիեզերքը՝ իր աստղերով, իր անհունով,
Կյանքը՝ իր մեծ ցավերով, պզտիկ–պզտիկ հրճվանքներով,
Եվ ինձ կ’ըսե.
– Սին է, սին է, երազ իսկ չէ, ոչի՛նչ է.
Միակ խորունկ դեպք մը հոգվույդ կը սպասե.
Եվ այդ՝ մռայլ կախարդ ՈՉին համբույրն է…
Ժպիտս է որ այսպես կ’ըսե…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում