Ճշմարտությունը մեկն է, իսկ խաբեությունը բազմադեմ է ու բազմապատիր
Նմանատիպ
Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը (Բ Տիմ. 3; 1- 5)։
Աստվածախոս Պողոս առաքյալի մարգարեական խոսքերի իրականությունը մենք այսօր տեսնում ենք մեր առօրյա կյանքում:
Բայց ի՞նչն է ստիպում մարդուն, որպեսզի լինի այդպիսին: Մենք՝ բոլորս անընդհատ դժգոհում ենք, սակայն երբեք պատճառը չենք որոնում մեր մեջ: Որպեսզի մարդ լինի բարի, հնազանդ, սուրբ, իմաստուն, նրան հավատք է պետք, հավատք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Սողոմոն Իմաստունը այսպես է ասում. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»: Այսօր մեր իրականության մեջ քանի՞ մարդ է իր զավակին Տիրոջ երկյուղով դաստիարակում, իսկ եթե չենք դաստիարակում, ապա ի՞նչ ենք ուզում նրանցից: Այսօր թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ համացանցով, և թե՛ տարբեր լրատվամիջոցներով խրախուսվում են անբարոյականությունը, մարդասպանությունը, ստախոսությունը, գողությունը, հեշտ դրամ վաստակելը և անհոգ կյանքով ապրելը: Օր օրի ծաղկում են գիշերային ակումբները, զվարճանքի ու ժամանցի վայրերը: Մարդկանց իրենց ով լինելու մասին մտածելուց շեղող զանազան այլ միջոցները: Եթե հայրը ստում է, ինչպե՞ս կարող է իր զավակից ճշմարտախոսություն պահանջել: Մենք, ամբարտավան ու անհավատ սերունդ դաստիարակելով, փուշ ու տատասկ սերմանելով նրանց մեջ, պահանջում ենք, որպեսզի լինեն բարի և մարդասեր: Մեղքի մեջ ընկած ու անզեղջ կյանքով ապրող մարդը նման է կրակի մեջ ընկած կարիճի, որ ճար չգտնելով՝ ինքն իրեն խայթելով ոչնչացնում է: Այո՛, մեղքը ինքնաոչնչացման է տանում մարդուն, շատերն են լսում սրա մասին, բայց, ցավոք, շատ քչերն են գիտակցում:
Օսեե մարգարեն այսպես է ասում. «Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ» (Օսեե 4; 1 – 6): Այս խոսքերը դատաստան և հանդիմանություն են՝ ուղղված այսօրվա սերնդին:
Այսօր փոխվել է հենց երևույթները բնութագրող հասկացությունների իսկական նշանակությունը, կամ էլ մեզ հայտնի հասկացությունները սկսել են վերագրվել իրենց ոչ համապատասխան երևույթների: Այդ պատճառով էլ, միգուցե, այսօրվա աշխարհը ոմանց ներկայանում է շատ գունառատ և հիասքանչ, քանի որ սեր է անվանվում պղծությունը, հույս է անվանվում անզգամությունը, հավատ է կոչվում աստվածանարգությունը: Մարդիկ ոչ թե փորձեցին իրենք համապատասխանել մարդ կոչմանը, այլ ավելի դյուրին նկատեցին փոխել մարդ կոչման բովանդակությունը, որպեսզի այն համապատասխանի իրենց՝ մարդկայինից շատ հեռացած տարօրինակ նկարագրին:
«Չկա ճշմարտություն, չկա ողորմություն, և չկա Աստծո ճանաչում երկրի վրա: Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում»: Այս տողերը հազարամյակներ առաջ են գրվել, բայց նկարագրում են այսօրվա աշխարհն ու այսօրվա մարդուն, և ոչ սոսկ այն պատճառով, որ մարգարեի բերանով են ասված, այլ որ աշխարհը չի փոխվել այդ խոսքերը ասվելուց հազարամյակներ անց: «Անզգամն ասաց իր սրտում, թե` չկա Աստված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի: Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց` տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի: Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան. բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի» (Սաղմոս 13.1-3): Իհարկե, շատ ավելի հեշտ է ապրել առանց այն գիտակցության, որ կա գործերի արդարացի հատուցում, քանզի «այն, ինչ մարդկանց աչքին բարձր է, Աստծո աչքին զազրելի է»: Կմախքները իրենց չեն դատապարտի, և օտարածին մեռելները հատուցում չեն պահանջի. միայն այդ ծանրակշիռ պատճառով չարժե՞ր հրաժարվել ազնիվ ծագումից: «Եվ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանցությամբ, նենգությամբ, չարասրտությամբ. բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, ծնողատյաց, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ. նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»:
Ճշմարտությունը մեկն է, ունի մեկ դեմք ու մի որոշակի դիմագիծ, մեկ շիտակ հայացք, իսկ խաբեությունը բազմադեմ է ու բազմապատիր: Սակայն թե՛ ճշմարտությունը և թե խաբեությունը ճանաչելու համար մի ամբողջ կյանք է հարկավոր: Այսօր նպատակային ձևով փորձ է արվում մարդու կյանքը, կամքը և նպատակները միտել դեպի խաբեության «բացահայտում»:
Եկեղեցին, խարսխված լինելով Քրիստոսի ճշմարիտ դավանության վրա, դարեր ի վեր իր պատգամն է հղել հավատավոր զավակներին՝ կոչ անելով ապաշխարության և հոգու փրկության: Սատանան շատ հնարամիտ ձևով մարդկանց շեղում է Աստծուց: Այսօր թե՛ գիշերային ակումբները, որոնք դիվատների են նմանվում, թե՛ զվարճանքի ու ժամանցի վայրերը լեփ-լեցուն են, իսկ եկեղեցին՝ դատարկ, էլ ի՞նչ ենք ցանկանում այս սերնդից, երբ լքել է Աստծուն և կտրվել իր աստվածազարմ արմատից: Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդ արարածը մի պահ կտրվում է աշխարհային թոհ ու բոհից, որը հնարավորություն է տալիս մեղավոր մարդուն հաղորդակից լինելու իր Արարչի հետ: Եկեղեցու ծոցում է միայն չմարդը մարդ դառնում, մեղավորը սրբվում, հիմարը իմաստություն ստանում, խոտոր ճանապարհով գնացողը՝ ուղղվում: Եկեղեցին է ճշմարտության միակ կրողը, միակ հանգրվանը, որտեղ այդ ճշմարտությունը բաշխվում է՝ որպես Միակի Մարմին և Արյուն, բաշխվում է նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում