«Չեմ դադարում զարմանալուց, թե համալսարանավարտ, քիչ թե շատ հայոց պատմություն կարդացած մարդիկ ոնց են թույլ տալիս, որ մթագնի իրենց ուղեղը»
Նմանատիպ
«Իրատեսի» հյուրը գրող ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Վերջին մեկ տարվա ընթացքում նա մի քանի ճանապարհորդություն է կատարել դեպի Արևմտյան Հայաստանի տարբեր սրբազան վայրեր, ինչպես և հարևան Վրաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նրա գրական, հրապարակախոսական գործերին, հարցազրույցներին հետևող ընթերցողները, անշուշտ, իրազեկվել են տավորությունների այն շռայլ պաշարին, որ կուտակել է գրողը իր հատած բազմաթիվ, բազմազան ճանապարհներին: Բայց և այնպես, նոր ու թարմ տպավորությունների փայլը նրան չի օտարում մշտամնա թեմաներից, որոնց թվում գերակա է իր հայրենի քաղաք Գյումրին: Բոլորովին վերջերս գրված «Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ» վիպակում նա դարձյալ գյումրիագրության իր հավատամքի կրողն է, որքան էլ որ բազմապլան է իր գրողական հայացքը:
Այս և այլ թեմաների ենք անդրադարձել Ալիս Հովհաննիսյանի հետ մեր զրույցում:
– Տիկին Ալիս, վերջին շրջանում հաճախ եք ճամփորդում: Սա նոր վայրեր, նոր մարդկանց տեսնելու, բացահայտելու օրինաչափ մղու՞մ է, թե՞ ապագա ստեղծագործությունների համար «հումք» կուտակելու գործնական նպատակ:
– Այդ մղումը միշտ է եղել՝ դեռ մանուկ օրերից, բայց զարմանալի մի ամառ ունեցա, որին չէի սպասում: Անսպասելի հնարավորությունները բացվեցին նախ՝ դեպի Կիլիկիա, հետո՝ դեպի Անի, Վան, երրորդը՝ Թբիլիսի, չորրորդը՝ Իրան: Ինչ վերաբերում է հումք կուտակելուն, հետևում եմ Աստծո պատվիրանին, որ ոչինչ կուտակել պետք չէ, և պետք չէ մտածել վաղվա օրվա մասին, բայց մեկ էլ տեսնում ես, որ այդ կուտակումներն արդեն վաղուց դրել էին իրենց հենասյուները, և քեզ քիչ բան է մնում անել՝ աշխատել ու վայելել աշխատանքի բերկրանքը:
– Ձեր «Րաֆֆու ոտնահետքերով» գիրքը գեղարվեստական գրականության և գրականագիտության միջակայքում հյուսված երկ է: Ամեն դեպքում այն վեր է հանում Րաֆֆու ավանդած դասերի համակողմանիությունը: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Տեսնու՞մ եք այդ դասերի արդիականությունն այսօրյա անցուդարձերում:
– Ձեր նշած գրքում, անկախ իմ նպատակադրումներից, մի սկզբունք մշակվեց, որն էլ հենց կարծում եմ գրքի կարևորագույն իմաստն է: Գրքի գրեթե բոլոր էսսեներում համադրված են Րաֆֆու և մեր ժամանակները: Մի քանի անգամ ընդգծվում է Րաֆֆու մարգարե լինելու հանգամանքը, որը դեռ իր ժամանակակիցներն էին նկատել, երբ դեռ իրականություն պետք է դառնային նրա մարգարեությունները: Վաճառականության, բարեգործների, ուսանողության, երիտասարդության, հայ կնոջ, քրդերի ու հայերի հարաբերությունների, նույնիսկ թուրքերի ու քրդերի կողմից հայերի բնաջնջման մասին նրա դատողություններն ընդհանուր գծերով մնում են արդիական, քանի որ մենք՝ որպես ազգ, մնում ենք նույն հատկանիշների կրողը, ինչպես հազարավոր տարիներ առաջ, այնպես էլ այժմ, և մեր հարևաններն էլ արդեն հարյուրամյակներով մնացել են նույնը: ՈՒզում եմ մի մեջբերում անել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» էսսեից, որը հաստատումն է Ձեր՝ պատմությունը կրկնվելու մասին հարցի: «Որքան Րաֆֆուն հիացնում են ու հզոր են վեհանձնությամբ, քաջությամբ, հայրենասիրական գաղափարներով տոգորված ռազմիկ հերոսները, նույնքան անողոք է նա հայրենիքի դավաճանների հանդեպ: Նա չի զլանում մատնացույց անել օտար կամ ներքին թշնամու ուժը, անկոտրում, իր սխալների մեջ խելահեղությունների հասնող կամքը և միշտ շեշտադրում է այն փաստը, թե ի՛նչ ավերների է ընդունակ հատկապես ներքին թշնամին, որ հանուն իր փառքի մոռանում է երկրի շահը: Րաֆֆու պատերազմական կերպարների պատկերասրահում նրանք հաճախ խաբեբայության, ոճրագործության, դավաճանության, հայրենիքի բախտը աճուրդի հանելու գլուխգործոցներ են ներկայացնում: Տոլստոյի գործերում, բացի Աննա Կարենինայից, այլ «դավաճանի» դժվար է հանդիպել, բայց Րաֆֆու անողոք մերկացումներից առաջ եկավ հայ ժողովրդի ազատագրական պայքարը, իսկ պացիֆիստ Տոլստոյի մահվանից քիչ անց սկսվեցին Ռուսաստանի դժնդակ ժամանակները:
Եվ միայն զարմանք կարող ես ապրել՝ իմանալով, որ այսօր մեր հայրենիքի բախտի հետ խաղացողների հայրերն ու պապերը հաստատ կարդացել են Րաֆֆու տված այս հանճարեղության չափ պարզ դասերը և ամեն անգամ ամոթահար են եղել իրենց անարժան նախնիների գործած սխալների համար»:
Չեմ դադարում զարմանալուց, թե համալսարանավարտ, քիչ թե շատ հայոց պատմություն կարդացած մարդիկ ոնց են թույլ տալիս, որ մթագնի իրենց ուղեղը, ո՞նց են մոռանում Րաֆֆու ու մեր պատմության տված դասերը:
– Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու, պատմության ո՞ր շրջափուլի կրկնության ժամանակակիցը կցանկանայիք լինել:
– Եթե հնարավորություն ունենամ ու գրեթե անիրագործելի չեմ տեսնում իմ այս երազանքը, կուզենայի ապրել այն ժամանակներում, երբ հայ գյուղացին սիրով վարում է իր հողը, հայ մտավորականը իրացնում է իր հանճարի ներուժը, երբ արհեստավորն ու բեռնակիրը իրենց վաստակից գոհ երեկոյան լեցուն պայուսակով մտնում են իրենց տունը, երբ Գյումրին ու Սպիտակը ոչ թե «աղետի գոտի», այլ «աղետյալ գոտի» են կոչվելու: Զարմանալիորեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս երկու բառակապակցությունների միջև եղած մեծ տարբերությանը: Եվ, իհարկե, քանի որ մեր պատմության շրջափուլերում ունեցել ենք մեծ Հայաստան, կուզեի այն փուլի ականատեսը լինել, երբ մեր պապերի հողում հայերս կճամփորդենք որպես երկրի տերեր: Թեև ասեմ, որ իմ ճամփորդելու ընթացքում հենց այդպես էլ զգում էի՝ այս վայրերի տեր, որին ծառայում և սպասարկում են նրանք, որ կարծում են, թե իրենցն է երկիրը:
– Ձեր գրականության մեջ կրթված, մտածող տեսակին պատկանող կերպարների պակաս չկա: Այդ տեսակի մարդկանց պակաս զգու՞մ եք իրական կյանքում:
– Ես միշտ ասում եմ, որ գրողը՝ թույլ լինի, թե ուժեղ, ոչ մի բան այնքան լավ չգիտի, որքան իր ժամանակաշրջանը: Եվ իր գրչով ոչ մի բան չի կարող այնքան լավ արտացոլել, որքան իրեն շրջապատող մարդկանց, իր միջավայրը: Իմ բախտը բերել է՝ շրջապատված եմ մեր ժամանակի ամենակրթյալ, ամենահայրենասեր, ամենամարդասեր, ամենանվիրյալ մարդկանցով: Իմ ընկերներից նույնիսկ նրանք, որոնց ճակատագիրը տարել է այլ երկրներ, մինչև ուղնուծուծը նվիրված են իրենց պուճուրիկ, բայց չքնաղ հայրենիքին: Սա, իհարկե, ինձ չի խանգարում տեսնել ո՛չ ուսյալներին, ո՛չ ողջամիտներին, ո՛չ հեռատեսներին, ո՛չ էգոիստներին, ո՛չ դավաճաններին, ո՛չ սրիկաներին, ո՛չ ճղճիմներին, ո՛չ էլ անհույս կորածներին: Աղոթում եմ և՛ առաջինների, և՛ վերջինների համար:
– Գյումրին չի լքում Ձեր ստեղծագործական տարածքը: Վկայությունը նաև վերջին՝ «Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ» վիպակն է, որ դեռ ամբողջությամբ չի հասել ընթերցող լայն շրջանակին: Հիմա, երբ Գյումրին շտկում է մեջքը և աղետի գոտուց վերածվում զբոսաշրջային, մշակութային միջավայրի, մտածու՞մ եք այս ենթատեքստով ներկայացնել քաղաքը հետագա ստեղծագործություններում:
– Որքան էլ որ երբեմն անհաճո լույսի տակ են ներկայանում իմ գյումրեցի հերոսներն ու հերոսուհիները, ու դրանով հաճախ արժանանում են հենց գյումրեցիների քննադատությանը, նրանցից մեկն եմ, որ երազում են մեր հայրաքաղաքը տեսնել իր անչափելի բարության ներուժով արթնացած ու գործուն և այս հզոր էներգետիկա ունեցող ոտքի տակի հողը տեսնել որպես մի ծաղկառատ ու բուսառատ պարտեզ, և որ աշխարհի տարբեր ծայրերում իրենց մարգարիտները շաղ տվող գյումրեցիները վերադառնան ու վայելեն այս ծաղկաստանը: Արդեն ասացի, որ նախագծերով ու ծրագրերով առաջնորդվելն ինձ մոտ լավ չի ստացվում: Բայց կուզենայի այնպիսի գործեր ստեղծել, որ միայն լավատեսություն հաղորդեին ընթերցողին: Ինձ համար շատ ծանր է տեսնել, թե ինչ է կատարվում մեր գրեթե բոլոր հեռուստասերիալներում: Թեկուզ հպանցիկ՝ ալիքների վրայով սահելիս տեսնում ես, որ այդ «կերպարների» մեջ չկա մեկը, որ իր բառերով կամ վարքագծով չնսեմացնի մեր ժամանակակցին: Արդեն սկսել են երեխաներին էլ մասնակից դարձնել այս համաժողովրդական իդիոտիզմին: «Ոսկե դպրոցից», մեր դպրոցը խաղք ու խայտառակ անող սերիալից դեռ չպրծած՝ անցանք «Դեպի ճամբար» անհեթեթ, զզվելիության չափ անգրագետ, հիմարության մեջ չափ ու սահման չունեցող ջոկատավարներին: Աննորմալների մի զազրելի հավաքածո է «Ազիզյաններ» սերիալը, որը փորձում է ամեն գնով գտնել հեռուստադիտողի ամենաթույլ, քնած, գռեհիկ բջիջները, արթնացնել դրանք ու հրճվանք պատճառել հենց այդ նսեմ բնազդակիրներին… Եվ այս ամենը տևական է՝ ամիսներ, տարիներ, սերիալ…
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ