Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին

Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվան ընդառաջ տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մի քանի գրողի և իրենց գործունեությամբ հայկական բանակին ծառայություններ մատուցած անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին հունվարի 24-ին ՀԳՄ դահլիճում:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, և մրցանակների հավակնում են ոչ միայն գրողներ, այլև բանակում ծառայող, իրավական և գործունեության այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ:

«Տարեցտարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվն ավելանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մասնակիցներ են լինում Արցախից, սփյուռքից»,-շեշտեց Միլիտոնյանը և հավելեց, որ հանձնաժողովում ընդգրկված են եղել ճանաչված գրողներ, գրականագետներ, որոնցից են Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Վարդան Դևրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը և այլք:

«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արևշատ Ավագյանը, երկրորդ մրցանակին՝ Գագիկ Խաչատրյանը, երրորդ մրցանակին՝ Սուսաննա Հովհաննիսյանը և Ժաննա Աբրահամյանը:

«Գեղարվեստական արձակ» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Ժաննա Հակոբյանին, երկրորդ մրցանակը՝ Դավիթ Ավետիսյանին, իսկ երրորդ մրցանակը` Նանեին:

Վազգեն Սարգսյանի անվան մրցանակին արժանացավ Սամվել Բեգլարյանը։ Հրապարակագրության, գրաքննադատության ժանրի մրցանակը տրվեց Գայանե Պողոսյանին:

Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը հանձնվեց Արմեն Ավանեսյանին:

Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը տրվեց զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Վան Նովիկովին և սահմանապահ զինվոր Արմեն Բարխուդարյանին:

Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը:

Խրախուսական մրցանակներ տրվեցին Սամվել Մաճկալյանին և Արշակ Ազարյանին: «Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակակիր Արևշատ Ավագյանն ասաց, որ ներկայացրել է «Հայրենակոչ» խորագրով բանաստեղծությունների շարքը` նվիրված հայրենասիրությանը, զինվորներին, բանակին, հայրենատներին, ազգատոհմերին: Բանաստեղծություններից մեկն էլ նվիրել է իր անունը կրող թոռանը, որն այժմ ծառայում է հայոց բանակում:

«Տարիների ընթացքում այն, ինչ կապվում է հայրենիքի, ծննդավայրի, հայրենի տան ու բնության հետ, ժամանակակից աշխարհում ավելի է կարևորվում, քանի որ տեղեկատվական պատերազմի, քաղաքական իրադարձությունների բովում նշանավորվում է մարդու անձնական կյանքի հետ կապված ամենը: Հաճելի է, որ հայրենիքի պաշտպանության համար մեզանից շատերը մասնակցում են խոսքով ու գործով, վրձնով, երաժշտությամբ»,- շեշտեց Ավագյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում