Մարդ-թատրոն. Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 97 տարեկան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, ռեժիսոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը, որի տաղանդի առաջ խոնարհվել են բազմաթիվ թատերասերներ, հունվարի 23-ին կտոներ ծննդյան 97-ամյակը:
«Մարդ-թատրոն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպես բնութագրեց Խաչվանքյանին Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը Խաչվանքյանին անձամբ ճանաչելու բարեբախտությունն է ունեցել:
«Նրա աստղային տարիներին, երբ աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարը հայրս էր՝ Արտաշես Բաբայանը, և ամեն երեկո հորս հետ ներկայացումներ դիտելու էի գնում, ներկա էի գտնվում նրանց զրույցներին: Խաչվանքյանը փայլուն դերասան էր, նրա՝ բեմ դուրս գալը բուռն ծափողջույններով էր ընդունվում: Խաչվանքյանը մարդ-թատրոն էր: Հաճախ մարդիկ տոմս էին գնում ոչ թե այս կամ այն ներկայացումը դիտելու, այլ կոնկրետ դերասանին նայելու համար: Այո՛, մարդիկ գալիս էին Խաչվանքյանին տեսնելու, որը փրկում էր յուրաքանչյուր ներկայացում: Նա ինքն էր իր դերի բեմադրիչը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Խաչվանքյանը նաև արտակարգ մարդ էր՝ համեստ, չէր տառապում աստղային հիվանդությամբ»,-շեշտեց Բաբայանը:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ Խաչվանքյանն այնպես էր պահում իրեն փողոցում, որ նրան երբեմն չէին ճանաչում: «Կարող էր անտրամադիր լինել, բայց բավական է՝ բեմ դուրս գար, և դու պարզապես չէիր ճանաչում այն մարդուն, որի հետ տասը րոպե առաջ շփվում էիր: Դա իսկական արտիստի հատկություն է: Բեմը բուժում է… Ներկայացումն ավարտվում էր, փակվում էր վարագույրը, և Խաչվանքյանը դառնում էր նույն քչախոս անձնավորությունը: Կրկնում եմ՝ նա արտակարգ մարդ էր, փայլուն դերասան»,-եզրափակեց Բաբայանը:
Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում: Թբիլիսիում «Վրացֆիլմ» ստուդիայի կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն, որտեղ աշխատել է 54 տարի՝ լինելով թատրոնի առաջատար դերասաններից մեկը: Խաչվանքյանը սիրվել է ժողովրդի կողմից, դարձել թատրոնի խորհրդանիշը՝ մարմնավորելով անզուգական կերպարներ:
Տաղանդավոր դերասանի մասին բարձր կարծիքներ են հայտնել Ավետիք Իսահակյանը, Համո Բեկնազարյանը, Վահրամ Փափազյանը,Վարդան Աճեմյանը, Առնո Բաբաջանյանը և այլոք:
Նա խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ուներ հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ:
Խաչվանքյանը կերտել է կերպարներ, որոնք ձեռք են բերել միջազգային ճանաչում` Թոդորոսը («Պահանջվում է ստախոս»), Դոն Կիխոտը («Լամանչեցի մարդը»), Կնյազը («Տաքսի, տաքսի»):
Խաչվանքյանը փայլուն երգում էր, պարում, նվագում տարբեր գործիքներ, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի չորս կինոնկարում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացումներում, մասնակցել ռադիոբեմադրությունների:
Այսօր էլ շատերը Երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում