«Հրաժեշտ պատրանքներին». Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:
«2020 թվականի փետրվարի 3-ին «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում 19:00-ին կկայանա գրքի շնորհանդեսը: Սպասում ենք ձեզ»,- հայտնել է Պոզներն իր Instagram-ում:
Պոզների գիրքը հայերեն թարգմանելու միտքը երկու տարի առաջ ծագել է հրատարակիչ Ռուբեն Իշխանյանի մոտ: Դրանից հետո վերջինս հանդիպել է գրողի հետ, որն էլ տվել է իր համաձայնությունը: Թարգմանությունն արել է հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990-ին անգլերեն լեզվով, ավելի ուշ հայտնվել է ռուսերեն տարբերակը: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի Ցեղասպանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում