Վիլիամ Սարոյան․ «Ա՜խ, վաթան, վաթան»
Նմանատիպ
Ամերիկայի մեծագույն ոսկրավիրաբույժ, այդ գիտության տարբեր բնագավառներում նորարարություններ արած, արդեն ութսունն անց դոկտոր Համբար Քելիկյանը, ում պարզապես Քելլի են կոչում, Չիկագոյում ուղղակի հրաշքներ է գործում` փրկելով մարդկային մարմնի ամբողջական վերջավորությունները, ինչպես օրինակ` ամբողջ ձախ թևը կամ ձեռքը, եթե չեմ սխալվում, կանզասցի խելացի, երիտասարդ սենատոր Բոբ Դոլի, որ ժամանակ առ ժամանակ ավելի բարձր պաշտոնների թեկնածու է դառնում: Նա ծանր վիրավորվել էր բանակում, տխուր պատերազմներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին նաև ամերիկացիները: Եվ Քելիկյանը` Քելլին էր, որ երկարատև, համբերատար աշխատանքի շնորհիվ վերականգնեց խելացի երիտասարդի վիրավոր թևի գործունակությունը: Ոսկրավիրաբուժության մեր այս վարպետը ժամանակ էր գտել և գրել էր անչափ գործնական մի գիրք` «Ձեռք» վերնագրով: Եվ հինգ կամ տասը տարի անց հրատարակեց մեկ այլ գիրք` «Ոտք»: Հիսուն տարի շարունակ նաև գրական ստեղծագործությամբ էր զբաղվում և պոետական նշանակալի գործեր էր անգիր անում, մեծ մասամբ` հայերեն, որոշ բաներ նաև արտասանում էր հայերեն և այն, ինչ այժմ ես անգլերեն եմ թարգմանում` Մարո Մարգարյանի «Այսքան շատ քարեր» բանաստեղծությունը, Քելլին հայերեն էր արտասանում` «Այսքա՜ն շատ քարեր»: Բանաստեղծության մեջ խոսվում է այն մասին, որ այդ քարերից յուրաքանչյուրը մեկական գերեզմանաքար է դարերի ընթացքում մահացած հայերի համար, և ես այստեղ և այս պահին շարունակում եմ բանաստեղծությունը և ասում եմ, որ քարքարոտ Հայաստանի միլիարդավոր քարերը նաև նշանաքարեր են, որ ազդարարում են ծնունդների շնորհիվ ավելի ու ավելի շատ մեզ նմանների` հայերի, մարդ արարածների, եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի, աշխարհով մեկ սփռված տարբեր տոհմերի շարունակական ժամանումը: «Ա՜խ, վաթան, վաթան» (թուրքերեն «հայրենիք» բառն է, որ օգտագործում են նաև հայերը): «Ա՜խ, վաթան, վաթան», – ասում էր վանդակված թռչունը, և կրկնում էր անվերջ, ամբողջ մեկ տարի մերժում ստանալուց, աշխարհի ամենագեղեցիկ, ամենակատարյալ, ամենաշքեղ վանդակին չհարմարվելուց հետո, և ի վերջո հարուստը մոտեցավ նրան և ասաց. «Թռչնակ, որտե՞ղ է քո վաթանը, որին այդպես անհուսորեն կարոտում ես: Վանդակի դռնակը բաց է, դուրս արի և դեպի վաթանդ առաջնորդիր ինձ»: Համաձայնությունը կայացել էր, և հաջորդ յոթ օրերի ընթացքում գեղեցիկ թռչունը իրար ետևից թռավ-անցավ մեկը մյուսից չքնաղ երկրներով և վերջապես մի վայր հասավ, որտեղ միայն քարեր և ցամաքած, սմքած բույսեր էին, որ առանց ջրի էին աճում: Թռչունը քարերից մեկի վրա իջավ, որ գուցե երբեմնի սրագագաթ հուշարձան էր, դեպի հարուստը շրջվեց և ասաց. «Սա է իմ հայրենիքը, սա է իմ վաթանը, այստեղ պետք է ապրեմ, սա է աշխարհում միակ վայրը, որտեղ ես ինձ տանն եմ զգում»: Եվ հարուստը, ինչպես երբեմն պատահում է պատմությունների մեջ, հիացած նայեց թռչնի գեղեցկությանն ու շրջապատի ամայությանը, որքան աչքն էր կտրում, ապա ասաց քնքշորեն. «Նման չքնաղ երկիր դեռ չէի տեսել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում