Դիվանագիտական աղմուկ` Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ
Նմանատիպ
Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական աղմուկ է առաջացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, աղմուկի պատճառը Բաքվում Պակիստանի դեսպանատան գտնվելու վայրի շուրջ առաջացած վեճն է:
Թերթին հասած տեղեկություններով’ այն հողատարածքը, որտեղ գտնվում է Պակիստանի դեսպանատունը, պատկանում է Ադրբեջանի քաղաքացի Ջալիլա Մահեռամովային, ով 2002 թ. կնքված պայմանագրով հողատարածքը 99 տարով վարձակալության է տվել Պակիստանի դեսպանատանը: Ադրբեջանում Պակիստանի դեսպան Ֆայիզ Մոհամեդ Հոսոն 10 տարի շարունակ չի վճարել Մահեռամովայի հետ նոտարով հաստատված պայմանագրով նախատեսված վարձավճարը: Ամեն անգամ նա Մահեռամովային վստահեցրել է, թե ամբողջ գումարը կվճարի միանգամից: Հոգնելով դեսպանի դատարկ խոստումներից’ Ջալիլա Մահեռամովան դիմել է Բաքվի Նարիմանովի շրջանի դատարան: Դատարանն ամբողջ գումարը վճարելու եւ տարածքն ազատելու մասին վճիռ է կայացրել: Դեսպանատունը դատարանի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: Այժմ գործով զբաղվում է Վճռաբեկ դատարանի դատավոր Մեհդի Ասադովը:
Թերթը գրում է, որ խնդրի մասին տեղյակ է նաեւ Պակիստանի կառավարությունը: Նույնիսկ դրա հետ կապված Իսլամաբադը խիստ տոնով խոսակցություն է ունեցել Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշգըն Շիքարովի հետ: Նրան զգուշացվել է, որ եթե այդ խնդիրը լուծում չստանա, նման խնդիր կծագի նաեւ Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան առջեւ:
Ջալիլա Մահեռամովայի փաստաբան Ադեմ Մամեդովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ հիշյալ տարածքն իր պաշտպանյալին պատկանելու եւ այն Պակիստանի դեսպանատան կողմից վարձակալվելու մասին հաստատող փաստաթղթերն առկա են, եւ օրենքն իրենց կողմն է: «Մեզ բոլորովին չեն հետաքրքրում խնդրի մյուս կողմերը: Ջալիլա Մահեռամովան պահանջում է վճարել իր հասանելիք գումարը եւ վերադարձնել վարձակալության տված իր անշարժ գույքը: Դատարանն էլ, դրա հետ կապված, արդարացի վճիռ է ընդունել», -ասել է փաստաբանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում