Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի համերգին կկատարի Տատյանայի արիան` «Եվգենի Օնեգին» օպերայից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ծնված երեսունամյա սոպրանո Ռուզան Մանթաշյանը փետրվարի յոթին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` «SemperOpernball»-ին կատարելու է Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Semper Opera ball»-ի ներկայացուցիչ Հանս Իոահիմ Ֆրեյը գրառում է կատարել միջոցառման Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Նա նշել է, որ «Semper Opera ball»-ը հետևում է իր գաղափարախոսությանը, որն է` խոսել արվեստի լեզվով, միավորել մշակութային գործիչներին և կամուրջներ կառուցել ժողովուրդների, տարբեր մշակույթների միջև:
Ֆրեյն ընդգծել է` շատ ուրախ է, որ Ռուզան Մանթաշյանը հանդես է գալու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին: «Մասնակից բոլոր արտիստներն ու երգչուհու գործընկերներն աջակցում են Մանթաշյանին»,-նշել է Ֆրեյը:
Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի ելույթ են ունենալու տենոր Յուսիֆ Էյվազովը, ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը և այլք:
Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ և երգչուհու ելույթը չեղարկվել է: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:
Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին: ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նամակում նշվում էր.
«Հարգելի տիկին Բուդդե, համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը: Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:
Աջակցության ակցիաներից հետո հայտնի դարձավ, որ հայ երգչուհին կրկին հրավեր է ստացել երգելու համերգին ու տվել է իր համաձայնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում