Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները
Նմանատիպ
«Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ Դու, ո՛վ Հայր, իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17:21), այս խնդրանքով էր Քրիստոս դիմում Հայր Աստծուն Իր հետևորդների համար:
Աստծո պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձի կոչումն է Աստծո հետ միավորումը: Այդպիսի միավորման օրինակ է հանդիսանում քրիստոնյաների ներկայությունը և մասնակցությունը Սբ. Պատարագի արարողությանը: Աստծո տանը Աստծո ներկայությամբ գտնվող անձինք՝ որպես միավորյալ միություն, նույն աղոթքն են մրմնջում, նույն շարականը երգում, միևնույն ժամանակ խաչակնքվում և երկրպագում Տիրոջը, Քրիստոսի հայտնության ողջույնը փոխանցում միմյանց, ճաշակում Նրա կենարար Մարմինն ու Արյունը՝ գոհանալով ամենակալ Տիրոջից: Եվ Աստծո շուրջ միավորված այս միության մեջ ոչ ոք չի կորցնում աստվածապարգև իր անհատականությունը: Այս հզոր միության մեջ միավորված քրիստոնյան ապրում է մի աշխարհում, ուր, ցավոք սրտի, իշխում է երկպառակությունը, անհասկացողությունը և բաժանումները: Երկպառակությունը պայմանավորված է անկյալ մարդու բնության հատկանիշներով: Ադամի անկումը կոտրեց նրա միությունը և պատճառ հանդիսացավ համընդհանուր թշնամության և պառակտման՝ արտահայտվելով ոչ թե մեկ անձի ներաշխարհում, այլ համայն մարդկության կյանքում: Սբ. Գրքի Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված, ընդունելով Նոյի մատուցած զոհը, Իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար Ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդոց 8:21):
Եվ դեռևս մանկուց մարդիկ միմյանց հանդեպ անհասկացողության արդյունքում հայտնվում են միայնության և պառակտման մեջ: Մարդկանց պառակտված բնությունները միության մեջ վերահաստատելու և փրկագործելու նպատակով աշխարհ եկավ Աստծո Որդին:
Պառակտումը, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը, օտարացումը և միայնությունը դժոխքի նախապատկերն ու նախադուռն են: Եվ հակառակը՝ Դրախտը, Երկնային Արքայությունը կատարյալ միություն է, միություն Տիրոջ հետ:
Իսկ մինչ կատարյալ միությունը, մարդն իր երկրային կյանքի ընթացքում սովորում է նախ միավորվել իր հետ, իր նմանի հետ՝ հաղթահարելով մարդկության սկզբնական պառակտումը: Իսկ մարդկանց միջև միություն ուսանող այդ դպրոցներն են եկեղեցին, ընտանիքը, հայրենիքը, ազգը, բանակը, ընկերային և աշխատանքային միջավայրերը:
Կատարյալ միության մարդը կարող է հասնել միայն Աստծո հետ միավորվելով, քանի որ Նա է միայն, որ ամենայն խորությամբ թափանցում է մարդու ներաշխարհը՝ դառնալով նրա հետ մեկ ընդհանուր բնություն: Այսպիսի միությունը հնարավոր է միայն քրիստոսահիմն եկեղեցում: Եկեղեցին Աստծո մեծ ընտանիքն է: Քրիստոս ասում է. «Ով կատարում է Իմ երկնավոր Հոր կամքը, նա՛ է Իմ եղբայրը, Իմ քույրը և Իմ մայրը» (Մատթեոս 12:50): Մեծ իմաստ և գաղտնիք պարունակող այս խոսքերը մարդ արարածի առջև բացահայտում են այն, որ Աստծո կամքը կատարողը բարեկամանում է Քրիստոսին և մարդկանց՝ դառնալով Աստծո միավորյալ ընտանիքի անդամը:
Եկեղեցում, կատարյալ միության հասնելու համար ևս, քրիստոնյան պետք է ջանքեր թափի՝ դառնալու համար Սբ. Հոգու տաճարը, օրինակ ունենալով սրբերին և առաքելական ժամանակաշրջանի նորաստեղծ եկեղեցուն. «Հավատացյալներն ամենքը միասին էին միշտ և ինչ որ ունեին, ընդհանուր էր իրենց միջև» (Գործք Առաքելոց 2:44): Եկեղեցու կարևորագույն առաքելությունը մարդկանց միավորումն է, և միության աղբյուրը Ինքը Աստվածն է:
Աստծո հետ միավորումը հնարավոր չէ առանց ապաշխարության: Քանի որ անմաքրության մեջ գտնվող հոգին, որ գերի է մեղքերին և կրքերին, անընդունակ է Աստծո և մարդկանց հետ միավորմանը: Այդ պատճառով Աստված մեզ տվեց ամենակարևոր պատվիրանը՝ սիրո պատվիրանը: Քրիստոնեական սերը մարդկանց միավորող ամենամեծ առաքինությունն է:
Պետք է ասել, որ ոչ բոլոր միություններն են, որ ճշմարիտ են և փրկության ուղղորդող: Չարը նույնպես իր նպատակների համար փորձում է միավորել մարդկանց՝ ինչպես օրինակ տեղի ունեցավ Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ: Ճշմարիտ միությունը, որին Աստված ուղղորդում է Իր եկեղեցուն, դա Աստծո հետ միությունն է, որին կարող է գալ մարդը միայն Տիրոջ հանդեպ մաքուր հավատքով:
Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները, որպեսզի Քրիստոսի Մարմինը հանդիսացող եկեղեցին, կատարյալ միության մեջ միավորված, ներդաշնակ միությամբ միավորվի այդ նույն մարմնի գլխին՝ Քրիստոսին:
Կարինե Սուգիկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում